Արևմտագերմանական լեզուներ
Արևմտագերմանական լեզուներ | |
---|---|
Տարածված՝ | Եվրոպա, Օվկիանիա, Ամերիկա |
Դասակարգում՝ | Գերմանական լեզուներ |
Կազմ՝ |
Գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, աֆրիկաանս, իդիշ, ֆրիզերեն
|
ISO 639-5՝ | gmw |
Արեւմտագերմանական լեզուներ, գերմանական լեզվախմբի երեք մեծ ճյուղերից մեկը։ Այս լեզուների մեջ են մտնում գերմաներենը, անգլերենը, հոլանդերենը, աֆրիկականը, ֆրիզական լեզուները և իդիշը։ Մյուս երկու գերմանական ճյուղերն են Արևելագերմանական լեզուները և Հյուսիսգերմանական լեզուները, որոնցից առաջինը իր կազմում կենդանի լեզուներ չունի։
Անգլերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերենը իր կրողների ընդհանուր թվով երկրորդն է աշխարհում, հարազատ լեզու համարողների թվով՝ երրորդը։ Թեև անգլերենը ավանդականորեն դասակարգվում է արևմտագերմանական լեզուների շարքը, այնուամենայնիվ, որոշ լեզվաբաններ կարծիք են հայտնում, որ այն առավելապես հյուսիսգերմանական լեզու է[1], իսկ ոմանց կարծիքով՝ միջանկյալ լեզու արևմտագերմանական և հյուսիսգերմանական լեզուների միջև։ Ավանդականորեն անգլերենը համարվում է արևմտագերմանական ճյուղի հյուսիսծովային գերմանական խմբի լեզու, սակայն բառապաշարի մեջ զգացվում է լատիներենի և ռոմանական լեզուների խիստ ազդեցությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր արևմտագերմանական լեզուները, ամենայն հավանականությամբ, ունեն նույն արմատները, քանի որ ունեն միայն իրենց հատուկ լեքսեմներ, որոնք բացակայում են և արևելագրեմանական, և հյուսիսգերմանական լեզուներում, ինչպես նաև ընդհանուր արքաիզմներ ու նեոլոգիզմներ։
Արևմտագերմանական նախալեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ լեզվաբանների շրջանում կան մեծ հակասություններ․ արդյո՞ք արևմտագերմանական նախալեզու ընդհանրապես գոյություն ունեցել է, թե՞ արևմտագերմանական լեզուները առաջ են եկել ընդհանուր գերմանական նախալեզվից։ Ժամանակակից լեզվաբանության մեջ առավել ընդունված տեսակետ է հետևյալը․ մ․թ․ա․ երկրորդից առաջին դարերում արևելագերմանական լեզուների առանձնացումից հետո հյուսիսարևմտյան ճյուղում առաջացան չորս հիմնական խմբեր[2] , որոնք էին․
- Հյուսիսգերմանական
- Հյուսիսծովային գերմանական (ինգվեոնյան, անգլո-ֆրիզերենի ու հին սաքսոներենի նախնի)
- Վեսեր-Հռենոսյան գերմանական (իստվեոնյան, հին ֆրանկերենի նախնին, սկիզբ է դրել Ցածր ֆրանկոներենին և Հին Բարձր գերմանական որոշ բարբառների)
- Էլբա-գերմանական (իրմինոնյան, Հին Բարձր գերմանական որոշ բարբառների նախնին, այդ թվում, հավանաբար, լանգոբարդերենի)
Թեև բավական ուսումնասիրված է հյուսիսծովային գերմանական խումբը, սակայն գրեթե ոչինչ հայտնի չէ էլբա-գերմանական և վեսեր-հռենոսյան գերմանական խմբերի մասին։ Այդ անվանումները 1940-ականներին տրվել էին ավելի շուտ հնէաբանական պեղումների արդյունքներն արձանագրելու, ոչ թե լեզուների խմբեր ցուց տալու համար։ Միայն հետագայում այս եզրերը սկսեցին օգտագործվել իրենց ժամանակակից իմաստով՝ ցույց տալու համար այս երկու աշխարհագրական տարածքների միջև լեզվական տարբերությունները։ Այս շրջանում նկատվում է մայրցամաքային գերմանական խմբերի ընդհանուր նմանությունը, որն արտահայտվում է մի շարք լեզվական նորամուծություններում, որոնք չեն նկատվում, օրինակ, արևելագերմանական լեզուներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «English is a Scandinavian language». Science daily. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Kuhn, Hans (1955–56). «Zur Gliederung der germanischen Sprachen». Zeitschrift für deutsches Altertum und deutsche Literatur. 86: 1–47.