Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետություն
Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետություն, ռազմավարչական միավոր Արևմտյան Հայաստանում։ Կազմվել է 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հայ կամավորների մասնակցությամբ՝ Արևմտյան Հայաստանում ցարական Ռուսաստանի բանակի գրաված շրջաններից։
Կառավարման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրանք կառավարելու համար ստեղծվել են քաղաքական-վարչական տեղական մարմիններ։ Կովկասյան բանակի հրամանատար գեներալ Յուդենիչը առաջարկել է այդտեղ բնակեցնել Կուբանից ու Դոնից գաղթեցրած կազակների, ստեղծել եփրատյան կազակություն։ 1916 թվականի հունիսի 8-ին Նիկոլայ II-ը հաստատել է Արևմտյան Հայաստանում՝ Թուրքիայից գրաված շրջանների քաղաքացիական վարչության ժամանակավոր կանոնադրությունը, ստեղծվել է հատուկ ժամանակավոր ռազմական գեներալ-նահանգապետություն՝ գեննահանգապետի գլխավորությամբ։ Գլխավոր մարմիններն էին զինվորական շտաբը, գրասենյակի, հարկային և ռազմասանիտարական վարչությունները։ Նախատեսվել է գեներալ-նահանգապետությունը բաժանել մարզերի (Վանի. Խնուսի, Էրզրումի, Պոնտական), օկրուգների (29) և տեղամասերի։ Հանձնարարվել է օկրուգներ կազմելիս չխախտել նախկին վարչական բաժանումը։ Տեղամասերի պետերի հիմնական պարտականությունը բնակիչներից հարկեր գանձելն Էր։ Նրանք պետք է հսկեին նաև գյուղ, համայնքի գործունեությունը։ Համայնքի ղեկավարումը դրվել է գյուղի ժողովի, ավագի և նրա օգնականի վրա։
Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետության վերացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ Արևմտյան Հայաստանի տարածքը անմիջականորեն ենթարկվել է բուրժուական ժամանակավոր կառավարությանը։ Գեն-նահանգապետի փոխարեն սահմանվել են գլխավոր կոմիսարի և քաղաքացիական գծով նրա օգնականի նոր պաշտոններ։ Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետությունը վերացավ 1918 թվականի սկզբին, երբ թուրքերը նորից զավթեցին Արևմտյան Հայաստանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 250)։ |