Հերցոգ
Հերցոգ | |
---|---|
Dukes Վիքիպահեստում |
Հերցոգ (գերմաներեն՝ Herzog, ֆրանսերեն՝ duc, անգլերեն՝ duke, իտալերեն՝ duca, լատիներեն՝ dux-ից), հին գերմանացիների մոտ՝ ռազմական առաջնորդ, որն ընտրվում էր ցեղային ազնվականության կողմից։ Արևմտյան Եվրոպայում, վաղ Միջնադարի ժամանակաշրջանում՝ ցեղային իշխան, իսկ ֆեոդալական բաժանվածության ժամանակաշրջանում՝ խոշոր տարածքային տիրակալ, որը առաջին տեղն էր զբաղեցնում թագավորից հետո ֆեոդալական վասալային հիերարխիայում։
Ֆրանկական պետության ձևավորման և ընդլայնման հետ միասին գերմանական հերցոգները ձևափոխվեցին թագավորի պաշտոնատար անձանց, որոնց ենթարկվում էին առանձին շրջանների տիրակալները՝ կոմսերը։ Կարլոս Մեծ կայսրը (768-814 թվականներ), ցանկանալով վերջ դնել միջցեղային բախումներին, լուծարեց հերցոգյան իշխանությունը։
Հետագայում հերցոգյան իշխանության պատմությունը Եվրոպայի տարբեր երկրներում տարանջատվում է։
Գերմանիայում, որը փաստացի երբեք չի եղել միասնական պետություն, նորից առաջացան 5 խոշորագույն տարածաշրջաններ՝ ցեղային հերցոգություններ, որոնք ձևավորվել էին մոտավորապես նույն տարածքի վրա, որում Մութ դարերի սկզբում տարածվել էին նույնանուն գերմանական ցեղերը։ Դրանց առաջնորդ ցեղային հերցոգները ենթարկվում էին Գերմանիայի թագավորին և Հռոմեական Սրբազան կայսրության կայսրին առավելապես ձևականորեն և պարբերաբար վիճարկում էին միմյանց միջև կայսրության գահը զբաղեցնելու իրավունքը։
Ֆրանսիայում, որտեղ պետություն կայացման ժամանակաշրջանում, հերցոգները (սկզբնապես՝ չորսը, Աքվիտանյան, Բրետոնյան, Նորմանդական, Բուրգունդյան) դարձան ֆրանսիական գահի ամենախոշոր վասալները, սկզբնական շրջանում գերազանցելով թագավորին հզորությամբ և հարստությամբ և նաև ենթարկվելով նրան փաստացի ձևականորեն։ Ֆրանսիական թագավորները, որոշ դեպքերում հիմնավորված վախենալով իրենց խոշորագույն վասալներից, պահպանում էին նրանց բարեհաճությունը հիմնականում թագավորական և հերցոգյան ընտանիքի անդամների միջև ամուսնությունների միջոցով։ Ժամանակի ընթացքում թագավորական դոմենի աստիճանաբար ընդարձակման արդյունքում հնարավորություն առաջացավ դրա տարածքում բազմաթիվ կոմսային տիտղոսների ստեղծման համար, որոնցից շատերի կարգավիճակը Վալուա դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում բարձրացվեց մինչև հեցոգության աստիճանի։ Հերցոգության աստիճանի նաև բարձրացվեցին բազմաթիվ կոմսություններ, որոնք մտնում էին նախկին չորս մեծ հերցոգությունների կազմի մեջ՝ Աքվիտանիայի, Բրետանի, Նորմանդիայի, Բուրգունդիայի, այն չափով, որով դրանց տիրույթները աստիճանաբար միացվում էին գահին։
Այլ իրավիճակ ձևավորվեց Անգլիայում։ Նորմանդական նվաճման տարիներին բազմաթիվ բարձրաստիճան անգլոսաքսոնական ազնվականներ ընկան պատերազմի դաշտում։ Արդյունքում գահը զբաղեցրած Վիլհելմ Նվաճողի մոտ հնարավորություն առաջացավ ամբողջությամբ վերաձևավորել տարածքային տիրույթների համակարգը, բաժանելով հողերն իր աջակիցներին։ Սակայն մինչև Էդուարդ III թագավորի կառավարումը Անգլիայում հերցոգ տիտղոս գոյություն չի ունեցել։ Վիլհելմը և իր հետևորդներն իրենց վասալներին շնորհում էին հիմնականում բարոնի և կոմսի տիտղոսներ, որոնք սաքսոնական ձևով կոչվում էին «էրլ»։ Էդուարդ III-ի կառավարման սկզբից սկսած, ով ուներ բավական մեծաքանակ արական սեռի ժառանգներ, հերցոգի տիտղոսները հիմնվում են թագավորի կրտսեր որդիների համար, այդպես ծագեցին Յորքի, Կլարենսի հերցոգները, ավելի ուշ՝ Բեդֆորդի։ Ավագ որդու՝ Ուելսի արքայազնի, համար 1337 թվականին հիմնվում է Քորնուոլի հերցոգ տիտղոսը, որը գահաժառանգները կրում են մինչ այսօր։ Նաև Էդուարդի կառավարումից սկսած թագավորին առավել նվիրված այն ծառաների տիտղոսները, որոնք մինչ այդ ունեին կոմսի տիտղոս, բարձրացվում է մինչև հերցոգի։ Այդպես. համապատասխան կոմսային տիտղոսներից առաջանում են Լանկաստերի հերցոգները (1485 թվականից սկսած միշտ Լանկաստերի հերցոգ է հանդիսանում թագավորը), Կլարենսի, Նորտումբերլենդի և այլ հերցոգները։ Բրիտանիայի հերցոգային տիտղոսների մեծամասնությունը, որոնք գոյություն են ունեցել և հիմա էլ կան, իրենց առաջացմամբ պարտական են հենց թագավորի ողորմածությամբ նույնանուն կոմսերի բարձրացմանը։
Քանի որ ի սկզբանե անգլիական հերցոգի տիտղոսը կրում էր թագավորական նվիրատվության բնույթ, եզակի չէին այն դեպքերը, երբ թագավորը մեղսագործության համար կոնֆիսկացնում էր հերցոգի տիտղոսը գահի օգտին, իսկ հետո կարող էր իր հայեցողությամբ նորից շնորհել դա որևէ մեկին։ Երբեմն հերցոգի տիտղոսը անցնում էր գահին, եթե հերցոգը զբաղեցնում էր թագավորական գահը։ Մայրցամաքում, քանի որ հերցոգի տիտղոսն ուներ ալոիդալ բնույթ, հերցոգյան իշխանությունն ավելի ուժեղ էր և հեցոգության կոնֆիսկացիայի դեպքեր մինչև աբսոլյուտիզմի ժամանակաշրջանը լինում էին խիստ հազվադեպ։ Ֆրանսիայում հերցոգի տիտղոսները հիմնականում միավորվում էին գահի հետ հերցոգների որևէ մի ճյուղի կտրման արդյունքում (ինչպես Բուրգունդիայում Ավագ տան կտրումը), կամ անեքսիայի միջոցով, օգտվելով հերցոգի թուլությունից և նրա անճարությունից պաշտպանելու իր տիրույթները (ինչպես օրինակ Հովհաննես Անհողից Նորմանդիան խլելու դեպքում)։ Հերցոգների այն տիտղոսները, որոնք միավորվում էին ֆրանսիական գահի հետ, հետագայում սովորաբար նվիրվում էին իշխող միապետի որդիներին։ Հետագայում, Ֆրանսիայում աբսոլյուտիզմի ամրապնդման հետ միասին, հերցոգի տիտղոսն աստիճանաբար ձեռք բերեց պատվավոր շնորհի բնույթ, որ կապված չէր հողերի իրական տիրապետման հետ։
Անգլիայում հերցոգները կազմում էին արքայազունների երկրորդ դասը, որոնք անմիջականորեն հետևում էին թագավորական արյան արքայորդիներին, մարկիզներից առաջ։ Ամեն դեպքում, այժմ Բրիտանիայում գոյություն ունեցող հերցոգներից միայն Կորնուոլլի հերցոգի տիտղոսն է կապակցված հողերի իրական տիրապետման և այդ տարածքներում վարչական իրավունքների հետ։ Մյուս այլ հերցոգյան տիտղոսները, չհաշված Լանկաստերինը, որը կրում է ինքը միապետը, հանդիսանում են զուտ արարողակարգային։
Ավստրիան կայսերական արքայազուններին և արքայադուստրերին ընդգծելու նպատակով 1453 թվականին ներդրեց «էրցհերցոգ» տիտղոսը։
Գերմանիայում ինքնիշխան հերցոգները 1844 թվականից սկսած կրում է ին «Seine (Ihre) Hoheit» (Ձերդ Մեծություն) մակդիրը։ Տիրապետող և կախվածության մեջ գտնվող կայսերական իշխանները, որոնք որպես սուբսիդիար տիտղոս ունեին հերցոգի տիտղոս (Լիխտենշտեյնները, Շվարցենբերգները), ինչպես և մյուս բոլոր կայսերական իշխանները, 1825 թվականից սկսած կրում էին «Seine (Ihre) Durchlaucht» (Ձերդ Պայծառափայլություն) մակդիրը։ Հերցոգի տիտղոս ունեին նաև Վյուրտեմբերգյան թագավորական տան բոլոր արքայազունները, Վետինների Սաքսոնյան տան արքայորդիները (Էրնեստինյան ճյուղը), ինչպես նաև Վիտելսբախների բավարական իշխող տան կրտսեր ճյուղի գլխավորը։
Անգլիայում հերցոգները կրում են «His Grace The Most High, Noble and Potent Prince» (Ձերդ Ողորմած Բարձրագույն, Ազնվագույն և Հզորագույն Արքայորդի), «Her Grace The Most Noble Duchess» (Ձերդ Ողորմած Ազնվագույն Հերցոգուհի) մակդիրները։
Իսպանիայում հերցոգները և նրանց ժառանգները, ինչպես նաև Իսպանիայի գրանդերը և նրանց ժառանգները կրում են «El Excelentísimo Señor» (Սենյոր Գերազանցություն) դիմելաձևը։
Իտալիայում ինքնիշխան հերցոգները 1630 թվականից կրել են «Sua Altezza» (Ձերդ Մեծություն) դիմելաձևը։
Գերմանիայի հերցոգությունների որոշ տիրակալներ ձեռք էին բերել «Մեծ հերցոգի» տիտղոս։ Ներկայումս այդպիսի տիտղոս ունի Լյուքսեմբուրգի մեծ հերցոգ Հենրիխը՝ «Ձերդ Թագավորական Մեծություն» մակդիրով։
Ուշ եվրոպական պատմության մեջ հերցոգի տիտղոսը հաստատվում է, որպես կանոն, թագավորական ընտանիքի անդամների մոտ։ Բացի ինքնիշխան միապետերի հերցոգային տիտղոսներից և ալոիդալ (ֆեոդալական) ծագում ունեցող տիտղոսներից, գոյություն ունեն հերցոգների արքունական տիտղոսներ, որոնք շնորհվել են միապետերի կողմից իրենց հպատակներին թագավորական արտոնության կարգով։
Հերցոգյան նոր տիտղոսների շնորհման պրակտիկան մինչև այսօր գոյություն ունի Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում և Բելգիայում, երկրորդ և երրորդ դեպքերում միայն թագավորական ընտանիքի անդամներին, որպես լրացուցիչ տիտղոսներ։ Պապական Գահը Վատիկանի Երկրորդ Ժողովից հետո դադարեցրեց այս արքունական տիտղոսի շնորհման պրակտիկան նշանավոր կաթոլիկ աշխարհիկ մարդկանց։ Նիդերլանդների միապետերը դադարեցրին բոլոր տեսակի արքունական տիտղոսների շնորհումը 1931 թվականին, իսկ ներկա դրությամբ հերցոգի ժառանգական տիտղոս Նիդերլանդներում չի կրում ոչ մի ընտանիք, և տվյալ տիտղոսը դուրս է եկել այնտեղ կիրառումից։ Շվեդիայում և Նորվեգիայում այս տիտղոսը նույնպես այլևս չի շնորհվում, սակայն հերցոգի տիտղոս շարունակում է շնորհվել թագավորական ընտանիքի անդամներին (այսպես, Էստերգյոթլանդիայի հերցոգուհի տիտղոսը ծնվելուց հետո ստացավ Էսթել արքայադուստրը, կրոնարքայադուստր Վիկտորիայի և Դանիել Վեսթլինգի դուստրը)։
Ցարական Ռուսաստանում հերցոգի տիտղոսը համարվում էր հավասար իշխանի տիտղոսին։ Որոշ ժամանակ «Իժորսկի հերցոգ» տիտղոսը կրում էր Ալեքսանդր Մենշիկովը։ Կարծիք կա, որ նա միակ ռուսական ազնվականն էր, ով կրել է հերցոգի տիտղոս։ Սակայն դա չի համապատասխանում իրականությանը (սակայն նա մնում է միակ ազնվականը, որ հերցոգի տիտղոս է ստացել ռուսական միապետից)։
Հերցոգների թագեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անգլիական հերցոգի թագ
-
Բելգիական և նիդերլանդական հերցոգի թագ
-
Իսպանական հերցոգի թագ
-
Ֆրանսիական հերցոգի թագ
-
Ֆրանսիայի հերցոգի և պերի թագ
-
Բոնապարտական Ֆրանսիայի հերցոգի տոկա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- дворянский титул Герцог, дворянский титул // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերցոգ» հոդվածին։ |
|