Jump to content

Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժում (անգլ.՝ Indian independence movement), իր մեջ ներառել է քաղաքական կազմակերպությունների, փիլիսոփայության ու շարժման լայն սպեկտր, որոնց համախմբել է Հարավային Ասիայում բրիտանական գաղութատիրությանը վերջ տալու ընդհանուր նպատակը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի եվրոպական գաղութացումը և Հնդկական ենթամայրցամաքում բրիտանական տիրապետության հաստատումը նախ Բրիտանական արևելահնդկական ընկերության (1757-1857), ապա` Բրիտանական Ռաջի (1858-1947) տեսքով ուղեկցվել է այնպիսի բացասական հետևանքներով, ինչպիսիք են տեղական արդյունաբերողների սնանկացումը, շահագործման ուժեղացումը և 1769-1773 թվականների զանգվածային սովը Բենգալիայում։

Այն հաճախ է հանդիպել տեղաբնիկների դիմադրությանը, սակայն հակաբրիտանական ուժերը պարտվել են մի շարք պատերազմների ընթացքում։

Տեղի են ունեցել բազմաթիվ զինված բախումներ գաղութարարների և դրանց դաշնակիցների դեմ։ 1857 թվականին տեղի է ունեցել Հնդկական ժողովրդական ապստամբությունը, և անգլիական ուժերը միայն մեծ ջանքերի և լուրջ արյունահեղության արդյունքում են կարողացել ճնշել այդ խոշոր ապստամբությունը։ Դրանից հետո արևելահնդկական ընկերության փոխարեն Հնդկաստանն սկսել է ղեկավարել անմիջականորեն Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան (որը 1876 թվականից ստացել է Հնդկաստանի կայսրուհու տիտղոսը), որի կողմից նշանակվել է փոխարքան:7

Հնդկաստանի ազատության համար պայքարող առաջին ժամանակակից կազմավորումներն ի հայտ են եկել Բենգալիայում: Նախ դրանք կողմնակից են եղել անկախության համար զինված պայքարին, սակայն ավելի ուշ անցել են քաղաքական պայքարի, որի զարգացման գլխավոր ուղենիշն է դարձել Հնդկական ազգային կոնգրեսի ստեղծումը։ Դրան նախորդել են «Արևելահնդկական ասոցիացիան», որը հիմնվել էր 1867 թվականին Դադաբխայ Նաորոջիի կողմից և «Հնդկական ազգային ասոցիացիան», որը հիմնվել էր 1876 թվականին Սուրենդրանատխ Բաներջիի կողմից։

Բրիտանացի պաշտոնաթող պաշտոնյա Ալլան Օկտավիան Յումի առաջարկով 1885 թվականին ազգային մտավորականության ազատական ներկայացուցիչները հիմնել են Հնդկաստանի ազգային կոնգրեսը։ Այդ փուլում զգացվում էր հասարակական-կրոնական բարեփոխումների այնպիսի շարժումների ազդեցությունը, ինչպիսիք են Արյա-սամաջն ու Բրախմո սամաջը։ 1890 թվականին նաև ձևավորվել է ազգային-ազատագրական շարժման «ծայրահեղ» հոսանք, որը ղեկավարվել է Բալ Գանգադխար Տիլակի կողմից։ Կիրառելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքը` Հնդկաստանի փոխարքա լորդ Ջորջ Նաթանիել Քերզոնը 1905 թվականին Բենգալիան բաժանել է Արևմտյան (հինդուիստական) և Արևելյան (մուսուլմանական) մասերի` միևնույն ժամանակ քաջալերելով 1906 թվականին համահնդկական ազատագրական շարժումից Համահնդկական մուսուլմանական լիգայի առանձնացումը։ Ի պատասխան սրան` 1900-ական թվականներին այնպիսի շարժումներ, ինչպիսին էր Լալ Բալ Պալը և այնպիսի գործիչներ, ինչպիսին էր Շրի Աուրոբինդոն, հանդես են եկել որպես ավելի ծայրահեղ մեթոդների կողմնակից` քաղաքական անկախության հասնելու համար։

1919 թվականի մարտին խիստ օրենք է ընդունվել կարգի պահպանման վերաբերյալ, ինչին ի պատասխան այդ ժամանակ արդեն հայտնի հասարակական գործիչ Մահաթմա Գանդին առաջարկել է Հնդկաստանում համընդհանուր գործադումլ անել։ Շուտով երկրում անհանգստություն է սկսվել, ինչն ստիպել է Գանդիին չեղարկել գործադուլը։ Նույն ժամանակ իրավիճակը սրվել է Փանջաբում։ 1919 թվականի ապրիլի 13-ին տեղի է ունեցել Ամրիթսարի կոտորածը, ինչի արդյունքում սպանվել է առնվազն 379 մարդ։

1920-ական թվականներին սկսված անկախության համար պայքարի վերջին փուլում Հնդկաստանի ազգային կոնգրեսն սկսել է կիրառել Մահաթմա Գանդիի կողմից քարոզվող ոչ բռնության քաղաքականությունը։ Ավելի ուշ Սուբխաս Չանդրա Բոսն ու մի քանի այլ առաջնորդներ անգլիացիների դեմ սկսել են կիրառել առավել ծայրահեղ, ռազմական միջոցներ։ Ոմանք քաղաքական ազատության հետ մեկտեղ պայքարել են նաև հնդիկ գյուղացիների տնտեսական ազատությունների համար։ 20-րդ դարի առաջին տասնամյակներում ի հայտ եկած ռազմական ազգայնականությունն իր գագաթնակետին է հասել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և պատճառ է դարձել ձախողված հնդա-գերմանական պակտին և գհադարյան համաձայնությանը։ Այս ժամանակամիջոցում են ակտիվացել այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Հնդկական ազգային բանակն ու Օգոստոսյան շարժումը։

Շարժումն իր գագաթնակետին է հասել 1947 թվականին, երբ տեղի է ունեցել Բրիտանական Հնդկաստանի բաժանումն ու Հնդկաստանի ու Պակիստանի դոմինիոնների ստեղծումը։ Հնդկաստանն անգլիական գահի դոմինիոնն է եղել մինչև 1950 թվականի հունվարի 26-ը, երբ ընդունվել է Հնդկաստանի սահմանադրությունը, որը երկիրը հանրապետություն է հռչակել։ Պակիստանն իրեն հանրապետություն է հռչակել 1956 թվականին, սակայն անցել է ներքին պայքարի մի շարք փուլեր, որոնց ընթացքում ժողովրդավարական ազատությունները սահմանափակվել են։ 1971 թվականին սկսված քաղաքացիական պատերազմը վերաճել է 1971 թվականի զինված հակամարտության, որի արդյունքում Պակիստանից առանձնացել է Արևելյան Պակիստանը, և դրա տարածքում ձևավորվել է Բանգլադեշ անկախ պետությունը։

Հնդկաստանի ազգային-ազատագրական պայքարը զանգվածային շարժում էր, որին մասնակցել են հասարակության տարբեր շերտեր և որն անցե է գաղափարական մշտական զարգացման գործընթաց[1] : Չնայած շարժման հիմնական գաղափարախոսությունը հակագաղութացումն էր, այն նաև ոգեշնչվել է ժողովրդավարական, հանրապետական ու ազատական քաղաքական կառուցվածքում ապագա կապիտալիստական զարգացման գաղափարով [2]։ 1930-ական թվականներին շարժումը ձեռք է բերել վառ արտահայտված սոցիալիստական կողմնորոշում, հիմնականում` Հնդկական ազգային կոնգրեսում անընդհատ աճող ձախ տարրերի ազդեցության և Հնդկաստանի կոմունիստական կուսակցության ջանքերի պատճառով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Chandra, 1989, էջ 26
  2. Chandra, 1989, էջ 521

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Chandler, Malcolm; Wright, John (2001). Modern World History. Heinemann Educational publishers. 2nd Review edition. ISBN 0435311417.
  • Chandra, Bipan; Mridula Mukherjee, Aditya Mukherjee, Sucheta Mahajan, K.N. Panikkar (1989). India's Struggle for Independence. New Delhi: Penguin Books. էջ 600. ISBN 9780140107814.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Collett, Nigel (2007 (New ed)). The Butcher of Amritsar: General Reginald Dyer. Hambledon & London. ISBN 1852855754.
  • Forest, G W (2000). The Indian Mutiny 1857–1858. Delhi: Low Price Publications. ISBN 81-7536-196-4.
  • Gandhi, Mohandas (1993). An Autobiography: The Story of My Experiments With Truth. Boston: Beacon Press. ISBN 0807059099.
  • Sofri, Gianni (1995–1999). Gandhi and India: A Century in Focus. Janet Sethre Paxia (translator) (English edition translated from the Italian ed.). Gloucestershire: The Windrush Press. ISBN 1900624125.
  • Nehru, Jawaharlal (1989). Discovery of India. Delhi: Oxford University Press. ISBN 0-19-562359-2.
  • Hoover, Karl. (1985 թ․ մայիս), The Hindu Conspiracy in California, 1913-1918. German Studies Review, vol. 8, German Studies Association, էջեր 245–261, ISSN 0149-7952.
  • Hopkirk, Peter (1997), Like Hidden Fire: The Plot to Bring Down the British Empire., Kodansha Globe, ISBN 1568361270.
  • Collins, Larry; Lapierre, Dominique (1997). Freedom at Midnight. London: HarperCollins. ISBN 0006388515.
  • Sarkar, Sumit (1983). Modern India: 1885-1947. Madras: Macmillan. էջ 486. ISBN 0333904257.
  • Popplewell, Richard J (1995), Intelligence and Imperial Defence: British Intelligence and the Defence of the Indian Empire 1904-1924., Routledge, ISBN 9780714645803.
  • Fraser, Thomas G (1977), Germany and Indian Revolution, 1914-18. Journal of Contemporary History, Vol. 12, No. 2 (Apr., 1977), pp. 255-272., Sage Publications, ISSN 0022-0094.
  • Strachan, Hew (2001), The First World War. Volume I: To Arms, Oxford University Press. USA., ISBN 0199261911.
  • Lovett, Sir Verney (1920), A History of the Indian Nationalist Movement, New York, Frederick A. Stokes Company, ISBN 8175362499
  • Majumdar, R.C. History of the Freedom movement in India. ISBN 0836423763.
  • Philip Mason, A Matter of Honour: An Account of the Indian Army, its Officers and Men
  • Sarkar, B.K. (1921 թ․ մարտ), Political Science Quarterly, vol. 36, The Acedemy of Political Science, էջեր 136–138, ISSN 0032-3195.
  • Seal, Anil (1968). Emergence of Indian Nationalism: Competition and Collaboration in the Later Nineteenth Century. London: Cambridge University Press. ISBN 0521062748.
  • Tinker, Hugh (1968 թ․ հոկտեմբեր), India in the First World War and after.Journal of Contemporary History, 1918-19: From War to Peace., vol. 3, Sage Publications, էջեր 89–107, ISSN 0022-0094.
  • Amales Tripathi, Barun De, Bipan Chandra, Freedom Struggle ISBN 81-237-0249-3