Ալբերտ Բատել
Ալբերտ Բատել գերմ.՝ Albert Battel | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1891[1] |
Ծննդավայր | Prężynka, Gmina Lubrza, Prudnik County, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան |
Մահացել է | 1952[2] |
Մահվան վայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան և Գերմանիա |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Վրոցլավի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան, սպա, իրավաբան և զինվոր |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Albert Battel Վիքիպահեստում |
Ալբերտ Բատել (գերմ.՝ Albert Battel, հունվարի 21, 1891[1], Prężynka, Gmina Lubrza, Prudnik County, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան - 1952[2], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի փաստաբան, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Վերմախտի սպա։ Հայտնի է նրանով, որ Պշեմիսլի շատ հրեաների պաշտպանել է կործանումից։ 1981 թվականին հետմահու արժանացել է աշխարհի արդարակյացի կոչման։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Բատելը ծնվել է Սիլեզիայի նահանգում՝ կաթոլիկ ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինվոր։ Պատերազմից հետո նա Մյունխենի և Վրոցլավի համալսարաններում սովորել է տնտեսագիտություն և իրավաբանություն, դարձել գիտությունների դոկտոր։ 1925 թվականից աշխատել է որպես նոտար և իրավաբան Վրոցլավում։ 1933 թվականի մայիսին անդամագրվել է նացիստական կուսակցությանը, մասնավորապես, նրա մասնաճյուղին, որը հայտնի էր որպես Նացիոնալ-սոցիալիստական գերմանացի իրավաբանների միություն (գերմ.՝ Bund Nationalsozialistischer Deutscher Juristen): Սակայն արդեն այդ տարի նա օգնել է իր հրեա ազգականին փախչել Շվեյցարիա։ 1936 թվականին դատվել է կուսակցության տրիբունալի կողմից այն բանից հետո, երբ նա կարեկցանք է հայտնել հրեաների իրավազրկված կարգավիճակի հանդեպ։ Բատելը բազմիցս պաշտպանել է հրեա գործընկերներին, ինչպես նաև քաղաքական նկատառումներով հետապնդվողներին։
1942 թվականին՝ 51 տարեկան հասակում, պահեստային ավագ լեյտենանտի կոչումով նրան ուղարկել են լեհական Պշեմիսլ՝ ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնով։ Հրամանատարը եղել է մայոր Մաքս Լիդտկեն (գերմ.՝ Max Liedtke)։
Բատելի գործողությունները 1942 թվականին
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին Լեհաստանում հրեական գետտոներն ինտենսիվ կերպով լուծարվել են, և նրանց բնակիչներին ուղարկել են համակենտրոնացման ճամբարներ։ Հետևաբար, երբ 1942 թվականի հուլիսի 15-ին ՍՍ ստորաբաժանումները փակեկ են Պշեմիսլի գետտոն, Բատելը հասկացել է, թե ինչ է նշանակում դա։ Մի քանի հրեաների հաջողվել է փախչել շրջափակված գետտոյից։ Նրանք գնացել են Բատելի մոտ և օգնություն խնդրել։ Բատելին հաջողվել է համոզել Մաքս Լիդկեին[3], որ գոնե պետք է փրկվեն պատերազմի արդյունաբերության մեջ աշխատող հրեաները։ 1942 թվականի հուլիսի 26-ին Բատելը պարետատան բակում տեղավորել է 90 հրեա աշխատողների։
Հետագայում, Լիդկեի հանձնարարությամբ, պարետատան զինվորները փակել են դեպի գետտո տանող միակ կամուրջը։ Երբ հուլիսի 26-ի կեսօրին նրան մոտեցել է ՍՍ մեքենաների շարասյունը, հրամանատարի ստորաբաժանումները կանգնեցրել են այն և սպառնացել կրակ բացել, եթե առաջ շարժվեն։ Շարասյունն ստիպված է եղել կանգնել մոտակայքում։ Այս ամենը տեղի է ունեցել տեղի զարմացած բնակիչների աչքի առաջ։
Միևնույն ժամանակ, Բատելը վերցրել է բանակի փակ բեռնատարները և մտել գետտո։ Այստեղ նա կրկին կոնֆլիկտ է ունեցել ՍՍ սպաների հետ, որոնք ընդհանրապես չէին ցանկանում ազատել որևէ մեկին։ Այնուհետև Բատելը բացահայտ սպառնացել է, որ կկանչի Վերմախտի զինվորների դասակ և ուժով կչեղքի։ Դրանից հետո միայն դարպասը բացվել է։
Հինգ երթ կատարելուց հետո Ալբերտ Բատելը գետտոյից դուրս է բերել ևս մոտ 100 բանվորի և նրանց ընտանիքների։ Փրկվածները, ընդհանուր առմամբ, մոտ 500 մարդ, տեղակայվել են զորանոցներում՝ պարետատան պաշտպանության տակ։
Պշեմիսլի գետտոյի մնացած հրեաներին ՍՍ-ն խումբ-խումբ դուրս է բերել և ոչնչացրել Բելժեցի համակենտրոնացման ճամբարում։
Պատիժ և հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքը՝ Բատելը, իր գործողությունները հիմնավորել է ռազմական արտադրությունը շարունակելու անհրաժեշտությամբ։ Արդյունքում նա Վերմախտի կողմից դատապարտվել է միայն կարգապահական տույժերի՝ տնային կալանք, պարգևի չեղարկում (Առաջին աշխարհամարտում ստացած երկաթե խաչ) և տեղափոխում մեկ այլ հերթապահ կայան։ Այս մեղմ վերաբերմունքի պատճառն այն է, որ դեռ հրահանգ չի եղել հրեաների նկատմամբ Վերմախտի սպաների «պարտադիր անզիջում վերաբերմունքի» մասին (այն հրապարակվել միայն 1942 թվականի հոկտեմբերին)։
Այլ է եղել ՍՍ-ի վերաբերմունքը, որի հետ Ալբերտ Բատելը բացահայտ կոնֆլիկտի մեջ է մտել։ Դրա իշխանությունները սկսել են փակ հետաքննություն։ Դրա ընթացքում պարզվել է, որ Բատելը նախկինում աչքի է ընկել հրեաների հանդեպ համակրանքով։
Հետաքննությամբ հետաքրքրվել է ՍՍ-ի ղեկավար Հայնրիխ Հիմլեր, որը հետաքննության նյութերի պատճենն ուղարկել է Մարտին Բորմանին։ Կից գրության մեջ Հիմլերը նշել է, որ կարգադրել է ձերբակալել Ալբերտ Բատելին պատերազմից անմիջապես հետո։
Հետագա կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես հետաքննության մանրամասները, այնպես էլ Հիմլերի գրառման բովանդակությունը հայտնի չէին նույնիսկ իրեն՝ Բատտելին։ 1944 թվականին, սրտի հիվանդության պատճառով, նրան աշխատանքից ազատվել է և մեկնել հայրենի քաղաք Վրոցլավ։ Երբ քաղաքը գրավել են խորհրդային զորքերը, նա որոշ ժամանակ անցկացրել է խորհրդային գերության մեջ։ Ազատվելուց հետո Բատելը կրկին փորձել է աշխատել որպես փաստաբան, բայց ապանացիստականացման դատարանը մերժել է նրան։ Բատելը մահացել է Ֆրանկֆուրտում 1952 թվականին սրտի կաթվածից։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Բատելի և ՍՍ մարդասպանների դիմակայությունը հայտնի է դարձել իսրայելցի հետազոտող դոկտոր Զիվ Գոշենի ջանքերի շնորհիվ։ 1981 թվականի հունվարի 22-ին Յադ Վաշեմը հետմահու Բատելին շնորհել է աշխարհի արդարակյացի կոչում[4][5]։
Ալբերտ Բատելի մասին հիշատակվում է BBC-ի «Օսվենցիմ։ Մահվան գործարան» (բնօրինակ անվանումը՝ BBC: Auschwitz: The Nazis and the «Final Solution») վավերագրական ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 The Righteous Among the Nations Database
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Պետք է նշել, որ Մաքս Լիդկեն չի համապատասխանել «Վերմախտի տիպիկ սպայի» բնորոշմանը։ Այսպես, 1929 թվականից մինչև 1937 թվականը նա աշխատել է որպես լրագրող և Greifswalder Zeitung հրատարակչության տնօրեն։
- ↑ «Battel Albert (1891 - 1952)». The Righteous Among The Nations (անգլերեն). Yad Vashem. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Մայոր Մաքս Լիդկեն խորհրդային ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել է 25 տարվա ազատազրկման և մահացել 1955 թվականին Սվերդլովսկ քաղաքի մոտ գտնվող ճամբարում։ 1993 թվականին Լիդկեն՝ որպես մարդ, առանց որի աջակցության 500 մարդու փրկությունը հազիվ թե տեղի ունենար, նա նույնպես արժանացել է աշխարհի արդարակյացի կոչման։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Norbert Haase: Oberleutnant Dr. Albert Battel und Major Max Liedtke — Konfrontation mit der SS im polnischen Przemyśl im Juli 1942. In: Wolfram Wette (Hrsg.): Retter in Uniform. Frankfurt am Main 2002, ISBN 3-596-15221-6, S. 181—208.
- Seev Goshen: Albert Battels Widerstand gegen die Judenvernichtung in Przemyśl. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte (VfZ) 33, Heft 3, 1985, S. 478—488 (online, PDF, 7,6 MB)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Auschwitz: The Nazis and the 'Final Solution'
- «Battel Albert (1891 - 1952)» (անգլերեն). Yad Vashem. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Բատել» հոդվածին։ |
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Լեհաստանում ծնվածներ
- 1952 մահեր
- Ֆրանկֆուրտ քաղաքում մահացածներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի զինվորականներ
- Գերմանացի ռազմական գործիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Վերմախտի սպաներ
- Աշխարհի արդարակյացներ