Jump to content

Հոնդուրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնդուրաս
Honduras
Flag of Honduras? Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էAtlántida Department?, Choluteca Department?, Colón Department?, Comayagua Department?, Copán Department?, Cortés Department?, El Paraíso Department?, Francisco Morazán Department?, Gracias a Dios Department?, Intibucá Department?, Bay Islands Department?, La Paz Department?, Lempira Department?, Ocotepeque Department?, Olancho Department?, Santa Bárbara Department?, Valle Department? և Yoro Department?
Պետական լեզուիսպաներեն[1]
ՄայրաքաղաքՏեգուսիգալպա
Պետական կարգհանրապետություն
Օրենսդիր մարմինNational Congress of Honduras?
Երկրի ղեկավարՇավարշ Մահտեսյան
Կառավարության ղեկավարՍիոմարա Կաստրո, Juan Orlando Hernández?[2], Porfirio Lobo Sosa?[2], Roberto Micheletti?[2], Manuel Zelaya?[2], Ricardo Maduro?[2] և Carlos Roberto Flores?[2]
Մակերես112.090 կմ²
Ազգաբնակչություն10 062 994 մարդ (2021)[3]
ՀիմնNational Anthem of Honduras?
ԿարգախոսLibre, Soberana e Independiente
Հիմնադրված է1821 թ.
ԱրժույթԼեմպիրա
Կենտրոնական բանկՀոնդուրասի կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC-6 և America/Tegucigalpa?[4]
Հեռախոսային կոդ+504
Ինտերնետ-դոմեն.hn
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,621[5]
honduras.travel/en/
Հոնդուրասի ռելիեֆը
Հոնդուրասի անձրևային անտառ

Հոնդուրասի Հանրապետություն (Republica de Honduras), պետություն Կենտրոնական Ամերիկայում։ Ողողվում է Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի Ֆոնսեկա ծոցի ջրերով։ Սահմանակից է Նիկարագուային, Սալվադորին, Գվատեմալային։ Տարածությունը 112 090 կմ² է, բնակչությունը՝ 8,5 միլիոն (2013)։ Մայրաքաղաքը՝ Տեգուսիգալպա։ Վարչականորեն բաժանվում է 18 մարզերի։

Պետական կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1965 թվականի սահմանադրության, պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է (առանց վերընտրության իրավունքի)։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ միապալատ Ազգային կոնգրեսը, 1972 թվականին արձակվել է։ Որոշումները փաստորեն ընդունում է Ազգային պաշտպանության գերագույն խորհուրդը, որը 1978 թվականիի պետական հեղաշրջումից հետո իշխանությունը հանձնել է զինվորական խունտային։

Մակերևույթի մեծ մասը հնագույն (արխեյան) բյուրեղային ապարներից կազմված բարձրավանդակ է (բարձրությունը՝ մինչև 2865 մ), ափերի մոտ ցածրադիր հարթավայրեր են։ Օգտակար հանածոներից կան արծաթ, ոսկի, գունավոր մետաղների և երկաթի հանքավայրեր, ծարիր, բոքսիտներ։

Արևադարձային է, պասսատային։ Ամսական միջին ջերմաստիճանը հարթավայրերում 22-26 °C է, բարձրավանդակում՝ 10-24 °C, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ հողմակողմ լանջերին, շատ խոնավ է (տարեկան տեղումները՝ մինչև 3000—5000 մմ)։ Մինչև 600-700 մ բարձրություններում լեոնալատերիտային և կարմիր հողերի վրա տարածված են խոնավ արևադարձային, ավելի բարձր՝ մշտականաչ և խառն անտառները, հովիտներում՝ չորասեր թփուտները։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոնդուրասը ըստ բարձրությունների

90 %-ը (2007) մետիսներ են, 7 %-ը՝ հնդկացիներ, 2 %-ը՝ սևամորթներ և այլք։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Միջին խտությունը 1 կմ² վրա 63 մարդ է (2013)։ Մեծ քաղաքներն են Տեգուսիգալպան, Սան Պեդրո Սուլան, Լա Սեյբան։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XVI դարի սկիզբը երկիրն անվանվել է Իգուերաս կամ Իբուերաս։ Բնիկների՝ հնդկացիների, մի մասը (լենկա, պայա և այլ ցեղեր) ապրում էր նախնադարյան համայնական կարգով, մյուս մասը՝ մայաները, ստեղծել էին Ամերիկայում վաղ դասակարգային բարձր քաղաքակրթություններից մեկը։ 1502 թվականին Քրիստաֆոր Կոլումբոսը հայտնագործեց Հոնդուրասի առափնյա շրջանները։ Իսպանացիները երկիրն անվանեցին Հոնդուրաս (Կաղապար:Lang-sp— խորություն բառից՝ մերձափնյա մեծ խորությունների պատճառով), 1524 թվականից սկսեցին Հոնդուրասի նվաճումը։ 1536 թվականին հնդկացիները առաջնորդ Լեմպիրայի գլխավորությամբ պայքար սկսեցին գաղութարարների դեմ, սակայն պարտվեցին։ 16-րդ դարի կեսին Հոնդուրասը մտավ Գվատեմալայի գեներալ-կապիտանության մեջ։

19-րդ դարի սկզբին Հոնդուրասը մասնակցեց իսպանական գաղութների անկախության պատերազմին և 1821 թվականի սեպտեմբերի 15-ին հռչակեց իր անկախությունը։ Հոնդուրասում ձևավորվեց քաղաքական երկու կուսակցություն՝ պահպանողականների (խոշոր հողատերեր) և լիբերալների (սաղմնավորվող բուրժուազիա)։ 1821 թվականին Հոնդուրասը միացվեց Մեքսիկային, 1823 թվականին մտավ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆեդերացիայի մեջ։ Ֆեդերացիայի կազմալուծումից հետո, 1838 թվականին, հռչակվեց Հոնդուրասի անկախության դեկլարացիան, 1839 թվականի հունվարին ընդունվեց Հոնդուրասի Հանրապետության առաջին սահմանադրությունը։ 19-րդ դարի 40-ական թվականներին սկսվեց օտարերկրյա տերությունների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի էքսպանսիան Հոնդուրաս։ 1884 թվականին ԱՄՆ Հոնդուրասին պարտադրեց ստորացուցիչ մի պայմանագիր, որով Հոնդուրասը փոխառության դիմաց տալիս էր երկաթուղային կոնցեսիաներ և հող՝ բանանի պլանտացիաների համար։ Հոնդուրասի արդյունաբերությունը և արտաքին առևտուրն աստիճանաբար անցան ամերիկյան հանրապետականների ձեռքը։ 1902 թվականին ստեղծվեցին «Յունայթեդ ֆրուտ քոմփանի», 1905 թվականին՝ «Ստանդարտ ֆրուտ էնդ սթիմշիփ քոմփանի» ամերիկյան ընկերությունների պլանտացիաները։ Աշխատանքային ծանր պայմանները և դաժան շահագործումը բազմիցս առաջացրել են հոնդուրասցիների հուզումներ, որոնք ճնշել են ամերիկյան զորքերը (1905, 1907, 1911, 1912 թվականներին)։ Հոնդուրասի ժողովրդի հակահանրապետական պայքարն ուժեղացավ Ռուսաստանում, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ։

1927 թվականին երևան եկան կոմունիստական առաջին խմբերն ու արհմիությունները։ 1933 թվականին ԱՄՆ-ի օգնությամբ Հոնդուրասում հաստատվեց Հոնդուրասի Կարիաս Անդինոյի դիկտատուրան, որն արգելեց դեմոկրատական բոլոր կազմակերպությունները, նոր կոնցեսիաներ տրամադրեց ԱՄՆ-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939—1945) Հոնդուրասը չմասնակցեց, թեև 1941 թվականին պատերազմ հայտարարեց Գերմանիային և Իտալիային։ 1949 թվականին իշխանության գլուխ անցավ ԱՄՆ-ի դրածո Գալվեսը (1949—1954), որի թողտվությամբ ԱՄՆ 1954 թվականին Հոնդուրասի տարածքից ներխուժեց Գվատեմալա։ 1954 թվականի ապրիլին կայացավ Հոնդուրասի մարքսիստների ընդհատակյա կոնֆերանս, որը հայտարարեց կոմկուսի ստեղծման մասին։ 1954 թվականի պրեզիդենտական ընտրություններում հաղթեց լիբերալ Ռ. Վիլյեդա Մորալեսը, սակայն ԱՄՆ-ի ճնշմամբ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեցին, և ժամանակավոր պրեզիդենտ դարձավ Խ. Լոսանո Դիասը։ 1956 թվականի հոկտեմբերին պետական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ զինվորական խունտան։ 1957 թվականի դեկտեմբերին վերստին պրեզիդենտ ընտրված Վիլյեդա Մորալեսը (1957—1963), ժողովրդական հուզումների ազդեցության տակ, հարկադրված էր իրականացնել տնտեսությունն աշխուժացնող միջոցառումներ (մեկ երկաթուղու ազգայնացում, աշխատանքային օրենսգրքի հրապարակում, ագրարային ռեֆորմի նախապատրաստում), որոնք հանդիպեցին ԱՄՆ-ից հովանավորվող ծայրահեղ աջ օպոզիցիայի դիմադրությանը։

1960 թվականին կառավարությունն արգելեց դեմոկրատական հրատարակությունները։ 1961 թվականին Հոնդուրասը խզեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հեղափոխական կառավարության հետ, իսկ 1962 թվականին պահանջեց Կուբային հեռացնել Ամերիկյան պետությունների կազմակերպությունից (ԱՊԿ)։ 1963 թվականի հոկտեմբերին զինվորական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ Օ. Լոպես Արելյանոն, որի կառավարությունը սկսեց հալածել առաջադիմական կազմակերպությունները և ազգային բուրժուազիայի հայրենասիրաբար տրամադրված ներկայացուցիչներին։ 1969 թվականի հուլիսին Հոնդուրասի և Սալվադորի միջև տեղի ունեցավ զինված ընդհարում, որի պատճառներն էին երկու երկրների միջև տնտեսական, տարածքային հակասությունները, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայում ԱՄՆ-ի տարբեր մոնոպոլիաների շահերի բախումը ևն։ Ընդհարումը, որը դադարեցվեց ԱՊԿ-ի միջամտությամբ, չլուծեց երկու երկրների վիճելի հարցերը։ 1971 թվականի հունիսին պրեզիդենտ դարձավ պահպանողական Ռամոն Է. Կրուսը, սակայն 1972 թվականի դեկտեմբերին զինվորական հեղաշրջմամբ նորից իշխանության գլուխ անցավ Օ. Լոպես Արելյանոն։ Իրականացվեցին մի շարք առաջադեմ, սակայն սահմանափակ վերափոխումներ։ 1973 թվականի ապրիլին հրապարակված օրենքով խոշոր հողատերերի չմշակվող հողերը հանձնվելու էին անհող գյուղացիներին, 1975 թվականին ազգայնացվեց անտառային տնտեսությունը, պետության հսկողության տակ անցավ լեռնահանքային արդյունաբերությունը։ 1975 թվականի ապրիլին պետական հեղաշրջմամբ պրեզիդենտ դարձավ Ա. Սելգար Կաստրոն, որի կառավարությունը վարել է պրոիմպերիալիստական քաղաքականություն, ուժեղացրել հակադեմոկրատական հալածանքները։ 1978 թվականի օգոստոսին պետական հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ գեներալ Պ. Պաս Գարսիան։

Պետության դատարանը 2011 թվականի մայիսի 2-ին Զելայայի վրայից հանեց բոլոր մեղադրանքները։ Մասնավորապես, դատարանի որոշմամբ նրա վրայից հանվեցին մեքենայության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքները, քանի որ դատարանը կարծեց, որ իրենք ոտնահարել են անձի իրավունքները։ Մայիսի 29-ին Մանուել Զելայան վերադարձավ հայրենիք[6]։ 2011 թվականի հուլիսին Ճշտի հանձնաժողովը հետաքննության ընթացքում պարզեց, որ նախկին նախագահի նկատմամբ կատարվել է զինված հեղափոխություն[7]։

Ռոբերտո Միչելետտի

Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

(ԱԿ), հիմնվել է 1891 թվականին, արտահայտում է լատիֆունդիական օլիգարխիայի և կաթոլիկական բարձր հոգևորականության շահերը։

Ցույց Հոնդուրասում

Լիբերալ կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

(ԼԿ). հիմնվել է 1891 թվականին, արտահայտում է օտարերկրյա մոնոպոլիաների հետ կապված առևտրա-արդյունաբերական բուրժուազիայի շահերը։

Խոսե Մանուել Զելայա

Հոնդուրասի կոմունիստական կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

(ՀԿԿ), ստեղծվել է 1954 թվականին, գործում է ընդհատակում։

Հոնդուրասի աշխատավորության կոնֆեդերացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

(ՀԱԿ), հիմնվել է 1964 թվականին։

Աշխատավորների գլխավոր կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

(ԱԳԿ), ձևավորվել է 1966 թվականին։

Հոնդուրասի արդյունաբերությունը ըստ քաղաքների
Սան Պեդրո Սուլա հյուրանոցը

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնդուրասը թույլ զարգացած ագրարային երկիր է։ Տնտեսության հիմնական ճյուղերը վերահսկում է ԱՄՆկապիտալը։ Գյուղատնտեսությանը բնորոշ է հողերի մեծ մասի կուտակումը ամերիկյան ընկերությունների ձեռքին։ Մշակում են արևադարձային կուլտուրաներ, որոնք հիմնականում արտահանվում են։ Կարիբյան ծովի ափին տարածված են բանանի պլանտացիաները (բերքահավաքը 1300 հազար ար)։ Մշակում են նաև ծխախոտ, աբակա, բամբակ, սուրճ, ներքին պահանջարկի համար՝ շաքարեղեգ, եգիպտացորեն, լոբի, կորեկ։ Բարձրավանդակի արևելքում զբաղվում են անասնապահությամբ։ Զարգացած է փայտամթերումը։ Արդյունաբերությունը հիմնականում տնայնագործական բնույթ է կրում։ Արդյունահանվում է արծաթ, ոսկի, ցինկ, կապար։ 1976 թվականին արտադրվել է 590 միլիոն կվտ-ժամ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերության ճյուղերն են՝ սննդհամի, ծխախոտի, տեքստիլ և կարի, թաղանթանյութի-թղթի։ Ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է Սան Պեդրո Սուլայի շրջանում և Տեգուսիգալպայում։

Երկաթուղիների երկարությունը 977 կմ է, ավտոճանապարհներինը՝ 9,1 հազար կմ (այդ թվում ասֆալտապատ՝ 1,4 հազար կմ)։ Հոնդուրասի տարածքով է անցնում Պանամերիկյան մայրուղին։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Պուերտո Կորտես, Լա Սեյբա, Տելա (Կարիբյան ծովում) և Ամապալա (Ֆոնսեկա ծոցում)։ Ունի 2 միջազգային օդանավակայան։

Հոնդուրասի ճանապարհային ցանցը

Արտաքին առևտուրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանում է բանան, սուրճ, փայտանյութ, արծաթ, ներմուծում՝ պարեն, նավթ և նավթամթերքներ, քիմիական նյութեր, մեքենաներ և լայն սպառման ապրանքներ։ Արտաքին առևտրի մոտ կեսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Դրամական միավորը լեմպիրան է։ 1 լեմպիրան = 0,5 դոլլարի։

Բժշկա-աշխարհագրական բնութագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970—1975 թվականներին Հոնդուրասում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 430, մահացությունը՝ 6,6, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 34,1։ Կյանքի միջին տևողությունը 49 տարի է։ Հիմնականում տարածված են վարակիչ (մալարիա, որովայնային տիֆ, քութեշ և այլն), վեներական հիվանդությունները և տուբերկուլոզը։ Բնակչության բժշկա-սանիտարական ծառայությունը կազմակերպում է առողջապահության և սոցիալական ապահովության մինիստրությունը։ 1973 թվականին Հոնդուրասում գործել են 40 հիվանդանոց՝ 4 592 մահճակալով (1000 բնակչին՝ 1,15 մահճակալ), 37 պոլիկլինիկա, առողջապահական 73 կենտրոն, բուժկետեր և բժշկական 14 շարժական բրիգադներ։ 1974 թվականին աշխատել են 874 բժիշկ (3 352 բնակչին՝ 1 բժիշկ), 170 ատամնաբույժ, 296 բուժքույր և մանկաբարձ, 1 736 օժանդակ քույր և մանկաբարձ։ Բժշկական կադրեր են պատրաստում Հոնդուրասի Ազգային համալսարանի բժշկական, ատամնաբուժական, դեղագործական ֆակուլտետները։

Լուսավորությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնդուրասում կրթության համակարգի սկզբնական օղակն են 5—6 տարեկան երեխաների համար նախատեսված նախադպրոցական հիմնարկները (հիմնականում՝ մասնավոր)։ 1947 թվականին 7—15 տարեկան երեխաների համար սահմանվել է պարտադիր կրթություն, որը մասամբ է իրականացվում։ 1961 թվականի տվյալներով, 15 տարեկանից բարձր բնակչության 55%-ն անգրագետ էր։ Գործում են պետական աշխարհիկ դպրոցներ և մասնավոր (հիմնականում՝ կաթոլիկ) ուսումնական հաստատություններ։ Ուսման տևողությունը պետական տարրական քաղաքային դպրոցներում՝ 6, գյուղականում՝ 3 տարի է։ Միջնակարգ 5-ամյա դպրոցը (լիցեյ) ունի երկու ցիկլ (3 և 2 տարի)՝ հանրակրթական և հումանիտար ու բնական գիտությունների։ Մասնագիտական կրթություն են տալիս 3 և 5-ամյա գյուղատնտեսակն, տեխնիկական և առևտրական դպրոցները։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում նորմալ դպրոցները և մանկավարժական կոլեջները։ Բարձրագույն կրթությունն իրականացնում է Ազգային համալսարանը (հիմնադրվել է 1847 թվականին, Տեգուսիգալպայում), որն ունի բժշկական, իրավաբանական և սոցիալական գիտությունների, տնտեսագիտական (2), քիմիական և դեղագործական, ատամնաբուժական, ինժեներական ֆակուլտետներ։ Գործում են Ազգային գրադարանը (հիմնվել է 1880 թվականին, 55 հազար գիրք) և Ազգային թանգարանը (Տեգուսիգալպա)։

Ցունամի Տեգուսիգալպայում

Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին լույս է տեսել 14 թերթ և հանդես, որոնցից խոշորներն են՝ «Գասետա» («La Gaceta», 1906 թվականից), «Դիա» («El Dia», 1948 թվականից), «Նասիոնալ» («El Nacional»), «Պուեբլո» («El Pueblo», 1949 թվականից) օրաթերթերը, «Տրաբախո» («Trabajo», 1954 թվականից) բյուլետենը։ 1970 թվականին գործում էր 58 ռադիոկայան։ Տեգուսիգալպայում կա հեռուստատեսային առևտրական կայան։

Գրականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորվել է անկախության հռչակումից (1821) հետո և երկար ժամանակ կրել նմանակման բնույթ։ Իսպանական կլասիցիստական նմուշների օրինակով են գրել քահանա Ռեյեսը (1797—1855 թվականներ, կրոնական ու հայրենասիրական բանաստեղծություններ), սիրային բանաստեղծներ Ագիլուսը (1827-1883), Սիսներոսը (մահացել է 1908 թվականին), Դոմինգեսը (1869-1903)։ Առաջին վեպը՝ «Անխելինա»-ն (1898 թվական, Գուտիերես), գրվել է նատուրալիզմի ոգով։ 20-րդ դարի սահմանագծին տարածվել է մոդեռնիզմը (Տուրսիոս, 1878—1943 թվականներ)։ Բանաստեղծ Ա. Գիլի են Սելայան (18781947 ) արտացոլել է սոցիալական խնդիրներ։ Ռ. Է. Վալիեն (1891—1959) ստեղծել է չափածո և արձակ գործեր («Հայրենի հողի բուրմունքը», 1917,«Չորացած անոթ», 1922)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939—1945) հետո ազգային ազատագրական շարժման շրջանում հանդես եկան իրենց ստեղծագործությունները հարազատ ժողովրդի կենսական խնդիրներին նվիրած գրողներ (Ա. Մեխիա Նիետո, ծնվել է 1900, Կ. Բարրերա, ծնվել 1912, Խ. Կարկամո, 1917—1959), Պ. Օրտեգա, Կ. Իսագիրե, 1894—1956, Ռ. Ամայա Ամադոր, 19161966

Հոնդուրասի հյուսիսային ծովափը
Ֆուերտե դե Օմոա

Ճարտարապետությունը և կերպարվեստը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. 1-ին հազարամյակում Հոնդուրասի տարածքում զարգացել է մայաների մշակույթը (գլխավոր կենտրոնն էր բուրգերով, տաճարներով, քարե կոթողներով Կոպան քաղաքը)։ Հնդկացիների արվեստի ավանդույթները պահպանել են պիպիլ, լենկա (գունազարդ դիմակներ) և հատկապես սումո (բազմագույն անոթներ) ցեղերը։ 16-րդ դարից կառուցվել են վառ երանգավորված կավե հում աղյուսե (ադոբա) միահարկ տներով, կանոնավոր հատակագծերով քաղաքներ (Կոմայագուա, Տեգուսիգալպա)։ 1718 դարերում եկեղեցի-բազիլիկները աշտարակավոր են, մեծ մասամբ՝ խիստ մասնատված, ջնարակված խեցեղենով, քանդակներով և փորագրություններով զարդարված ճակատներով, փայտե առաստաղներին (արտեսոնադո)՝ որմնանկարներով։ 1920 դարերում Հոնդուրասի ճարտարապետությունը հետևել է ինչպես գաղութատիրական ժամանակաշրջանի ավանդույթներին, այնպես էլ Եվրոպայի, ԱՄՆ-ի էկլեկտիկ և նեոկլասիցիստական օրինակներին։ 20-րդ դարում կառուցվել են ժամանակակից ոճով շենքեր և համալիրներ։ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին հանդես են եկել պատմական (ազգային թեմաներով) և կենցաղային գեղանկարչության, դիմանկարի և բնանկարի տեղացի վարպետներ (Պ. Ս. Սյեռա, Կ. Սունյիգա Ֆիգեռոա)։ Ժամանակակից գեղանկարիչները (Ա. Կանալես և ուրիշներ) ռեալիստորեն պատկերում են ժողովրդի կենցաղը, քաղաքների և գյուղերի տեսքը, բանվորների և գյուղացիների կյանքի դրամատիկ կողմերը։

Հոնդուրասի մարզկենտրոնները
Համարը քարտեզի վրա Մարզ Մարզկենտրոն Մակերես,
կմ²
Բնակչություն,
(2006)[8] մարդ
Խտություն,
մարդ/կմ²
1 Անտլանտիդա Լա Սեյբա 4 253 400 787 94,24
2 Չոլուտեկա Չոլուտեկա 4 211 395 000 93,80
3 Կոլոն Տրուխիլիո 8 875 230 000 25,92
4 Կոմայագուա Կոմայագուա 5 196 400 000 76,98
5 Կոպան Սանտա-Ռոսա-դե-Կոպան 3 203 300 000 93,66
6 Կորտես Սան Պեդրո Սաուլա 3 954 1 300 000 328,78
7 Էլ-Պարաիսո Յուսկարան 7 218 331 351 45,91
8 Ֆրանցիսկո-Մորասան Տեգուսիգալպա[9] 7 946 1 350 000 169,90
9 Գրասիաս-ա-Դիոս Պուերտո-Լեմպիրա 16 630 60 000 3,61
10 Ինտիբուկա Լա-Էսպարանսա 3 072 180 000 58,59
11 Իսալաս-դե-լա-Բայյա Ռոատան 261 35 000 134,10
12 Լա-Պաս Լա-Պաս 2 331 150 000 64,35
13 Լեմպիրա Գրասիաս 4 290 250 000 58,28
14 Օկոտեպեկե Օկոտեպեկե 1 680 102 176 60,82
15 Օլանչո Խուտիկալպա 24 351 450 000 18,48
16 Սանտա-Բարբարա Սանտա-Բարբարա 5 115 327 343 64,00
17 Վալյե Նակաոմե 1 565 141 811 90,61
18 Յորո Յորո 7 939 440 231 55,45
Ընդհանուր 112 090 7 693 926 68,64
Հոնդուրասի մարզերը

Մարզերի միջազգային անվանումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Atlántida
  2. Choluteca
  3. Colón
  4. Comayagua
  5. Copán
  6. Cortés
  7. El Paraíso
  8. Francisco Morazán
  9. Gracias a Dios
  10. Intibucá
  11. Islas de la Bahía
  12. La Paz
  13. Lempira
  14. Ocotepeque
  15. Olancho
  16. Santa Bárbara
  17. Valle
  18. Yoro

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 6 // Constitution of Honduras
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://rulers.org/rulh.html#honduras
  3. https://data.worldbank.org/country/HN
  4. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
  5. Human Development ReportUNDP, 2022.
  6. «Հոնդուրասի նախկին նախագահը աքսորից վերադարձել է հայրենիք». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  7. «Հանձնաժողովը պարզեց,որ Զելայայի հանդեպ կատարվել է ռազմական հեղափոխություն». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  8. 2011 թվականի մարդահամար.
  9. Տեգուսիգալպայի տուրիստական կայքը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունների կայքերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոնդուրաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 541