Բիլ Քլինթոնի իմպիչմենտ
ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի փորձը (1998-1999) տեղի է ունեցել Մոնիկա Լևինսկու հետ սեռական սկանդալի և հետագա դատավարությունների հետևանքով, որոնք հիմք են ծառայել Քլինթոնին կեղծ վկայության և արդարադատությանը խոչընդոտելու մեջ մեղադրելու համար։
Բիլ Քլինթոն-Մոնիկա Լևինսկի սեռական սկանդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու քաղաքական, սեռական սկանդալը տեղի է ունեցել 1998 թվականին ԱՄՆ-ում։ Այն առաջացել է ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի և 25-ամյա պրակտիկանտ Մոնիկա Լևինսկու (պետության ղեկավարի աշխատասենյակում) միջև սեռական կապերի պատճառով։ Այդ մասին տեղեկությունը և հետագա հետաքննությունը հանգեցրել են 1998 թվականին Բիլ Քլինթոնի իմպիչմենտի փորձին, գործը հասել է Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը՝ կեղծ վկայության և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով[1]։
1995 թվականին Մոնիկա Լևինսկին որպես դիպլոմավորված մասնագետ, աշխատանքի է ընդունվել Սպիտակ տանը։ Մոնիկան սեռական հարաբերություն է ունեցել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ, որը տևել է 1995 թվականի նոյեմբերից մինչև 1997 թվականի մարտը (ընդհանուր առմամբ, ինչպես պնդում է Մոնիկան սեքսի 9 դեպք է եղել)[1]։
Այնուհետև նա Սպիտակ տունը թողել է Պենտագոնում աշխատելու համար և դադարել է շփվել նախագահի հետ։ Այս պատմության մասին Մոնիկան հայտնել է պաշտպանության բաժնի աշխատակից Լինդա Թրիփին, որը գաղտնի պահել է հեռախոսազրույցների ձայնագրությունները։ 1998 թվականի հունվարին հետաքննությանը ձեռնամուխ է եղել Քենեթ Սթարը, որը հետաքննում էր բազմաթիվ այլ քաղաքական սկանդալներ։ Սկանդալի մասին հաղորդումները հայտնվել են 1998 թվականի հունվարի 17-ին՝ ինտերնետային կայքերում, 1998 թվականի հունվարի 21-ին՝ Վաշինգտոն Փոստ թերթում[1]։
Հունվարի 26-ին նախագահ Քլինթոնը հայտարարել էր. «ես սեռական հարաբերություններ չեմ ունեցել այդ կնոջ՝ Միսս Լևինսկու հետ»[2]։ Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը սկանդալի ժամանակ հրապարակավ պաշտպանել է ամուսնուն և հայտարարել, որ այդ պատմությունը նախագահի դեմ աջ ուժերի դավադրություն է։ Հուլիսի 28-ին Լևինսկին երդման տակ ատենակալների դատարանում հայտարարել էր, որ սեռական հարաբերություններ է ունեցել Քլինթոնի հետ, ներառյալ օրալ սեքս, ինչը կարող էր հաստատվել իրեղեն ապացույցներով (տուժողի զգեստի վրա սերմնահեղուկի մնացորդներ)։ Օգոստոսի 17-ին Քլինթոնը դատարանում հայտարարել էր, որ «ինքը ֆիզիկական հարաբերություններ է ունեցել Լևինսկու հետ»։ Սակայն ավելի վաղ Պոլա Ջոնսի գործով դատական գործընթացում Քլինթոնը պնդել էր, որ ինքը Լևինսկու հետ սեռական հարաբերություններ չի ունեցել, ինչը հետագայում հիմք է ծառայել Քլինթոնին կեղծ վկայության մեջ մեղադրելու համար[1]։ Քլինթոնի պաշտպանությունը մատնանշել է «սեռական հարաբերություններ» հասկացության բացակայությունը։
Քվեարկություն Ներկայացուցիչների պալատում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը ընդունում է այն մեղադրանքները, որոնք Սենատը պետք է քննարկի որպես դատավորական կոլեգիա։ Սահմանադրությունը իմպիչմենտ է նախատեսում պետական դավաճանության, կաշառակերության, այլ հանցագործությունների և լուրջ զանցանքների դեպքում։ Հանրապետական պատգամավորները, որոնք մեծամասնություն էին կազմում Կոնգրեսի երկու պալատներում, հակված էին նրան, որ Քլինթոնն արժանի է իմպիչմենտի։ Նոյեմբերի 5-ին Քլինթոնին գրավոր հարցեր են ուղղվել, գործի լսումները սկսվել են նոյեմբերի 19-ին։ Քլինթոնի պատասխանից հետո քվեարկության է դրվել մեղադրանքի չորս կետ[1]․
- Կեղծ ցուցմունք դատարանում, 1998 թվականի օգոստոսի 17-ին։
- Կեղծ ցուցմունք դատարանում Պոլո Ջոնսի գործով, 1997 թվականի դեկտեմբերի 23-ին և 1998 թվականի հունվարի 17-ին։
- Պոլա Ջոնսի գործով արդարադատությանը խոչընդոտելը։
- Պաշտոնեական դիրքի չարաշահում։
Քվեարկությամբ հավանության է արժանացել մեղադրանքի առաջին կետը (228-206), մերժվել է երկրորդ կետը (205-229), հավանության է արժանացել երրորդ կետը (221-212), մերժվել է չորրորդ կետը (148-285)։ Դեկտեմբերի 19-ին Ներկայացուցիչների պալատը հավանության արժանացած մեղադրանքները ուղարկել էր Սենատ։ Սենատի նիստը նշանակվել է 1999 թվականի հունվարի 7-ին։
Քվեարկություն Սենատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեղծ վկայության մեջ մեղադրվելու կապակցությամբ 45 սենատորներ նախագահին մեղավոր են ճանաչել և 55 սենատորներ (45 դեմոկրատ և 10 հանրապետական)՝ անմեղ։ Արդարադատությանը խոչընդոտելու կապակցությամբ 50 սենատորներ հանդես են եկել Քլինթոնի (45 դեմոկրատ և 5 Հանրապետական) մեղավորության օգտին։ Երկու դեպքում էլ Քլինթոնին մեղավոր համար անհրաժեշտ էր ձայների երկու երրորդը (այսինքն՝ 67 սենատորների ձայները)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ««Моникагейт»». КоммерсантЪ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Bill Clinton-„I did not have sexual relations with that woman“ — YouTube