Ալֆրեդ Վեգեներ
Ալֆրեդ Լոթար Վեգեներ (գերմ.՝ Alfred Lothar Wegener, նոյեմբերի 1, 1880[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն - նոյեմբեր 1930[2], Գրենլանդիա, Դանիա[4]), գերմանացի երկրաֆիզիկոս և օդերևութաբան, մայրցամաքների տեղաշարժի տեսության հիմնադիր, Գրացի համալսարանի պրոֆեսոր (1924)։ Եղել է Գրենլանդիան ուսումնասիրող արշավախմբերի մասնակից (1906—1908, 1912—1913) և ղեկավար (1929—1930):
Ալֆրեդ Վեգեներ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1880[1][2][3][…] Բեռլին, Գերմանական կայսրություն |
Մահացել է | նոյեմբեր 1930[2] Գրենլանդիա, Դանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն |
Մասնագիտություն | երկրաբան, ճանապարհորդ հետազոտող, աստղագետ, օդերևութաբան, համալսարանի դասախոս, բևեռախույզ, ֆիզիկոս, աշխարհագրագետ, երկրաֆիզիկոս և կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | Տարտուի համալսարան, Մարբուրգի համալսարան և Գրացի համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա և Schwarzburgbund? |
Ալմա մատեր | HU Berlin[5] և Köllnisches Gymnasium? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][6] |
Գիտական ղեկավար | Julius Bauschinger?[5] և Վիլհելմ Ֆորեստեր[5] |
Եղել է գիտական ղեկավար | Bruno Eckardt? և Simon Kahlke?[5] |
Հայտնի աշակերտներ | Walter Findeisen? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Else Köppen? |
Ստորագրություն | |
Alfred Wegener Վիքիպահեստում |
Նրա մայրցամաքների տեղաշարժի տեսության վարկածը չի ընդունվել հիմնական երկրաբանության կողմից մինչև 1950-ական թվականները, երբ պալեոմագնիսականության հայտնագործությունը հաստատել է մայրցամաքային շեղումը և, հետևաբար, էական հիմք է հանդիսացել մայրցամաքների տեկտոնիկայի այսօրվա մոդելի համար [7] [8]:
Վեգեները ներգրավված էր մի քանի արշավների մեջ դեպի Գրենլանդիա՝ ուսումնասիրելու բևեռային օդի շրջանառությունը, նախքան ռեակտիվ հոսքի գոյությունն ընդունվելը։ Արշավախմբի մասնակիցները բազմաթիվ օդերևութաբանական դիտարկումներ կատարեցին և առաջինն էին, ովքեր ձմեռեցին Գրենլանդիայի սառցաշերտի վրա և ովքեր սառցե միջուկներ փորեցին Արկտիկայի շարժվող սառցադաշտերից մեկի վրա:
Կենսագրություն
խմբագրելԱլֆրեդ Վեգեները ծնվել է 1880 թվականի նոյեմբերի 1-ին Բեռլինի կենտրոնում, հայտնի գիտնականի ընտանիքում։ Արդեն մանկության տարիներին գիտության հանդեպ ցուցաբերելով մեծ ձգտում՝ նա եղբոր հետ չափել է լճի խորությունը և գծել է տեղանքի քարտեզը։
Ալֆրեդը հաճախել է Բեռլինի «Քյոլն» գիմնազիա։ Նրա սիրելի առարկաներն էին ֆիզիկան և քիմիան։ Բացի դրանից՝ ապագա երկրաբանն ու ճանապարհորդը ակտիվ զբաղվել է սպորտով։ Նրա երազանքն էր դառնալ աստղագետ։ 1899 թվականին նա դպրոցն ավարտել է դասարանում լավագույն գնահատականներով և ընդունվել է Բեռլինի Ֆրեդերիխ Վիլհելմի անվան համալսարան, որտեղ նա սովորել է մաթեմատիկա, աստղագիտություն և օդերևութաբանություն։ Երկրորդ կիսամյակում Վեգեները տեղափոխվել է Հայդելբերգի համալսարան, բայց չի հաճախել ոչ մի դասախոսության՝ նախապատվությունը տալով սուսերամարտին և գարեջրին։ Դրանից հետո նա վերադարձել է Բեռլին և նվիրվել է գիտությանը։ Ատենախոսության ավարտից հետո Ալֆրեդ Վեգեները 1904 թվականի նոյեմբերի 24-ին Բեռլինի համալսարանում հանձնել է քննությունը բարձրագույն գնահատականով («magna cum laude»), իսկ 1905 թվականի մարտի 4-ին ատենախոսությունը հաջողությամբ պաշտպանելուց հետո որպես «ամբողջականության և քրտնաջան աշխատանքի գնահատելի օրինակ» (sagacitalis et industrial specimen laudabile")` նրան շնորհվել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[9]։
Ուսումնառությունն ավարտելուց հետո Ալֆրեդ Վեգեները եղբոր հետ աշխատել է Բեռլինի ավիացիոն աստղադիտարանում, որտեղ նա իրականացրել է օդերևութաբանական հետազոտություններ՝ թռչելով օդապարիկով։ Երիտասարդ գիտնականի համար թռիչքները դառնում են մեծ կիրք։ 1906 թվական եղբայրներին հաջողվում է սահմանել համաշխարհային ռեկորդ. նրանք օդապարիկով օդում անցկացրել են 52 ժամ՝ նախորդ ռեկորդակիրներից 17 ժամով ավելի։ Թռիչքների ժամանակ ի հայտ են եկել Վեգեների երկու գլխավոր հատկությունները՝ կիրքն ու երկաթե կամքը։
1906-1907 թվականներին Վեգեները՝ որպես օդերևութաբան, մասնակցել է դեպի Գրենլանդիա կատարած իր առաջին ուղևորությանը։ Վերադառնալով Գերմանիա՝ Վեգեները դարձել է Մարբուրգյան համալսարանի դոցենտ։
1911 թվականին նա նշանվել է Էլիզե Կյոպենի՝ իր ավագ ընկերոջ և հայտնի գիտնական Վլադիմիր Կյոպենի քրոջ հետ, իսկ 1913 թվականին՝ Գրենլանդիայի երկրորդ արշավախմբից վերադառնալուց հետո, ամուսնացել է նրա հետ։ Երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Մարբուրգ։ Բայց արդեն 1914 թվականին սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը. Ալֆրեդը զորակոչվել է բանակ և ուղարկվել ռազմաճակատ։ Ձեռքից վիրավորվելով՝ նա ժամանել է տուն, բայց երկու շաբաթ անց վերադարձել է ռազմաճակատ, որտեղ 1915 թվականին կրկին վիրավորվել է՝ այս անգամ պարանոցի շրջանում։
Վիրավորվելու պատճառով զորացրվելով՝ նա վերադարձել է տուն, որտեղ գրել է իր հայտնի «Մայրցամաքների և օվկիանոսների ծագումը» գիրքը։ Պատերազմից հետո նա դարձել է Համբուրգի ծովային աստղադիտարանի տեսական օդերևութաբանության բաժնի վարիչ, որտեղ գրել է «Հին ժամանակների կլիման» գիրքը։ 1924 թվականին Վեգեները զբաղեցրել է Գրացի համալսարանի պրոֆեսորի պաշտոնը, որտեղ նրա տեսության շատ համակիրներ կային։ Չնայած ընտանեկան և հասարակական լավ վիճակին՝ գիտնականը սկսել է պատրաստվել Գրելանդիայի սառույցների վրա երկարատև ձմեռմանը, որը նրա համար ճակատագրական է դարձել։
Վեգեներների ընտանիքում ծնվել են երեք դուստր. Հիլդան (1914-1936), Սոֆի-Քաթին (1918), Հաննա-Շառլոտան (Լոտա, 1920-1989)։ Սոֆի-Քաթին 1939 թվականին ամուսնացել է Շտիրիա նահանգի գաուլյայտեր Զիգֆրիդ Ուայբերրայթխերի հետ։ Հաննա-Շառլոտան ամուսնացած է եղել ալպինիստ և գրող Հենրիխ Հարերի հետ։
Արշավախմբերը Գրենլանդիա
խմբագրելԱռաջին արշավախումբ (1906-1907)
խմբագրել1906 թվականին Վեգեները որպես օդերևութաբան մասնակցել է դեպի Գրենլանդիա կատարված ճանապարհորդությանը։ Բևեռախույզ և գրող Լյուդովիկոս Մուլիուս-Էրիկսենի գլխավորությամբ 12 գիտնականից, մեկ նկարչից և 13 նավաստիներից կազմված արշավախմբի նպատակն էր հետազոտել Գրենլանդիայի հյուսիսային ափը։ Վեգեները սիրահարվել է Գրենլանդիայի սառցային բնության գեղեցկությանը և կապել է իր կյանքն այս շրջանի հետ։ Ճանապարհորդությունը ձգվել է համարյա երկու տարի, գիտնականները պայքարել են դաժան բնության և միայնության դեմ, բայց երիտասարդ գիտնականը համառորեն շարունակել է իր հետազոտությունները մթնոլորտի վերին շերտերի ֆիզիկայի և եղանակի վերաբերյալ։ 1907 թվականի մարտին Վեգեները Մուլիուս-Էրիկսենի Հագենի, Բրոնլունդի հետ մասնակցել է ուսումնական հետազոտության երկրի ավելի հյուսիսային մասում։ Այն ժամանակ, երբ Վեգեները ըստ պլանի մայիսին վերադարձել է բազա, մնացածները շարունակել են իրենց ուղևորությունը։ Երեք գիտնականները այլևս երբեք չեն վերադարձել բազա։
Երկրորդ արշավախումբ (1912-1913)
խմբագրելԵրբ Յոհան Կոխը՝ առաջին ճանապարհորդության ժամանակ Վեգեների ուղեկիցը, առաջարկել է նրան մասնակցել երկրորդ ուղևորությանը, գիտնականը համաձայնել է և հետաձգել է հարսանիքը մինչև 1913 թվականը։ 1912 թվականի հուլիսին Վեգեները, Կոխը և նրանց երկու օգնականը իսլանդական 16 պոնիների հետ վայրէջք են կատարել Գրենլանդիայում, որտեղ սեպտեմբերին հասել են ճամբարի համար հարմար տարածքներ և պատրաստվել են այնտեղ ձմեռելուն։ Հետազոտական ուղևորության ընթացքում Վեգեները անհաջող ընկել է սառույցի վրա, ինչի հետևանքով երկար ժամանակ գամվել է անկողնուն և շատ է տառապել իր անօգնականությունից։ Վեգեների ապաքինվելուց հետո չորս հետազոտողներն աշխարհում առաջինն էին, որ անցկացրել են ձմեռը Գրենլանդիայի հավերժական սառույցների վրա՝ -45 աստիճանից ցածր ջերմաստիճաններում։ Դրանից հետո խումբն առաջին անգամ հատել է Գրենլանդիան նրա ամենալայն տեղամասով։ Ճանապարհորդությունը ծայրաստիճան ծանր էր. սովի պատճառով ճանապարհորդները ստիպված սպանել են վերջին ձիերին և շանը, իսկ իրենց վերջույթները սևացել են ցրտից։
Երրորդ արշավախումբ (1929-1930)
խմբագրել1929 թվականին Վեգեները սկսել է պատրաստվել երրորդ և ամենամեծ արշավին։ 1930 թվականին Վեգեները ժամանել է Գրենլանդիա, բայց անմիջապես ափ իջնելուց հետո սկսվել են խնդիրները։ Այսբերգները փակել են դեպի ցամաք տանող ճանապարհը, որի պատճառով կորցրել են շատ կարևոր վեց շաբաթ։
Հատուկ արշավի համար մշակվել էին նոր շարժաթևային շարժիչներով սահնակներ, բայց շուտով ափ իջնելուց հետո պարզվել է, որ դրանք չափազանց փոքր հզորություն ունեն այդքան երկար հեռավորություն հաղթահարելու համար։ Հապճեպ ձևավորված շնասահնակները տարել են արշավախումբը 400 կմ ցամաքի խորքը՝ դեպի Այսմիթե կայան, բայց մոտալուտ ձմեռով պայմանավորված վատ եղանակը դանդաղեցրել է առաջընթացը։ Բացի այդ՝ ճանապարհին սառույցը լի էր ճաքերով և խորքային հորերով, որի պատճառով ստիպված էին ճանապարհին թողնել արժեքավոր բեռի մեծ մասը։ Հոկտեմբերի 30-ին արշավախումբը հասել է կայան, որտեղ նոյեմբերի մեկին նշել են Վեգեների հիսունամյակը։ Հենց նույն օրը Վեգեները օգնականի հետ մեկնել է 400 կմ հեռավորության վրա գտնվող Արևմտյան կայան՝ ունենալով իր հետ 17 շուն, երկու սայլ, 135 կգ սնունդ և տնտեսական ապրանքներ, մեկ բանկա կերոսին։ Բայց ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ուղեկիցը չեն հասել կայան։ Քանի որ առաջին կայանում հավատացած էին, որ ճանապարհորդները հաջողությամբ հասել էին երկրորդ կայան, իսկ երկրորդում հավատացած էին, որ մնացել են առաջին կայանում, ոչ ոք չէր մտածում դժբախտության մասին։ Միայն 1931 թվականի մարտին, երբ Արևմտյան կայանի թիմը եկել է Այսմիթե կայան, հասկացել են, որ դժբախտություն է տեղի ունեցել։ Ճանապարհի 285-րդ կիլոմետրի վրա որոնման թիմը գտել է Վեգեների սայլը, իսկ նրանից 66 կմ հեռավորության վրա գտել են Վեգեների մնացորդները։ Նրա ուղեկցի մարմինը չի հաջողվել գտնել։
Մայրցամաքների դրեյֆի տեսություն
խմբագրելԵրբ Վեգեները վերադարձել է Գրենլանդիա կատարած իր երկրորդ արշավից, նա մի փայլուն գաղափար է հղացել։ 1912 թվականի հունվարին նա հանրությանն է ներկայացրել իր տեսությունը. մայրցամաքները հանդիսանում են անկախ սալեր, որոնք ավելի թեթև են՝ համեմատած երկրի ընդերքի ավելի խորքային շերտերի հետ։ Դրա պատճառով դրանք կարող են լողացող սառույցների պես շարժվել երկրակեղևի վրայով։ Պատմության ընթացքում մայրցամաքները փոխել են իրենց դիրքը և դեռ շարժվում են։ Այսպես, Աֆրիկա մայրցամաքը «սողում» է Եվրասիական սալի տակ՝ առաջացնելով Ալպերը։ Մինչ Վեգեներն արդեն շատ հայտնի գիտնականներ այդպիսի մտքեր արտահայտել էին, օրինակ Ալեքսանդր Հումբոլդտը կամ Եվգրաֆ Բիխանովը, բայց չէին կարողացել մշակել տեսությունը։ Վեգեները իր տեսության օգտին գտել էր բազմաթիվ ապացույցներ։ Օրինակ, Աֆրիկայի արևմտյան ափերը հիանալի համընկնում են Հարավային Ամերիկայի արևելյան ափերի հետ, իսկ Եվրոպայի ֆլորան և ֆաունան ինչպես կենդանի այնպես էլ մահացած ծայրաստիճան նման են, չնայած նրանց միջև տարածությունը 5.000 կիլոմետրից ավելի է։ Չնայած բազմաթիվ ապացույցներին՝ տեսությունն ունեցել է շատ հակառակորդներ։ Դա բացատրվում է նրանով, որ Վեգեներն այդպես էլ չէր կարողացել բացատրել մայրցամաքները շարժման մղող մեխանիզմները։ 1930-1940-ական թվականներին այդպիսի բացատրություն տվել է շոտլանդացի երկրաբան Արթուր Հոլմսը (1890-1965)։ Նա ենթադրել է, որ մայրցամաքները շարժման մեջ դնող ուժեր կարող էին դառնալ նյութերի հոսքերը, որոնք կատարվում են միջնապատյանում և նրանց շարժման մեջ է դնում մակերևույթի և Երկրի միջուկի միջև ջերմաստիճանների տարբերությունը։ Այդ ջերմաստիճաններում տաք հոսքերը բարձրանում են վեր, իսկ ցուրտ հոսանքներըերը իջնում են ներքև. տեղի է ունենում կոնվեկցիա։
Պահանջվել է ևս կես դար, որպեսզի 1960-ական թվականների վերջին պատկերացումները երկրակեղևի խոշոր շարժումների վերաբերյալ վարկածից վերածվեին մանրամասն տեսության՝ սալերի տեղաշարժի մասին ուսմունքի։ Հիմա արբանյակներից իրականացված նկարահանումների և համակարգչային վերլուծությունների միջոցով կարելի է հաշվարկել՝ ինչպիսի տեսք է ունեցել Երկիրը հարյուր միլիոն տարի առաջ, և ինչ տեսք կունենա այն ապագայում։ Յուրայի ժամանակաշրջանի սկզբում բոլոր մայրցամաքները միասին կազմել էին մեկ միասնական Պանգեա մայրցամաքը և միայն հետո բաժանվել են և զբաղեցրել իրենց ներկայիս տեղերը։
Մթնոլորտի թերմոդինամիկա և գեոկորոնի վարկած
խմբագրելՎեգեները հանդիսացել է իր ժամանակի ամենահեղինակավոր օդերևութաբաններից մեկը Եվրոպայում և ամբողջ աշխարհում, հատկապես մթնոլորտային ֆիզիկայի հետազոտողների շրջանում, և մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության առաջավորը։ Վեգեները մեծ ավանդ է ունեցել տորնադոների և մթնոլորտում օպտիկական որոշ երևույթների ուսումնասիրման գործում, ինչպիսիք են հալոն, միրաժները և այլն։ Վեգեների կողմից հրապարակվել են ուսումնական մի շարք ուղեցույցներ, գիտական մենագրությունների շարք և հարյուրից ավելի այլ աշխատանքներ՝ նվիրված օդերևութաբանության տարբեր հարցերի։ Նրա առավել հայտնի աշխատանքներից է դարձել «Մթնոլորտի թերմոդինամիկան», որը լույս է տեսել 1911 թվականին և հետագայում վերամշակվել է հեղինակի կողմից (ռուսերենով հրատարակվել է 1935 թվականին)։
Հեղինակն առաջին փորձերն է կատարել տալու ֆիզիկական հիմնավորում այն երևույթներին, որոնցից կախված է եղանակը։ Գրքում հատուկ տեղ են զբաղեցնում Երկրի մթնոլորտի շերտավոր կառուցվածքի վերաբերյալ գաղափարները։ Այդ ժամանակ համեմատաբար ուսումնասիրված են եղել մթնոլորտի միայն ներքին շերտերը՝ ներքնոլորտն ու վերնոլորտը։ «Մթնոլորտի ուղղահայաց կտրվածքի շատ թե քիչ ամբողջական պատկեր հաջողվել է ստանալ միայն վերջերս, ավելին՝ այս նկարի որոշ մասեր հիմա ևս պետք է դիտարկել որպես հիպոթեզային»,- գրել է Վեգեները[10]։ Ուսումնասիրելով բևեռափայլերի սպեկտորալ վերլուծությունը՝ նա համարձակ ենթադություններ է արել մթնոլորտի վերին շերտերի քիմիական բաղադրության վերաբերյալ։
Դեռևս 1869 թվականին արևի պսակի սպեկտորում հայտնաբերվել էր ցածր ինտենսիվության ճառագայթման կանաչ գիծ՝ 530,3 նմ ալիքի երկարությամբ։ Քանի որ այդ գիծը չէր համապատասխանել այն ժամանակներում հայտնի տարրերից ոչ մեկին, ենթադրություն էր արվել Արեգակի վրա նոր քիմիական տարրի հայտնաբերման վերաբերյալ, որն անվանվել էր կորոնիում[11]։ Հյուսիսափայլի սպեկտորում ֆիզիկոսները գտել էին ուրիշ պայծառ կանաչ գիծ՝ 557,7 նմ ալիքի երկարությամբ։ Վեգեներն առաջ է քաշել այն ենթադրությունը, որ դա պայմանավորված է Երկրի մթնորոտում 200 կմ բարձրության վրա հիպոթետիկ քիմիական տարրի պարունակությամբ, որը նրա կողմից անվանվել էր գեոկորոն։ Ըստ Վեգեների՝ այդ գազն ունի շատ փոքր խտություն, առկա է մթնոլորտի ստորին հատվածներում աննշան քանակությամբ, բայց վերին շերտերում նրա հարաբերական քանակությունը խիտ աճում է՝ շնորհիվ իր փոքր զանգվածի։ Վեգեները գտնում էր, որ 100 կիլոմետրից բարձր գեոկորոնը հանդիսանում է մթնոլորտի մաս և անընդհատ կորչում է համաշխարհային տարածության մեջ։ Այս վարկածը շուտով ժխտվել է. պարզվել է, որ վերևում հիշատակված «գեոկորոնի» կանաչ գիծը պատկանում է ատոմային թթվածնի սպեկտորին։
Գրենլանդիայի վերջին արշավախմբից առաջ Վեգեների առջև դրված հիմնական խնդիրը, որն արդեն իրականացվել է նրա մահից հետո, եղել էր միաժամանակյա կանոնավոր օդերևութաբանական դիտարկումների միջոցով Գրենլանդական սառցե վահանի արևմուտքում, կենտրոնում և արևելքում մթնոլորտի տարբեր շերտերի օդերևութաբանական պատկերի լրիվ պարզաբանումը, որոնք ամբողջ տարվա ընթացքում անցնում են այս հսկայական կղզու վրայով, և մասնավորապես նրա ներքին մասում գերակշռող հզոր անտիցիկլոնի ուսումնասիրությունը, որն էական ազդեցություն է ունեցել Եվրոպայի, Հյուսիսային Ատլանտիկայի և Հյուսիսային Ամերիկայի եղանակային պայմանների վրա, ինչպես նաև այն կարող էր հանդիսանալ որպես մոդել պալեոարկտիկական պայմանների վերծանման համար, որոնք գոյություն են ունեցել մայրցամաքային սառցադաշտերի վրա վաղ երկրաբանական անցյալի սառցե դարաշրջաններում։
Ճանաչում և հիշատակ
խմբագրել- Ալֆրեդ Վեգեների պատվին անվանվել է ինստիտուտ Բրեմերհաֆենում (Գերմանիա)։ Այդ ինստիուտին է պատկանում գիտահետազոտական հայտնի «Պոլարշտեռն» սառցահատը։
- Նրա պատվին անվանվել է խառնարան Լուսնի վրա, ինչպես նաև Մարսի և Պլուտոնի վրա։
- Ալֆրեդ Վեգեները պատկերված է ավստրալիական փոստային դրոշմանիշին (1980)։
- Ալֆրեդ Վեգեներին է նվիրված Արևմտյան Բեռլինի կողմից թողարկված փոստային դրոշմանիշը (1980)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Marburger Professorenkatalog — 2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Alfred Wegener — Alfred Wegener Institute for Polar and Marine Research.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
- ↑ Spaulding, Nancy E.; Namowitz, Samuel N. (2005). Earth Science. Boston: McDougal Littell. ISBN 0-618-11550-1.
- ↑ McIntyre, Michael; Eilers, H. Peter; Mairs, John (1991). Physical geography. New York: Wiley. p. 273. ISBN 0-471-62017-3
- ↑ Милановский Е. Е. Альфред Вегенер (1880—1930). — М.: Наука, 2000. — С. 23
- ↑ Вегенер А. Термодинамика атмосферы. - М.: Гл. ред. общ.-тех. лит., 1935. - 246 с.: ил.
- ↑ Cosmos Portal. «Solar Spectroscopy: Coronium». Cosmos Portal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
Գրականություն
խմբագրել- Кузнецова Л. И. Куда плывут материки. — М.: Географгиз, 1962. — 120 с.
- Милановский Е. Е. Альфред Вегенер (1880—1930) / Отв. ред. акад. А. Л. Яншин. — М.: Наука, 2000. — 240 с. — (Научно-биографическая литература). — 550 экз. — ISBN 5-02-002482-1
- Хал Хеллман Великие противостояния в науке. Десять самых захватывающих диспутов - Глава 8. Вегенер против всех: Континентальный дрейф = Great Feuds in Science: Ten of the Liveliest Disputes Ever. — М.: «Диалектика», 2007. — С. 320. — ISBN 0-471-35066-4
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Վեգեներ» հոդվածին։ |