Jump to content

Ուփլիսցիխե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուփլիսցիխե
Նկարագրություն
Տեսակհնագիտական հուշարձան, անձավային բնակավայր և անտիկ քաղաք
ՏեղագրությունՇիդա Քարթլիի մարզ
Երկիր Վրաստան
Կառուցվածմ.թ.ա. 2 հազարամյակ
Քարտեզ
Քարտեզ
 Uplistsikhe Վիքիպահեստում

Ուփլիսցիխե ( վրացերեն՝ უფლისციხე - «Տիրակալի ամրոց»), վիմափոր քաղաք Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Գորիի մունիցիպալիտետում, Կուր գետի ձախ ափին։ Ստեղծվել է մ․թ․ա․ I հազարմյակի 1-ին կեսին, անտիկ շրջանում ու վաղ միջնադարում եղել կենտրոնական Քարթլիի անառիկ ամրոց-քաղաքներից մեկը, IX դարից՝ Վրաստանի կարևոր քաղաքներից, որոշ ժամանակ՝ մայրաքաղաքը։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIII դարում Ուփլիսցիխեն ավերել են մոնղոլները, այն կորցրել է իր պաշտպանական նշանակությունը և վերածվել գյուղական բնակավայրի։ Հովհաննես Դրասխանակերտցին և «Քարթլիի մատյանը» պատմում են X դարում․Ուփլիսցիխեին տիրանալու համար մղվող պայքարի մասին. Սմբատ Խոստովանողը ետ է գրավել այն Ափխազքի թագավոր Կոստանդինից, իսկ նույն դարի վերջին քառորդում Ուփլիսցիխեին տիրացել է Բագրատ IV-ը (ի թիվս այլ աղբյուրների, այդ մասին է վկայում Աթենիի Սիոնի հայերեն արձանագրություններից մեկը)։

Ուփլիսցիխեում հայերը հաստատվել են Սմբատ Խոստովանողի թագավորության տարիներից։ Հետագա դարերում, ներգաղթերի պատճառով, հայոց թիվը ստվարացել է։ XV դարի․ սկզբներին այստեղ են ապաստանել Սյունիքի Սմբատ իշխանն ու նրա որդի Բեշքենը՝ բազմաթիվ հայ ընտանիքների հետ։ Հավանաբար XIV դարում․է կառուցվել Ուփլիսցիխեի հայկական «Սուրբ Նշան» եկեղեցին, որն ավերվել է 1920 թվականի երկրաշարժի ժամանակ։ Մարի-Ֆելիսիտե Բրոսեն տեսել ու նկարագրել է այդ կառույցը, որի պատին ագուցված խաչքարերից մեկի բեկորը պահպանվել է՝ շինարարական արձանագրության պատառիկով։ Ըստ դրա, 1585 թվականին Ուփլիսցիխեում ոմն մահտեսի Մկրտիչ կառուցել է ժայռափոր ուղղանկյուն խորանով «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Այժմ Ուփլիսցիխե գյուղը վերաբնակեցված է Կուրի աջ ափին՝ Քվախվրելի հայաբնակ գյուղի արևմտյան շարունակության վրա։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии (Картли и Кахети), Е., 1985, с. 63-70
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուփլիսցիխե» հոդվածին։