Հայ իրավաբանական միություն
Հայ իրավաբանական միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1989 |
Գլխադասային գրասենյակ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կայք | armenianbar.com(անգլ.) |
Հայ իրավաբանական միություն (անգլ.՝ Armenian Bar Association), իրավաբանների պրոֆեսիոնալ կազմակերպություն, ստեղծվել է Լոս Անջելեսում (ԱՄՆ) 1989 թվականի սեպտեմբերին։ Ներկայացնում է հայ ազգային շահերն ու ԱՄՆ-ի հայ համայնքի իրավաբանական պահանջմունքները։ Միությունն անց է կացնում ամենամյա ժողովներ, իրավաբանական սեմինարներ ու գիտաժողովներ, հրատարակում է լրատվական բյուլետեն։ Հայ իրավաբանական միության շրջանակներում գործում է «Հայկական իրավունքների պահապան» ("Armenian Right՝s Watch") կազմակերպությունը։ Նրա նպատակներն են՝ պաշտպանել հայոց պատմության փաստերը, այդ թվում՝ ցեղասպանության և Ղարաբաղի խնդիրները, հայերի ազգային և համայնքային շահերը, նրա համար կազմակերպել քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ուսուցում, պայքարել հայերի նկատմամբ ազգային խտրականության դեմ, պաշտպանել նրանց ազգային նպատակները, իրավաբանական խորհրդատվություններ կազմակերպել այն անձանց համար, ովքեր շահագրգռված են Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գործում։
Հայ իրավաբանական միությունը նյութեր է պատրաստում թերթերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքական գործիչների համար։ Դրանցից մեկն էլ ԱՄՆ-ի սենատին ուղղված դիմումն էր, որը հորդորում էր ընդունել սենատի N 212 բանաձևը՝ 1990 թվականի ապրիլի 24-ը ճանաչելու հայերի ցեղասպանության 75-ամյակի օր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |