Jump to content

Գործվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գործվածքներ
Գործվածքներ

Գործվածքները պատրաստվում են մանրաթելերից, թելերից ու մանվածքներից. լինում են բամբակե, վուշե, բրդե և մետաքսե։ Հաստոցային գործվածքների արտաքին տեսքի և հատկությունների բարելավման համար դրանք սպիտակեցնում, ներկում կամ նախշում են։ Գործվածքները լինում են կենցաղային և տեխնիկական։

Կենցաղային գործվածքները բաժանվում են հագուստի (սպիտակեղեն, շրջազգեստ, կոստյում և այլն), գեղազարդային (կահույքի, վարագույրի և այլն), խոնավաներծծիչ (սրբիչ և անձեռոցիկ) տեսակների։ Այս տեսականու մեջ մեծ բաժին ունեն բամբակե, մետաքսե, վուշե և բրդե գործվածքները։

Բամբակե գործվածքներ են չիթը, բատիստը, մարկիզետը, սատինը, բյազը, բումազեն։ Բամբակե գործվածքները դեռևս մ.թ.ա. հայտնի են եղել Հնդկաստանում և Չինաստանում։ Հայկական լեռնաշխարհում նույնպես բամբակ մշակել են հնագույն ժամանակներից։ Այն մանել են իլիկներով, իսկ գործվածքները պատրաստել դազգահներով։ Բամբակե գործվածքների մեքենայական արտադրությունը սկսվել է Անգլիայում (առաջին ֆաբրիկան կառուցվել է Մանչեստրում 1781 թվականին

Մետաքսե գործվածքները պատրաստում են բնական մետաքսից կամ քիմիական մանրաթելերից։ Դրանք Չինաստանում պատրաստվել են դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Միջին Ասիայում, Իրանում, Կովկասում և Բյուզանդիայում մետաքսագործությունը հայտնի է դարձել 5-7-րդ դարերում։ Վաճառքի նպատակով մետաքսե գործվածքները Չինաստանից տարվել են Առաջավոր Ասիա, ապա՝ Եվրոպա, իսկ ճանապարհը, որով տեղափոխվել է մետաքսը, կոչվել է «Մետաքսի ճանապարհ»։ Այն, ի միջի այլոց, անցել է նաև Հայաստանով և գործել է մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 16-րդ դարը։ Հին Հայաստանում նույնպես մշակվել է բնական մետաքս, որից պատրաստված մետաքսաթելն ու մետաքսե գործվածքները եղել են գեղեցիկ, նուրբ, փափուկ, դիմացկուն։

Վուշե գործվածքները պատրաստում են վուշե մանվածքից և թելից։ Բամբակի կամ այլ թելեր օգտագործելու դեպքում գործվածքն անվանում են կիսավուշե։

Վուշե գործվածքները հիգիենային են, ունեն նուրբ փայլ, մեծ ամրություն և դիմացկունություն։ Վուշե գործվածքներ պատրաստել են Հնդկաստանում մոտ 9000 տարի առաջ, Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա.5-4-րդ հազարամյակներում։

Տարբերում են նաև բրդե (կամվոլային), նուրբ մահուդային և կոշտ մահուդային գործվածքներ։ Երբ բրդից բացի, բրդե մանվածքին խառնում են նաև բամբակի, վուշի, մետաքսի, ինչպես նաև արհեստական և սինթետիկ մանրաթելեր, գործվածքն անվանում են կիսաբրդե։

Տեխնիկական գործվածքները արդյունաբերության տարբեր ճյուղերի կարիքները բավարարելու և զանազան մեքենաների մասեր պատրաստելու նպատակով օգտագործվող գործվածքներն են։ Բամբակե գործվածքներն օգտագործվում են ավտոդողերի կորդեր, փոխակրիչների շարժափոկեր, կաշվի փոխարինիչ՝ կիրզա, զտիչ կտավներ պատրաստելու համար։ Վուշե գործվածքներից պատրաստում են բրեզենտներ, հրշեջ կաշեփողեր, բրդե գործվածքներից՝ միջադիրներ, զտիչներ, մետաքսե գործվածքներից՝ մաղեր, ասբեստե գործվածքներից՝ զտիչներ և հրակայուն շինվածքներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գործվածքներ» հոդվածին։