Շատնե-Մալաբրի (ֆր.՝ Châtenay-Malabry), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում, ծովի մակերևույթից 104 մետր բարձրության վրա։ Զբաղեցնում է 6,38 քառակուսի կիլոմետր տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 873։ Բնակչության միջին խտությունը կազմում է 4 996 մարդ/կմ²։
Մինչև 1920 թվականը բնակավայրն ուղղակի կոչվել է Շատնե (Châtenay): Այդ անվանումը ծագել է լատիներեն castellanum բառից, որը նշանակում է «ոչ մեծ ամրոց» կամ «հռոմեական ամրացված ճամբար»։ Անվանումը հուշում է, որ ներկայիս քաղաքի տեղում մեր թվականության I կամ II դարում մի այդպիսի ամրություն է եղել։
Պատմական փաստաթղթերում Շատնեն առաջին անգամ հիշատակվել է IX դարում։ Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը բնակավայրը գտնվել է Փարիզի կաթոլիկ թեմի կազմում։ 1719-ից 1722 թվականներին այստեղ ապրել է Վոլտերը, ավելի ուշ՝ Շատոբրիանը։ Մինչև 2015 թվականը Շատնե-Մալաբրիում էր գործում փարիզյան տարածաշրջանի ճարտարագիտական բարձրագույն ուսումնարանը՝ արվեստների ու արհեստների կենտրոնական դպրոցը (École Centrale Paris), ինչպես նաև՝ համալսարանի գիտա-դեղագործական ֆակուլտետը։