Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Արսենաջրածին, արսին, AsH3, արսենի և ջրածնի միացությունը։ Անգույն, անհոտ, օդից ծանր (2,7 անգամ) գազ է, հալման ջերմաստիճանը՝ –113,5 °C, եռմանը՝ –62,4 °C։ Ուղեկցող խառնուրդների պատճառով սովորաբար ունի սխտորի հոտ։ Վատ է լուծվում ջրում։ Տաքացնելիս քայքայվում է (500 °C–ում լրիվ), անջատվող արսենը նստում է որպես հայելի։ Արսենաջրածինը լավ վերականգնիչ է, այրվում է օդում կապույտ բոցով։ Արսենաջրածինի մոլեկուլում ջրածնի ատոմները օրգանական ռադիկալներով տեղակալելիս ստացվում են արսեն օրգանական միացություններ։ Արսենաջրածինը կարելի է ստանալ արսենի միացությունների լուծույթը աղաթթվում ցինկով վերականգնելիս։ Արսենը ջրածնի հետ առաջացնում է նաև այլ միացություններ, որոնցից As2H4-ը անկայուն գազ է, իսկ (As2H)x-ը և AsH-ը ամորֆ փոշիներ են։ Արսենի մյուս միացությունների նման արսենաջրածինը ևս չափազանց թունավոր է։ Օրգանիզմ է ներթափանցում շնչառական ուղիներով, ապա անցնում արյան մեջ՝ առաջացնելով հեմոլիզ։ Վնասում է նյադային համակարգը և արտաթորող օրգանները։ Արսենաջրածինով թունավորումը հնարավոր է, երբ արսեն պարունակող մետաղները (Zn, Fe) մշակում են թթուներով։
Արսինը համարվում է ամենաուժեղ թույներից մեկը ոչ օրգանական թույների մեջ։ Մկնդեղի հետ միասին առավել թունավոր է դառնում։ Այն նույնիսկ ավելի թունավոր է որոշ օրգանական թույներից։ Իր ուժգնությամբ հավասար է ծարիրաջրածնին։ Արյան քայքայում է առաջացնում։ Օրգանիզմի վրա երկարատև և հաճախ ազդեցության ժամանակ կարող է չարորակ գոյացություններ առաջացնել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 113)։