Հաշմանդամություն
Հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձանց ու շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանք, որը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։
Հայաստանը 2010 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը միանշանակորեն չի տալիս «հաշմանդամություն» բառի սահմանումը։ «Հաշմանդամությունը» զարգացող հասկացություն է, քանի որ հասարակությունն ու հասարակական կարծիքը հաճախ են փոփոխություններ կրում։ Այդ իսկ պատճառով կոնվենցիան չի պարտադրում սահմանված հասկացություն, այլ կիրառում է դինամիկ մոտեցում։
Անձի հաշմանդամությունը Հայաստանում ճանաչում են միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ)։ Հայաստանում գործում է բժշկասոցիալական փորձաքննական 25 հանձնաժողով։ Դրանցից 3-ը մասնագիտացված են՝ հոգեբուժական, ակնաբանական և մանկական[1]։
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 193836 հաշմանդամություն ունեցող անձ, որից 8171-ը երեխաներ են[2]։
Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են աշխարհի բնակչության 15 %-ը (1.050.000.000 մարդ)[3]։
Հաշմանդամության մոդելները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում խորհրդային ժամանակներից ի վեր հաշմանդամությունը համարվել է և համարվում է անձի խնդիրը, որը նշանակում է, որ հաշմանդամությունը «անկարողություն» է, որի պատճառով անձի կենսագործունեությունը սահմանափակվում է, և, հետևաբար, ջանքերն ուղղվում են անձի վիճակի բարելավմանը։ Այսինքն՝ եթե կենտրոնանանք միայն առողջական խնդիրների վրա և հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկենք առաջին հերթին որպես հիվանդի, ապա նրա վիճակի բարելավմանն ուղղված գործողությունները կկրեն հիմնականում բժշկական և բարեգործական բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում, բարեգործական օգնություն)։ Այս մոդելի վրա հիմնված մոտեցման արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդը զրկվում է իր կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու և իր սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից, դառնում է «հիվանդ», «խնամյալ»։ Նրա փոխարեն որոշում են կայացնում ուրիշները (խնամողը, ընտանիքը, հասարակությունը)։ Հասարակությունը սահմանափակում է նրա կրթության, մասնագիտության, աշխատանքի և այլ հնարավորությունները, քանի որ նա հիվանդ է և ունի հիմնականում բուժման, խնամքի և հոգածության կարիք։ Հաշմանդամություն ունեցող մարդու կյանքը կախված է մնում ուրիշների կարծիքներից և եզրակացություններից, որն էլ հանգեցնում է նրա սոցիալական մեկուսացմանը և խոչընդոտում է նրա լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին Այսպիսով բժշկական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը դիտարկվում է որպես անձի խնդիր, և պետության քաղաքականությունն ու ջանքերն ուղղվում են անձի բուժմանը, վերականգնմանը, հատուկ խնամքին և աջակցությանը։
Սոցիալական մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք։ Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա և վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք քաղաքացու կարողություններին և ներուժին։ Ավելին, այս մոդելը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը երկրի զարգացման գործընթացներին։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է առաջնային և կարևոր մասնակցություն ունենան իրենց խնդիրների լուծմանն ուղղված օրենքների, քաղաքականությունների, ռազմավարությունների և գործընթացների մշակմանը, իրականացմանը, մոնիթորինգին և գնահատմանը։ Սոցիալական մոտեցման դեպքում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներգրավմանը։ Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք։
Այսպիսով, սոցիալական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը սահմանվում է որպես անձի առողջական խնդիրների հետևանքով ձեռք բերած ֆունկցիոնալ սահմանափակումների և միջավայրային և վերաբերմունքի, արգելքների/խոչընդոտների փոխազդեցության հետևանք։ Հետևաբար, հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունը պետք է հիմնականում կենտրոնանա միջավայրային խոչընդոտների վերացմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը։
Այլ մոդելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական-իրավական մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելն օգտագործում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական շարժումները։ Քաղաքական մոդելը հաշմանդամություն ունեցող մարդկանց դիտում է որպես փոքրամասնություն, որի իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են խտրականություն սերմանող օրենսդրությամբ, ճարտարապետական միջավայրի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցման միջոցների անմատչելիությամբ, համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին մասնակցելու սահմանափակ լինելով։ Քաղաքական-իրավական մոդելի բովանդակությունը բնորոշում է այդ հիմնախնդիրների լուծման հետևյալ մոտեցումը. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ և իրագործվեն մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում[4]։
Ողբերգական-բարեգործական մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդելը հաշմանդամություն ունեցող անձին դիտում է որպես զոհ, որը գթության կարիք ունի։ Այս և բժշկական մոդելներըը ամենաշատը օգտագործվում են հաշմանդամություն չունեցող մարդկանց կողմից՝ հաշմանդամությունը սահմանելու համար։ Քանի որ անձը համարվում է զոհ, նա նաև կարիք ունի խնամքի և օգնության, չի կարող ինքնուրույն ապրել և փրկության համար բարեգործների կարիք ունի։ Ողբերգական-բարեգործական մոդելը կիրառվում է դրամահավաքների ժամանակ։ Մոդելը անընդունելի և խտրական է համարվում փորձագետների կողմից. այն ամրապնդում է հասարակության մեջ առկա կարծրատիպերը և առաջացնում է խղճահարություն[5]։
Կրոնական և բարոյական մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարոյական մոդելը ամենահին, արդեն նաև քիչ տարածվածներից է։ Ինչևէ, շատ մշակույթներում հաշմանդամությունը ասոցացվում է մեղքի և ամոթի հետ։ Այս մոդելի հետևանք կարող է լինեն հասարակությունից առանձնացումը, ինքնության հետ չհաշտվելը և այլն։ Կրոնական մոդելը հաշմանդամությունը դիտում է արտաքին ուժի կողմից պատիժ, որը հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա ընտանիքի անդամերի կողմից արված հանցանքի հետևանք է։ Այս մոդելի հետևանքով մարդիկ կարող են հալածվել իրենց տարբեր լինելու պատճառով և նույնիսկ դատապարտվել մահվան։ Կա նաև հակառակ պատկերացումը, որ հաշմանդամությունը հրեշտակային երևույթ է[6]։
Շուկայական մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշմանդամություն ունեցող անձը դիտվում է որպես սպառող։ Քանի որ աշխարհում մոտ 1,2 միլիարդ մարդ համարում է, որ ինքն ունի հաշմանդամություն և ևս երկու միլիարդ մարդ (հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամները, գործընկերները, ընկերները) համարվում է շահագրգիռ կողմ (բնակչության 53%), ընկերությունները և կառավարությունները հաշվի են առնում իրենց քաղաքականությունը մշակելիս։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական զարգացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնվենցիան, ի տարբերություն իր նախորդների, այն հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկում է պաշտպանության աննախադեպ մակարդակ[7]։ Կոնվենցիան մանրամասնում է այն իրավունքները, որոնցից օգտվում են հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ինչպես նաև պետությունների և այլ մասնակիցների պարտավորությունները։ 1982 թ. Գլխավոր ասամբլեան ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց մասին գործողությունների համաշխարհային ծրագիրը։ Ծրագրով նախատեսվում էր բոլոր երկրներում, անկախ զարգացման մակարդակից, հաշմանդամություն ունեցող անձանց ամբողջական մասնակցություն և հավասարություն սոցիալական կյանքում։
1983-1992 թվականներին Գլխավոր ասամբլեան հռչակեց «Հաշմանդամություն ունեցող անձանց ՄԱԿ-ի տասնամյակ» և կոչ արեց անդամ պետություններին իրականացնել համաշխարհային ծրագիրը։
Ծրագրի իրականացման վերանայման ընթացքում (Ստոկհոլմ 1987 թվական) մասնակիցները առաջարկեցին նախագծել հաշմանդամություն ունեցող անձանց՝ մարդու իրավունքների մասին կոնվենցիա։
1991 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց «Հոգեկան հիվանդություն ունեցող անձանց պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման մասին» սկզբունքները։ Սկզբունքները սահմանում են չափանիշներ և ընթացակարգային երաշխիքներ, ապահովում են պաշտպանություն մարդու իրավունքների խախտումների դեմ։ Սկզբունքներում առկա նորարարությունները այժմ վիճահարույց են։
1992 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման ստանդատ կանոնները։ Ստանդարտ կանոնները միտված էին ապահովելու հաշմանդամություն ունեցող աղջիկների, տղաների, տղամարդկանց և կանանց նույն իրավունքների և պարտականությունների իրացմանը, ինչպես հաշմանդամություն չունեցողները։ Դրանք դարձանկ սկզբուննքային գործիքներ ոչ միայն ՄԱԿ-ի համար, այլ նաև մի շարք պետությունների՝ ազգային օրենսդրությունը համապատասխանեցնելու համար։
2001 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի կառավարության առաջարկը Գլխավոր ասամբլեայում ստեղծելու հատուկ կոմիտե, որը կքննարկի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և արժանապատվությունը պաշտպանող և ապահովող ամբողջական և միասնական միջազգային կոնվենցիայի վերաբերյալ առաջարկները։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2006 թվականի դեկտեմբերի 13-ին կոնվենցիան ընդունելուց հետո աննախադեպ թվով երկրներ ստորագրելով կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը, ցույց տվեցին իրենց ցանկությունն ու նվիրվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարգելուն։ Կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը բաց էին ստորագրման համար 2007 թվականի մարտի 30-ից։
Հայաստանը դեռևս չի վավերացրել Կամընտրի արձանագրության վավերացումը, ինչպես նշվում է 2012 թ. Հայաստանի կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույցում[8], մնում է պետական քաղաքականության օրակարգում և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո։
Կոնվենցիայի նպատակը և ընդհանուր սկզբունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնվենցիան ապահովում և պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և մշակութային կյանքում։ Այն կոչ է անում ոչ խտրական վերաբերմունքի և հավասարության կրթական, առողջապահական, աշխատանքային, ընտանեկան, մշակութային, սպորտային, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելիս և դատարանների, ոստիկանության և այլ մարմինների հետ հարաբերություններում։
Արժանապատվությունը, անձնական անկախության նկատմամբ հարգանքը, հասարակական կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցությունն ու ներառականությունը, խտրականության բացառումը, հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց տարբերությունների նկատմամբ, հնարավորությունների հավասարությունը, մատչելիությունը, կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, հաշմանդամություն ունեցեող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու նրանց իրավունքի նկատմամբ հարգանքը սույն կոնվենցիայի սկզբունքներն են։
Անդամ պետությունները դրանով պարտավորվում են ընդունել համապատասխան օրենսդրություն, գործադրել համապատասխան միջոցներ խտրականությունը բացառելու համար, իրականացնել և սատարել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ և կատարելագործումներ և այլն։ Ինչ վերաբերում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին, յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է գործադրել միջոցներ՝ իր առկա ռեսուրսների առավելագույնի չափով։
Կոնվենցիայի 1-ին հոդվածը ամրագրում է, որ կոնվենցիայի նպատակն է «սատարել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար և հավասար իրացումը, ինչպես նաև հարգալից վերաբերմունքը նրանց արժանապատվության նկատմամբ»։
Ընդհանուր սկզբունքները, որոնք ուղեցույց են պետությունների կամ այլ գործող անձանց համար, ութն են՝
- հարգանք արժանապատվության, անհատի ինքնուրույնության, ներառյալ սեփական որոշումներ կայացնելու ազատությունը և անձի անկախության իրավունքի նկատմամբ
- խտրականության բացառում,
- ներգրավվածություն,
- հարգանք հաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ և նրանց՝ որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը, հնարավորությունների հավասարություն,
- մատչելիություն,
- հավասարություն տղամարդկանց և կանանց միջև, և
- հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ։
Իրավունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնվենցիան ընդունում է, որ որոշ մարդիկ խտրականության կարող են ենթարկվել ոչ միայն իրենց հաշմանդամության պատճառով, այլև սեռի, տարիքի, էթնիկ ծագման և/կամ այլ հիմքերով։ Կոնվենցիան նման դեպքերի համար երկու հոդված է նվիրել հատուկ խմբերի՝ հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաներին։
Կոնվենցիայով հստակ սահմանված իրավունքներն են.
- առանց խտրականության օրենքի առջև հավասարությունը,
- անձի կյանքի, ազատության և անվտանգության իրավունքը,
- օրենքով հավասարապես ճանաչումը և իրավունակությունը,
- խոշտանգումների չենթարկվելը,
- շահագործման, բռնությունների և չարաշահումների չենթարկվելը,
- ֆիզիկական և մտավոր ամբողջականությունը հարգելու իրավունքը,
- ազատ տեղաշարժվելը և քաղաքացիություն ընտրելը,
- հասարակական կյանքով ապրելու իրավունքը,
- արտահայտվելու և սեփական կարծիք ունենալու իրավունքը,
- անձնական կյանքի գաղտնիությունը հարգելը,
- տան և ընտանիքի նկատմամբ հարգանքը,
- կրթության իրավունքը,
- առողջության իրավունքը,
- աշխատանքի իրավունքը,
- կյանքի բավարար պայմաններ ունենալու իրավունքը,
- քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը,
- մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։
Կոնվենցիան կենտրոնանում է այն գործողությունների վրա, որոնք ձեռնարկում են պետությունները, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար այս իրավունքների օգտվելը մյուսների հետ հավասար հիմունքներով։ Վերոնշյալ իրավունքների իրացման համար կոնվենցիան պարտավորեցնում է մասնակից պետություններին ապահովել համապատասխան միջավայր, որը հնարավորություն կտա, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն օգտվեն իրենց իրավունքներից՝ մյուսների հետ հավասար հիմունքներով։
Հայաստանը և կոնվենցիան
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Հայաստանը վավերացրեց կոնվենցիան[9], որն ուժի մեջ մտավ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին։ Սույն կոնվենցիան, Հայաստանի Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, վավերացնելու և հաստատվելուց հետո դարձել է Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մաս։ Սույն հոդվածի համաձայն, եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
2012 թվականին Հայաստանի կառավարության կողմից ներկայացված սկզբնական զեկույցի վերաբերյալ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը[10] և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմել են այլընտրանքային զեկույց[11], որը ներառում է Կոնվենցիայի կոնկրետ հոդվածների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց դիրքորոշումներն ու նկատառումները։ Այլընտրանքային զեկույցում ներկայացվել են իրավական դաշտի բացերը, պետության կողմից իրականացված և չիրականացված պարտավորություններն ու հստակ խախտումներ։ Վերջիններիս լուծման համար այլընտրանքային զեկույցի հեղինակները յուրաքանչյուրի համար առանձին դիտարկումներ և առաջարկներ են ներկայացրել։
Մատչելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը։ «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»[12] Հայաստանի օրենքի համաձայն, «չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն»։
Միջավայրային մատչելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան սահմանել է «Համընդհանուր դիզայն»[13] տերմինը, որը նշանակում է ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն։ Այն առավելագույնս օգտագործելի է դարձնում բոլոր մարդկանց համար՝ առանց շտկումների ու մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության։ «Համընդհանուր դիզայնը» չպետք է բացառի օժանդակ հարմարանքները հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար, եթե դրա անհրաժեշտությունը կա։
Հայաստանում հասարակական, բնակելի, արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պահմաններ։ Մատչելիության նորմերն էլ սահմանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին հրամանով։
Թեքահարթակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքերում պետք է լինի հարմարեցված առնվազն մեկ մուտք։ Արտաքին սանդուղքներն ու թեքահարթակները պետք է ունենան բռնաձողեր՝ գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան։ Շենքի հիմնական մոտեցումներում սանդուղների 2,5 մ-ից ավելի լայնության դեպքում հարկավոր է նախատեսել բաժանիչ բռնաձողեր։ Մատչելի մուտքերը պետք է ունենան շվաքարան և ջրահեռացում՝ կախված տեղական կլիմայական պայմաններից։ Ստորգետնյա և վերգետնյա անցումների առկայության դեպքում, դրանք անհրաժեշտ է սարքավորել թեքահարթակներով կամ վերամբարձ սարքվածքներով։ Թեքահարթակների համար որպես ծածկույթ չի թույլատրվում լցովի կամ խոշորկառուցվածքային նյութերի օգտագործումը, ինչը կխոչըդոտի թիկնաթոռ-սայլակներով տեղաշարժվելուն։ Բետոնե սալերից ծածկույթները պետք է լինեն հարթ, իսկ նրանց միջև կարանների լայնությունը՝ 1.5 սմ-ից ոչ ավելի։
Սանդուղքներրը պետք է կրկնակվեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բարձրանալու այլ միջոցներով։
Երթևեկության ուղիներում դռների բացվածքներից ու թեքահարթակներից առաջ պետք է ունենան նախազգուշացնող ակոսավոր և/կամ հակադրական գույներով ներկված մակերևույթ։ Թույլատրվում է լուսային փարոսիկների կիրառումը։
Թեքահարթակի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 0,8 մետրը 8% անկյան դեպքում[14]։
Դռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերում դռների և բացվածքների լայնությունը չպետք է լինի 0,8 մ-ից պակաս։ Դռների բացվածքները չպետք է ունենան շեմ և հատակի բարրձրությունների անկում։ Թափանցիկ դռները և ցանկապատերը հարկավոր է իրագործել հարվածներին դիմացկուն նյութից։ Թափանցիկ փեղղկերի վրա հարկավոր է մակնշում ավելացնել, որը պետք է լինի հակադրական գույներով։ Չի թույլատրվում պտտվող դռների և տուրնիկետների տեղադրում։
է, որ դռները լինեն կոճակով կամ ավտոմատ կառավարմամբ, որոնց բացվել-փակվելու տևողությունը պետք է լինի 5 վայրկյանից ոչ պակաս, որպեսզի անվասայլակով տեղաշարժվող անձը կարողանա անցնել։ Ոչ ավտոմատ դռների դեպքում պետք է հաշվի առնել նաև դռների ծանրությունը, որի առավելագույն ուժը պետք է լինի 2,5 կգ։
Աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին սանդուղքների բոլոր աստիճանները մեկ սանդղաբազկի սահմաններում պետք է լինեն միանման սանդղամատի լայնության և աստիճանների բարձրության չափսերի։ Արտաքին աստիճանների լայնական թեքությունը պետք է լինի 1-2 %-ի սահմաններում։
Բնակչության սակավաշարժուն խմբերի երթևեկության ուղիներում սանդուղքների աստիճանները պետք է լինեն հոծ, հարթ, առանց ելուստների մակերևույթով։ Աստիճանի կողը պետք է ունենա 5 սմ-ից ոչ ավելի շառավղով կլորացում։ Պատերին չհարվող աստիճանների կողեզրերը պետք է ունենան 2 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ կողիկներ։
Բոլոր սանդուղքների երկու կողմերի երկայնքով անհրաժեշտ է տեղադրել բռնաձողերով պատնեշներ։ Սանդուղքների բռնաձողերը հարկավոր է տեղադրել մոտ - 0,9 մ բարձրության վրա, իսկ նախադպրոցական հիմնարկներում նաև 0,5 մ բարձրության վրա։
Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար բոլոր աստիճանները պետք է եզրագծված լինեն դեղինով։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2014 թվականի տարեվերջին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է եղել հաշմանդամություն ունեցող 198 619 անձ։ Նրանցից 94 902-ը կանայք են։
2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, հաշմանդամություն ունեցող 18-ից 63 տարեկան մարդիկ կազմում են 65.2 %-ը, երիտասարդ տարիքի՝ (18-ից 40) կազմում են 13,9%, 40-ից 63 տարեկան կազմում են 51.3%, կենսաթոշակային տարիքի 30.6%։ Աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը կազմում է շուրջ 9%։
Հաշմանդամություն առաջացնող հիվանդություններից առաջնահերթ են համարվում արյան շրջանառության համակարգի խնդիրները (59.617), նորագոյացությունները (15.847), նյարդային համակարգի (16.134) և հոգեկան առողջության խնդիրները(21.066)։ 14.036 անձ ունի տեսողության խնդիր, լսողության խնդիր՝ 3218 մարդ։
2014 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է՝ 1523 պրոթեզաօրթոպեդիկ և 3411 վերականգնողական պարագա, 30 ձայնաստեղծ սարք, 140 սայլակ, 205 լսողական սարք։
Երևանում է ապրում է հաշմանդամույթուն ունեցող 61325 մարդ։
2013/2014 ուստարվա ընթացքում հանրակրթական դպրոցներից հեռացել կամ ուսումն անավարտ է թողել հաշմանդամություն ունեցող 16 աշակերտ, որոնցից 6-ը աղջիկներ են։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Albrecht, Gary L., ed. (2005). Encyclopedia of disability. Thousand Oaks, CA: SAGE Publications. ISBN 978-0-7619-2565-1.
- Arditi, A.; Rosenthal, B. (1998). Developing an objective definition of visual impairment. Vision '96: Proceedings of the International Low Vision Conference. Madrid. էջեր 331–34.
- Bowe, Frank (1978). Handicapping America: Barriers to disabled people. New York: Harper & Row. ISBN 978-0-06-010422-1.
- Charlton, James I. (2004). Nothing about us without us : disability oppression and empowerment ([3. Dr] ed.). Berkeley: Univ. of California Press. ISBN 978-0-520-22481-0.
- Burch, Susan (2009 թ․ հուլիս). «(Extraordinary) Bodies of Knowledge: Recent Scholarship in American Disability History». OAH Magazine of History. 23 (3): 29–34. doi:10.1093/maghis/23.3.29. ISSN 0882-228X.
- Burkhauser, Richard V.; Schmeiser, Maximilian D.; Weathers II, Robert R. (2012 թ․ հունվար). «The Importance of Anti-Discrimination and Workers' Compensation Laws on the Provision of Workplace Accommodations Following the Onset of a Disability». Industrial & Labor Relations Review. 65 (1).
- Darling, Peter (2007 թ․ օգոստոս). «Disabilities and the Workplace». Business NH Magazine. 24 (8).
- Glenn, Eddie (1995). African American Women with Disabilities: An Overview.
- Miles, Albert S (1994). «Brown v. Board of Education and the American with Disabilities Act: Vistas of equal educational opportunities for African Americans». Journal of Negro Education. 63 (3).
- Johnstone, David (2001). An Introduction to Disability Studies (2nd ed.). Fulton. ISBN 978-1-85346-726-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հաճախ տրվող հարցեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Հաշվառված հաշմանդամների թվաքանակը 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին
- ↑ World report on disability
- ↑ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հաշմանդամության մոդելները»(չաշխատող հղում)
- ↑ «Tragedy/Charity Model of Disability, mymdrc.org». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Religious/Moral Model of Disability». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Հաշմանդամություն. բացառումից դեպի հավասարություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույց». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ ՀՀ օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին
- ↑ [ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն Արխիվացված 2014-12-17 Wayback Machine
- ↑ «ՄԻՊ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշին միության կազմած զեկույց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենք
- ↑ «Ընդհանուր դիզայն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպություն
- «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
- Հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն
- ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ հրաման, 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշմանդամություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 238)։ |