Հարձակում
Հարձակում, մարտական գործողությունների հիմնական տեսակը, նպատակն է՝ ջախջախել թշնամուն և գրավել կարևոր բնագծեր ու շրջաններ։ Իրականացվում է ցամաքում, ծովում և օդում մարտերի, ճակատամարտերի և օպերացիաների ձևով։ Հարձակման տարատեսակն է հակահարձակումը։ Հետապնդած նպատակի, ուժերի և միջոցների ընդգրկման առումով հարձակումը կարող է ունենալ ստրատեգիական, օպերատիվ կամ տակտիկական նշանակություն։ Հարձակման գործելակերպը շարունակ փոփոխվել է զենքի տեսակների զարգացման, զորքերի անձնակազմի և կազմակերպման որակական փոփոխման համեմատ, որն իր հերթին կախված է եղել հասարակության արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների վիճակից, պետության տնտեսական հնարավորություններից ու հասարակական-քաղաքական կարգից։ Հարձակման տեսությունն ու գործնականը բազմակողմանի զարգացան 1939-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ինչպես նաև ետպատերազմյան շրջանում՝ միջուկային զենքի ներդրման ու սովորական զինատեսակների հետագա կատարելագործման հիման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 308)։ |