Jump to content

Լեո Կուպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Կուպեր
Ծնվել է1908[1][2][3]
Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
Մահացել է1994[2][3]
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունգիտնական և գրող
Հաստատություն(ներ)Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Գործունեության ոլորտիրավունք
Ալմա մատերԲիրմինգհեմի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Հիլդա Կուպեր

Լեո Կուպեր (անգլ.՝ Leo Kuper, 1908[1][2][3], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ - 1994[2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4][5], ամերիկացի սոցիոլոգ, ցեղասպանության մասնագետ։ Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Կուպերը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 24-ին Յոհանեսբուրգում, լիտվացի հրեաների ընտանիքում։ Նրա քույրը՝ Մարին (մահ․՝ 1948) հետագայում եղել է Յոհանեսբուրգի Legal Aid Bureau-ի տնօրենը[5][6]։

Կուպերը սովորել է իրավաբանություն Վիթվաթերսրանդի համալսարանում՝ ստանալով իրավունքի բակալավրի աստիճան[5]։ Որպես փաստաբան՝ Լեո Կուպերը ներկայացրել է աֆրիկացի հաճախորդների շահերը մարդու իրավունքներին վերաբերող դատավարություններում, ինչպես նաև ներկայացրել է երկրի՝ ռասայական խտրականությունից զերծ առաջին արհեստակցական միություններից մեկը[5]։ Օգնել է Հարավաֆրիկյան Հանրապետության՝ իրավաբանական աջակցության առաջին բարեգործական կազմակերպության ստեղծմանը[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1940 թվականից մինչև 1946 թվականը, Լեո Կուպերը՝ որպես հետախուզության սպա ծառայել է Ութերորդ բանակի կազմում Քենիայում, Եգիպտոսում և Իտալիայում[5][7]։ Պատերազմից հետո կազմակերպել է Առողջապահության ազգային ռազմական հուշահամալիր հիմնադրամը (անգլ.՝ National War Memorial Health Foundation), որը սոցիալական և բժշկական ծառայություններ է մատուցել հասարակության բոլոր շերտերի անապահով մարդկանց[5][7]։

Գիտական և քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Լեո Կուպերն ընդունվել է Հյուսիսային Կարոլինայի համալսարան, որտեղ ստացել է սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան[7]։ Դրանից հետո նա աշխատանքի է ընդունվել Անգլիայի Բիրմինգհեմի համալսարանում որպես սոցիոլոգիայի դասախոս[7]։

Բիրմինգհեմում Կուպերը ղեկավարել է հետազոտական նախագիծ, որն ուղղված էր օգնելու Քովենթրի քաղաքը վերականգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծություններից հետո[7]։ Այս նախագծի գագաթնակետը դարձել է «Կյանքը քաղաքներում» (անգլ.՝ «Living in Towns», 1953) գրքի հրապարակումը[7]։ 1952 թվականին Կուպերն ստացել է սոցիոլոգիայի դոկտորի աստիճան Բիրմինգհեմի համալսարանում, ապա տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Դուրբան, որտեղ որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր աշխատանքի է անցել Նաթալի համալսարանում[7]։

Կուպերը եղել է ապարտհեյդի ակտիվ հակառակորդ։ Նրա ղեկավարությամբ Նաթալի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության միակ միասնական ակադեմիական ֆակուլտետը։ Կուպերը և նրա գործընկեր Ֆաթիմա Մեերը ենթարկվել են լրտեսման ապարտհեյդի կառավարության կողմից, նույնիսկ կառավարության լրտեսները ներթափանցել են ամբիոնում անցկացվող դասերին[8]։

Դուրբանում անցկացրած տարիներին Կուպերը դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության լիբերալ կուսակցության համահիմնադիր[9][10][11][12] և եղել Նաթալում նրա մասնաճյուղի նախագահը[5]։ 1956 թվականի դեկտեմբերի 6-ին Կուպերն ու Ալան Պատոնը Լիբերալ կուսակցության անունից ելույթ են ունեցել պետության դավաճանության մեջ մեղադրվողներին օգնելու նպատակով Դուրբանում անցկացվող դրամահավաքի միջոցառման ժամանակ[13]։ Նրանք և չորս այլ բանախոսներ ձերբակալվել են։ 1957 թվականի օգոստոսի 1-ին բոլոր վեց ամբաստանյալներն արդարացվել էին բողոքարկւմից հետո[13]։

1960-ական թվականներին Կուպերը տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), որտեղ նա սկսել է դասավանդել և հետազոտություններ կատարել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում և նշանակվել է սոցիոլոգիայի պրոֆեսոր[10]։ Նրա հրապարակումներից են՝ The Pity of it All, «Պասիվ դիմադրությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում» (անգլ.՝ «Passive Resistance in South Africa») և «Ցեղասպանության կանխարգելումը» (անգլ․՝ «The Prevention of Genocide»)[14]։ Նրա «Ցեղասպանություն։ Դրա քաղաքական կիրառությունը քսաներորդ դարում» (անգլ.՝ «Genocide: Its Political Use in the Twentieth Century», 1981) գիրքը հատկապես լայնորեն արձագան է ստացել[15] և շարունակում է ուսումնասիրվել ավելի քան երեսուն տարի անց[16][17][18][19][20]։

Կուպերը եղել է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի միջազգային խորհրդի հիմնադիրներից մեկը[21]։ 1980-ական թվականների կեսերին նա հիմնել է International Alert ընկերությունը Մայքլ Յանգի, Մարտին Էննալսի և այլոց աջակցությամբ[22][23][24]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Լեո Կուպերն ամուսնացել է մարդաբան Հիլդա Կուպերի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր[5][10]՝ մարդու միջազգային իրավունքների փաստաբան Ջեննի Կուպերը և նկարիչ ու քանդակագործ Մարի Կուպերը[12]։

Հայոց ցեղասպանության ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Կուպերի գիտական հետազոտությունների զգալի մասը նվիրված է 1915 թվականի հայերի ցեղասպանության խնդրի ուսումնասիրությանը։ «Ցեղասպանություն. նրա քաղաքական կիրառությունը XX դարում» (1982) աշխատության մեջ Կուպերը քննում է ցեղասպանության հիմնական սոցիոլոգիական տեսությունները, հայերի օրինակով մոդելավորում ցեղասպանության գործընթացը, ցույց տալիս, որ 1915 թվականին երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը իրականացման իր ձևերով և չափերով գերազանցել է Աբդուլ Համիդ II-ի իրագործած հայկական կոտորածները։

Կուպերը 1915 թվականի ցեղասպանությունը բաժանել է երկու փուլի, առաջին՝ հայերին զինաթափելու մասին հրահանգից (1915 թվականի փետրվար) մինչև առաջին տեղահանությունները ապրիլի սկզբին, երկրորդ՝ բուն տեղահանությունը՝ մանրակրկիտորեն ծրագրված ժամանակի և տեղի առումով։ Կուպերը հերքել է հայերի տեղահանության ռազմական անհրաժեշտության վերաբերյալ դրույթը, գտել, որ հայերի ինքնորոշման պահանջը իշխող էթնոսի (թուրքերի) կողմից ընկալվել է որպես պետության փլուզման սպառնալիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Կուպերը մասնակցել է ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսների, ինչպես նաև հայերի ցեղասպանությանը նվիրված ժողովուրդների մշտական ատյանի նիստերին (1984 թվականի ապրիլ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pust.urbe.it/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=39574
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 MAK (польск.)
  4. Charny, Israel W. "Professor Leo Kuper." Holocaust & Genocide Stud. 8 (1994): 446.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Kuper, Adam. «Obituary: Leo Kuper». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Kuper, Leo
  8. van den Berghe, 1989, էջ 170
  9. Waters, Geoff (2015). «Liberalism interruptus: Leo Kuper and the Durban school of oppositional empirical sociology of the 1950s and 1960s». Transformation: Critical Perspectives on Southern Africa. 88 (1): 43–61. doi:10.1353/trn.2015.0020. ISSN 1726-1368.
  10. 10,0 10,1 10,2 Leslau, Wolf; Maquet, Jacques; Nixon, Charles (1994). «In Memoriam Hilda Kuper, Anthropology: Los Angeles». University of California (English). Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Hilda Kuper, 1911–92». Africa. 64 (1): 145–149. 2011. doi:10.1017/S0001972000036986. ISSN 0001-9720.
  12. 12,0 12,1 "Hilda Kuper". Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/95674. (Subscription or UK public library membership required.)
  13. 13,0 13,1 Paton, Alan (1988). Journey Continued: An Autobiography. Oxford University Press. էջեր 161–162. ISBN 978-0-19-219237-0.
  14. Hance, 1968, էջ 85
  15. «Google Scholar».
  16. «Holocaust and Genocide Recommended Readings».
  17. «What we're reading - MSc in Global Crime, Justice and Security - LLM / MSc - Postgraduate - Edinburgh Law School». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  18. «LaSU - Browse Reading Lists - The Library - University of Salford - A Greater Manchester University». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  19. «Knowlton, J».
  20. «University of Sussex».
  21. Charny, Israel W., ed. (1999). Encyclopedia of Genocide. Vol. Vol. 1. ABC-CLIO. ISBN 978-0-87436-928-1. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  22. Galchinsky, 2008, էջ 99
  23. Totten, Jacobs, էջեր 273-
  24. Totten, Bartrop, էջ 131

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 16