Մարոնիներ (ինքնանվանումը՝ մարունի), արևելյան-քրիստոնեական եկեղեցու հետևորդներ, որոնք կազմում են Լիբանանի արաբ ժողովրդի գլխավոր համայնքներից մեկը։ Անունն ըստ ավանդության առաջացել է Մար Մարոնից (IV-V դարեր)։ VII դարի վերջին Մարոնիները իրենց առաջին պատրիարքի՝ Յուհաննա Մարոնի գլխավորությամբ կենտրոնական Ասորիքից ապաստանել են Լիբանան լեռ (Ջիբբատ Բշարրիի շրջան), իրենց դավանանքը պարտադրել տեղաբնիկ հեթանոս լեռնականներին և քրիստոնյա բնակչությանը (հակոբիկյան ասորի, քաղկեդոնական հույն և այլն), կազմել ինքնուրույն համայնք։ 1182 թվականին մարոնիները ճանաչել են Վատիկանի գերագահությունը՝ պահպանելով սեփական ծիսակատարությունը (ասորերեն, որին զուգընթաց, հետագայում նաև արաբերեն)։ Մարոնիների հոգևոր պետի՝ «Անտիոքի պատրիարքի» նստավայրը Բկերկեն է (Բեյրութից 15 կմ հյուսիսարևելյան)։ Մարոնիների մոտ խոսակցական արաբերենի (սիրիա-լիբանանյան բարբառ) տարածումն սկսվել է XVI դարում, երբ Լիբանանի հյուսիսի մարոնաբնակ շրջանները հետզհետե առնչվել են դրուզական (1770 թվականից համալիբանանյան) ամիրայության հետ։ XVII դարի վերջից Կիլիկիայից Լեռնալիբանան տեղափոխվեցին բազմաթիվ հայեր։ Մարոնիների թիվը Լիբանանում 600 հազար Է (1971)։ Համաձայն 1943 թվականի «Ազգային ուխտի», Լիբանանի պրեզիդենտը, պառլամենտի անդամների մոտ 1/3-ը պետք է լինեն մարոնիներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 337)։