Բոն Ջուն Հո (կորեերեն՝ 봉준호, սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)[1][2], Դեգու), հարավկորեացի ռեժիսոր և սցենարիստ։ Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել իր երկրորդ գեղարվեստական ֆիլմի` «Սպանության հիշողություններ» սլեշեր քրեական դրամայի շնորհիվ (2003), մինչև իր հաջորդ` «Տանտերը» (2006) և «Ձյան միջով» (2013) ֆիլմերի կոմերցիոն հաջողությունը, որոնք երկուսն էլ ընդգրկվել են Հարավային Կորեայի երբևէ ամենաբարձր եկամուտ ունեցած ֆիլմերի ցանկում[6]։
Նրա նկարահանած երկու ֆիլմերը մասնակցել են Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրերին. «Օկչա» ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի 2017 թվականի կինոփառատոնի ժամանակ, իսկ «Մակաբույծ» ֆիլմն արժանացել է Կաննի 2019 կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին[7]։ Նա դարձել է առաջին կորեացի ռեժիսորը, որ արժանացել է այս մրցանակին[8]։ «Մակաբույծն» արժանացել է նաև 77-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի մրցանակին, իսկ Պոնգն առաջադրվել է Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենարիստ անվանակարգերում[9]։ «Մակաբույծ» ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և դարձել հարավկորեական առաջին ֆիլմը, որ այս մրցանակաբաշխությանն առաջադրվել է որևէ անվանակարգում. Պոնգն առաջադրվել է Օսկարի Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում։ Պոնգը չորրորդ ասիացի ռեժիսորն է Հիրոշի Տեշիգահարայից, Ակիրա Կուրոսավայից և Էնգ Լիից հետո, որն առաջադրվում է Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում և առաջին հարավկորեացի ռեժիսորն է, որն առաջադրվում է այս մրցանակաբաշխությանը։
2017 թվականին Metacritic անգլալեզու ագրեգատոր կայքը Պոնգին 21-րդ դարի 25 լավագույն ռեժիսորների ցանկում դասել է 16-րդ տեղում[10]։ Նրա ֆիլմերում առկա են սոցիալական թեմաներ, ժանրերի խառնուրդ, սև հումոր և տրամադրության հանկարծակի փոփոխություններ[11][12]։
Պոնգ Ջուն Հոն ծնվել է 1969 թվականին, Դեգուում, Հարավային Կորեայում, ընտանիքի չորս երեխաներից ամենակրտսերն է[13]։ Նրա հայրը` Պոնգ Սան Գհունը, գրաֆիկական դիզայներ էր, պրոֆեսոր, Ազգային ֆիլմարտադրության արվեստի բաժնի ղեկավար (մահացել է 2017 թվականին), իսկ մայրը` Փարք Սոյանգը, տնտային տնտեսուհի էր. նա կորեացի ժամանակակից հայտնի հեղինակ Փարք Թևոնի երկրորդ դուստրն է[13]։ Պոնգի մայրական կողմի պապը` Փարք Թևոնը, հայտնի է եղել Ճապոնական գաղութացման ժամանակաշրջանում։ Նա առավել հայտնի է դարձել իր «Մեկ օր վիպասան Գուբոյի կյանքով» գրքով և 1950 թվականին Հյուսիսային Կորեայից հրաժարվելու համար[13][14]։ Նրա ավագ եղբայրը` Պոնգ Հունսուն, Սեուլի ազգային համալսարանում անգլերենի պրոֆեսոր է, իսկ ավագ քույրը` Պոնգ Հիհին, նորաձևության դիզայներ է և Ազգային մշակութային ասոցիացիայի տնօրենը։ Նրա կինը Հուն Սունյանգն է, իսկ որդին` Պոնգ Հիոմինը։
Երբ Պոնգը սովորում էր տարրական դպրոցում, նրա ընտանիքը տեղափոխվել է Սեուլ` բնակություն հաստատելով Հանգան գետի մոտակայքում[14]։ Պոնգը ընդունվել է Յոնսեյ համալսարանը 1988 թվականին՝ մասնագիտանալով սցիոլոգիայում[13]։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է Հարավային Կորեայի դեմոկրատական շարժման բողոքի ցույցերին[13][15]։
Երկու տարի ծառայել է Հարավային Կորեայի զինված ուժերում` մինչև 1992 թվականին կրկին քոլեջ վերադառնալը[13]։ Հարևան համալսարանների ուսանողների հետ համահիմնադրել է Դեղին դուռ անունով կինոակումբ[13]։ Որպես ակումբի անդամ Պոնգը ստեղծել է իր առաջին ֆիլմերը, այդ թվում անիմացիոն «Փնտրելով դրախտը» և կարճամետրաժ «Սպիտակ մարդը» ֆիլմերը[13]։ Յոնսեյ համալսարանն ավարտել է 1995 թվականին[13]։
Վաղ 1990-ականներին Պոնգը ավարտել է Կորեայի ֆիլմագրության ակադեմիայի երկամյա ծրագիրը։ Այդ ընթացքում նկարահանել է 16 մմ-անոց կարճամետրաժ բազմաթիվ ֆիլմեր։ Նրա ավարտական ֆիլմերը` «Հիշողություն` շրջանակի միջից» և «Անհեթեթությունը», ցուցադրվել են Վանկուվերի և Հոնկոնգի միջազգային կինոփառատոններում։ Նա նաև համագործակցել է իր կուրսընկերների հետ. համագործակցություններից հատկապես հայտնի է «2001 Imagine» ֆիլմը, որը նկարահանել է նրա ընկեր Հանգ Հուն Հուանը։ Պոնգը նաև եղել է Հոի Էքուանի «Ձայներ երկնքից ու երկրից» և «Խաղողի սերմի սերը» ֆիլմերի լուսավորողը[11]։
Ավարտելուց հետո նա հաջորդ հինգ տարիներն անց է կացրել այլ ռեժիսորների հետ համագործակցելով։ Եղել է «Յոթ պատճառ, թե ինչու է գարեջուրն ավելի լավ, քանի սիրեկանը» ֆիլմի համասցենարիստը, «Կակտուս մոթել» ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորի օգնականը և «Ուրվական նավահանգիստը» ֆիլմի սցենարի հեղինակը[11]։