Jump to content

Ոստան (բերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոստան (այլ կիրառումներ)
Ոստան
Նկարագրություն

Ոստան (բերդ), Ոստան Ռշտունյաց, բերդաքաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափին (Աղթամար կղզու դիմաց)։ Հինավուրց բերդը կառուցված էր բարձր բլրի ապառաժոտ գագաթին, շրջափակված էր վիմակերտ պարիսպներով ու հզոր աշտարակներով։ Քաղաքը տարածվում էր ստորոտին։ Մ․ թ․ ա․ IX—VIII դարերում ուրարտական (խուռիերեն) արձանագրություններում հիշատակվում է Ուիշինի, ասորեստանյան (աքքադերեն) սկզբնաղբյուրներում՝ Ուասու (Վասու), Ուաիս (Վաիս) և այլ անվանաձևերով։ Մ․ թ․ ա․ 714 թվականի ամռանը Ուրարտու ներխուժած ասորեստանյան զորաբանակը՝ Սարգոն II թագավորի առաջնորդությամբ, պաշարել է բերդը, սակայն չկարողանալով այն գրավել, կողոպտել ու ավերել է մերձակա բնակավայրերը։ Սարգոնն այն անվանում է Ուրարտուի Ռուսա Ա արքայի գլխավոր հենակետ, պարսպավոր, հզոր, գեղեցիկ ու մեծակառույց բերդաքաղաք։ Հին հայկական աղբյուրներում Ոստանը հիշվում է որպես Մեծ Հայքի Հարավային զորաթևը գլխավորող Ռշտունյաց նահապետի կենտրոն։ Մինչև արաբների նվաճումները (VII դարի կես) Ոստանը մնում էր Ռշտունիների ձեռքում։ VIII դարի վերջին Ոստանը արաբական նվաճողներից ազատագրել և իրենց սեփականությունն են դարձրել Արծրունիները։ X դարի սկզբին Վասպուրականի թագավոր Գագիկ Ա Արծրունին Ոստանը դարձրել է իր գահանիստը։ Անանուն պատմիչը վկայում է, որ Գագիկ Ա վերակառուցել է բերդի պարիսպներն ու աշտարակները, հիմնել պալատներ ու տաճարներ, կառուցապատել քաղաքի փողոցները, դրանք բարեզարդել ծառուղիներով, ծաղկանոցներով, ավազաններով։ Ոստանիի եկեղեցիներից հիշատակվում են Մարիամ Աստվածածինը և Սուրբ Ստեփանոսը։ Արծրունյաց թագավորության անկումից (1021) և սելջուկյան թուրքերի նվաճումներից (XI դարի կես) հետո Ոստանը քանիցս ենթարկվել է օտարների ավերածություններին։ 1424 թվականին այն կործանել է կարակոյունլուների առաջնորդ Իսքանդար ամիրան։ Հետագա դարերում Ոստանի ավերակների վրա հաստատվել են քրդերը։ Պահպանվում են բերդի ավերված պարիսպները, աշտարակների, պալատների ու այլ շինությունների մնացորդներ, հարավարևելյան մասում՝ աշտարակաձև, սրբատաշ սպիտակ քարերով շարված, քանդակազարդ, կաթողիկե գմբեթով շինության ավերակներ (ոճից ենթադրվում է, որ այն եղել է Մանվել ճարտարապետի գործը)։ Բերդը կարելի է բարձրանալ ցամաքից (Վերին ճամփա) և լճի կողմից (ապառաժների մեջ փորված նեղ կածան)։ Ստորգետնյա գաղտնուղին բերդից հասնում էր մինչև Սուրբ Ստեփանոս եկեղեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 639