Նյարդային համակարգ
Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։
Նեյրոնների կառուցվածք, հատկություններ և տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Վերջիններից են կարճ ելուստները, որոնք կոչվում են դենդրիտներ, իսկ երկար նյարդաթելը՝ աքսոն, որն ավարտվում է նախասինապսային ելուստով։ Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։
Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 միլիարդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը։ Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով։ Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը։ Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ։ Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին։ Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։
Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։
Գործառական բնույթով տարբերում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական նեյրոններ։ Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգ։ Նրանց մարմինները տեղավորված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում։ Նյարդային հանգույցները նեյրոնների մարմինների կուտակներ են։ Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին։ Միջադիր նեյրոնները տեղավորված են կենտրոնական նյարդային համակարգում և կապ հաստատում զգայական ու շարժողական նեյրոնների միջև։
Նեյրոնը մասնագիտացված բջիջ է, որն ընդունում, մշակում, ծածկագրում, պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը, կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև։ Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը։ Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով։
Նյարդային համակարգի բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ ու սպիտակ նյութ։ Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։
Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։ Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար) համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժինների։
Ուղեկից բջիջներ (նեյրոգլիա)
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային հյուսվածքը նեյրոններից բացի պարունակում է նաև ուղեկից բջիջներ, որոնք գտնվում են նեյրոնների և մազանոթների միջև ընկած տարածությունում ու զբաղեցնում են կենտրոնական նյարդային համակարգի զանգվածի մոտավորապես 40 տոկոսը։
Ուղեկից բջիջները նեյրոններից 3-4 անգամ փոքր են, չունեն երկար ելուստ և նյարդային ազդակներ չեն փոխանցում։ Տարիքի մեծացմանը զուգընթաց նեյրոնները պակասում են, իսկ ուղեկից բջիջները՝ աստիճանաբար ավելանում։ Տարբերում են ուղեկից բջիջների մի քանի տեսակ։ Նրանց մի մասը նեյրոնների համար հենարան է ծառայում ու մասնակցում է նյութափոխանակությանը։ Մյուսները մասնակցում են աքսոնների միելինապատմանը, իսկ երրորդները՝ ամենափոքր բջիջները, թափառող են, օժտված են օտարածին մարմինները կլանելու և մարսելու հատկությամբ՝ ֆագոցիտոզով։
Նյարդային համակարգի հիգիենա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային համակարգի հիգիենայի իրագործումն անհրաժեշտ է նյարդային համակարգի գործունեության բնականոն պայմանների համար։ Կենտրոնական նյարդային համակարգի հոգնածությունն առաջացնում է դիմացկունության նվազում արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ։ Հոգնածությունը թուլացնում է նաև մարդու հիշողությունը։ Դրա կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքի և հանգստի հերթափոխությունը։
Անհրաժեշտ է նաև հետևել սննդի բաղադրամասերին, որովհետև նրանցում հատկապես օրգանական նյութերի պակասը բացասաբար է ազդում հյուսվածքների և առաջին հերթին նյարդային համակարգի վրա։ Երեխաների մեծ մասը վատ է յուրացնում որոշ վիտամիններ, որը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան զարգացման դանդաղեցմանը։
Անհրաժեշտ է նաև խուսափել վարակիչ հիվանդություններից, որոնք երբեմն առաջացնում են ուղեղի անոթների բորբորքային երևույթներ (մենինգիտ)։ Վտանգավոր են նաև վիրուսային հիվանդությունները՝ գրիպը, պոլիոմիելիտը։ Գրիպի վիրուսը կարող է վնասել ուղեղի հաղորդչական ուղիները, իսկ պոլիոմիելիտի հարուցիչները հաճախ վնասում են ողնուղեղի շարժողական նեյրոնները։
Նյարդային համակարգի բնականոն գործունեության համար պետք է խուսափել ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի, կենդանիների և սնկերի թույների, որոշ ծանր մետաղների հնարավոր ազդեցությունից։ Ալկոհոլի ներգործությամբ նյարդային բջիջները հյուծվում են, իսկ նրա տևական օգտագործման դեպքում նեյրոնների մեծ մասը ոչնչանում է, որի հետևանքով դանդաղում է տեղեկատվության փոխանցումը, խանգարվում միջավայրի ազդակների նկատմամբ մարդու պատասխան ռեակցիաները։ Նյարդային համակարգի վրա վնասակար ազդեցություն են թողնում թմրանյութերը, որոնց ազդեցության տակ մարդիկ հաճախ դառնում են ինքնամփոփ, փոխվում է նաև նրանց վարքագիծը։ Ծանր մետաղները (կապարը, սնդիկը և այլն) խիստ վնասակար են ազդում ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նման ազդեցություն են թողնում նաև կենդանիների թույները (օձ, սարդ)։ Անհրաժեշտ է զգուշանալ հնարավոր թունավորումներից։
Վտանգավոր է նաև գլխուղեղի յուրաքանչյուր վնասվածք։ Մեծ կիսագնդերի կեղևի (ՄԿԿ) վնասման դեպքում փոխվում է մարդու վարքագիծը։ ՄԿԿ-ի առանձին բաժինների, օրինակ՝ ծոծրակային բլթի վնասման ժամանակ մարդը կորցնում է լուսային գրգռիչի նկատմամբ պատասխան ռեակցիան, չի ճանաչում առարկաները։ Կեղևի կենտրոնական մասի վնասումն ուղեկցվում է շարժումների խանգարմամբ։ Ուղեղիկի վնասման դեպքում խանգարվում է շարժումների համագործակցությունը։ Նյարդային համակարգի գործառույթի խանգարումներ են առաջանում նաև վախից, ուժեղ ցավից, ուղեղի ցնցումներից, արյունահոսությունից, որոնք կարող են առաջացնել գիտակցության կարճատև կամ տևական կորուստ։ Գիտակցության կորստին նախորդում է գլխապտույտ, աչքերի մթագնում,ականջներում աղմուկի զգացում։ Այդ բոլորի հետ զուգընթաց մարդը գունատվում է, քրտնում, իջնում է վերջույթների ջերմաստիճանը, թուլանում է անոթազարկը, շնչառությունը դառնում է մակերեսային։ Այսպիսի դեպքերում տուժածին պետք է պառկեցնել այնպես, որպեսզի գլուխը ցածր լինի իրանից։ Եթե սկսվում են փսխումներ, ապա հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ որովայնի վրա, այնուհետև արձակել հագուստի կապերը, դեմքը ցողել սառը ջրով և անուշադրի սպիրտով կամ քացախով թրջված բամբակը մոտեցնել քթին՝ շնչելու։ Միաժամանակ անհրաժեշտ է շտապօգնություն կանչել։
Երկարատև բացասական հույզերը, մտավոր գերլարված աշխատանքը առաջացնում են նյարդահոգեկան լարվածություն։ Դրա հետևանքով զարգանում են հոգեկան խանգարումներ, խոցային հիվանդություններ, շաքարախտ, արյան ճնշման կայուն բարձրացում (հիպերտոնիկ հիվանդություն և այլն)։ Ֆիզիկական և մտավոր հոգնածությանը նպաստում են նաև միանման, միակերպ շարժումները, գործողությունները։
Իսկ ինչպե՞ս պահպանել նյարդային համակարգի բնականոն գործունեությունը։
Բացի վերոհիշյալ երևույթների կանխարգելման միջոցառումներից, անհրաժեշտ է նաև խուսաբել բացասական հույզերից, զբաղվել ֆիզիկական վարժություններով, ճիշտ զուգակցել ֆիզիկական և մտավոր աշխատանքը։ Դրա չափազանց կարևոր է մեկ տեսակի գործողությունը փոխարինել մյուսով։ Այդ դեպքում նյարդային բջիջների տարբեր խմբեր հերթափոխությամբ են կրում տեղեկատվության ծանրաբեռնվածությունը։ Գերհոգնածությունից պաշտպանվելու կարևոր միջոցը քունն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նեյրոն
- Հենաշարժիչ համակարգ
- Զգայական համակարգ
- Ռեֆլեքս
- Սոմատիկ նյարդային համակարգ
- Վեգետատիվ նյարդային համակարգ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Медников Б. М. Биология: формы и уровни жизни. — М.: Просвещение, 1994. — 415 с. — ISBN 5-09-004384-1.
- Раубер А. Нервная система // Руководство анатомии человека / перевод Д. К. Третьякова с 8-го изд.. — С.-Петербург: издание К. Л. Риккера, 1911. — Т. 5. — 509 с.
- Nervous system William E. Skaggs, Scholarpedia
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Анатомия человека : Неврология — учение о нервной системе
- The Human Brain Project Homepage Արխիվացված 2017-07-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդային համակարգ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 314)։ |
|