Jump to content

Գյումրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Գյումրի (այլ կիրառումներ) և Կումայրի (այլ կիրառումներ):
Քաղաք
Գյումրի
Դրոշ Զինանշան

Գյումրի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակ
ՀամայնքՇիրակի մարզ
Քաղաքապետի ժ/պՍարիկ Մինասյան
Հիմնադրված էՄ.թ.ա. VIII դար թ.
Առաջին հիշատակումՄ․թ․ա․ 8-րդ դար
Այլ անվանումներմինչև ?Կումայրի
մինչև 1840Գյումրի
մինչև 1924Ալեքսանդրապոլ
մինչև 1990Լենինական
մինչև 1992Կումայրի
Տվյալ կարգավիճակում1840 թվականից
Մակերես36.26 կմ²
ԲԾՄ>1500 մ
Կլիմայի տեսակլեռնային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն118600[1] մարդ (2015)
Խտություն4024.5 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (312)
Փոստային դասիչ3101-3126
Ավտոմոբիլային կոդ45
Պաշտոնական կայքgyumricity.am
Գյումրի (Հայաստան)##
Գյումրի (Հայաստան)
Գյումրի (Շիրակի մարզ)##
Գյումրի (Շիրակի մարզ)

Գյումրի, քաղաք Հայաստանի Շիրակի մարզում։ Բնակչության թվաքանակով Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Բնակավայրի անունն ի սկզբանե եղել է Կումայրի, հետագայում՝ մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2]։ Ռուսական կայսրության տիրապետության ժամանակաշրջանում՝ 1840-1924 թվականներին, այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ։ Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1924-1990 թվականներին, քաղաքը վերանվանվել է Լենինական։ 1990-1992[3] թվականներին կրկին ստացել է հին անունը՝ Կումայրի, այնուհետև վերանվանվել Գյումրի։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալեռներին։

Քաղաքն ունի աշխարհագրական հարմար դիրք, որն ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ հզորության նստվածքներով։ Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196 կմ է, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա՝ 2760 կիլոմետր։ Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։

Քաղաքը տարեկան ստանում է մոտ 2500 ժամ արեգակնային լույս և ջերմություն։ Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակը, որոնք միասին մեկ վայրկյանում տալիս են 1200 լիտր ջուր։ Քաղաքի մոտով հոսում է հանրապետության ջրաշատ գետերից մեկը՝ Ախուրյանը։ Շրջակայքը հարուստ է շինանյութերով՝ տուֆով, բազալտով, կավով, ինչպես նաև սևահողային դաշտերով։ Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է։ Ձմեռը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում։ Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև -41 °C: Ամռանը համեմատաբար շոգ է, սնդիկի սյունը հասնում է մինչև 36 °C-ի, տարեկան տեղումները միջին հաշվով կազմում են 500 մմ։ Գտնվում է 8-9 բալային սեյսմիկ գոտում։

Գյումրիի կլիման լեռնային է՝ համեմատաբար մեղմ ամառով և ցրտաշունչ ձմեռով։ Եղանակն ավելի մեղմ է, քան Սևան քաղաքինը, բայց ավելի ցուրտ է, քան Երևանինը։ Ձմեռը ձյունառատ է ու ցրտաշունչ և դեկտեմբեր ամսից ձգվում է մինչև մարտը ներառյալ։ Գարունը կարճ է և զով։ Այն ընդամենը մեկուկես ամիս է տևում։ Ամառը համեմատաբար տաք է և տևում է հունիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ։ Աշունն էլ աչքի է ընկնում իր տաքությամբ։

  • Ամենատաք ամիսը՝ օգոստոս (միջին ջերմաստիճանը մոտ +19 С°)
  • Ամենացուրտ ամիսը՝ հունվար (միջին ջերմաստիճանը մոտ −9, 7 C°)
Գյումրիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.2
(48.6)
13.9
(57)
20.6
(69.1)
26.2
(79.2)
29.1
(84.4)
33.1
(91.6)
38.0
(100.4)
36.2
(97.2)
34.0
(93.2)
27.9
(82.2)
20.6
(69.1)
14.0
(57.2)
38
(100.4)
Միջին բարձր °C (°F) −3.7
(25.3)
−1.7
(28.9)
4.1
(39.4)
13.1
(55.6)
18.3
(64.9)
22.4
(72.3)
26.3
(79.3)
26.8
(80.2)
23.1
(73.6)
16.1
(61)
8.0
(46.4)
0.0
(32)
12.8
(55)
Միջին օրական °C (°F) −9.5
(14.9)
−7.5
(18.5)
−1.5
(29.3)
6.5
(43.7)
11.7
(53.1)
15.6
(60.1)
19.5
(67.1)
19.5
(67.1)
15.0
(59)
8.5
(47.3)
1.8
(35.2)
−5.3
(22.5)
6.2
(43.2)
Միջին ցածր °C (°F) −14.8
(5.4)
−12.9
(8.8)
−6.8
(19.8)
0.4
(32.7)
5.3
(41.5)
8.6
(47.5)
12.7
(54.9)
12.6
(54.7)
7.6
(45.7)
1.5
(34.7)
−3.5
(25.7)
−9.9
(14.2)
0.0
(32)
Ռեկորդային ցածր °C (°F) −41.0
(−41.8)
−35.0
(−31)
−30.1
(−22.2)
−16.0
(3.2)
−7.6
(18.3)
−3.6
(25.5)
1.4
(34.5)
−1.1
(30)
−4.1
(24.6)
−14.6
(5.7)
−23.8
(−10.8)
−31.2
(−24.2)
−41.0
(−41.8)
Տեղումներ մմ (դյույմ) 23.7
(0.933)
26.7
(1.051)
28.2
(1.11)
54.5
(2.146)
84.6
(3.331)
73.9
(2.909)
43.2
(1.701)
35.7
(1.406)
26.0
(1.024)
38.5
(1.516)
28.2
(1.11)
22.8
(0.898)
486
(19.135)
աղբյուր: Climatebase.ru[4]

Գյումրին քաղաք է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Պեղված իրերից են 1875 թ. շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908 թ. գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջաններն ու դանակները։ 1929 թ. Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր)։

Ալեքսանդրապոլը 1915-1920 թվականներին

Հնում ստացած Կումայրի անվանումը Հակոբ Մանանդյանը կապում է կիմերների հետ, ովքեր սկյութական ցեղերի հետ մասին ներգաղթել են տարածաշրջան մ․թ․ա․ 7-3 դարերում ու հավանաբար բնակություն են հաստատել[5]։

Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում[փա՞ստ]։

Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ Արտավազդ Մամիկոնյանը[6] 773 թվականին գլխավորելով արաբների դեմ պայքարը «…հասներ ի գավառն Շիրակի գյուղն Կումայրի և սպաներ հրամանատարն հարկին»[7]։

Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, ինչի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալի շրջանը դարձավ XIX դարը, երբ 1804 թ.՝ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ, այն հարակից տարածքներով հանդերձ մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը։

Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Այդպես է անվանվել նաև մ.թ. VIII դարում, ինչպես վերը նշեցինք, Ղևոնդ պատմիչի ձեռագրում։ Փաստորեն շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։ Հետո երկար ժամանակ տեղեկություններ չկան, որից հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով, մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թվականին քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ.Ի Լենինի անունով։ Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։

Կումայրիի դերը և նշանակությունը վաղնջական ժամանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնզե զարդեր՝ պեղված Ազատանի մոտի հնավայրում: Շիրակի Երկրագիտական թանգարան
Կավե խեցեղեն՝ հայտնաբերված Ազատանի մոտի հնավայրից: Շիրակի Երկրագիտական թանգարան
Բրոնզե նետասլաքներ և կոճակներ՝ Շիրակի մարզից: Շիրակի Երկրագիտական թանգարան

Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիսարևմտյան ծայրամասերում) և ներկայիս Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։

Առաջին լուրջ հնագիտական ուսումնասիրությունները կատարվել են 1928 թ.՝ Գյումրիի ավազահանքերում. «Կազաչի պոստ»-ում հայտնաբերվել են բրածո կենդանիների (երրորդական շրջանի վերջի, չորրորդականի սկզբի) մնացորդներ (փղի, նախնադարյան ձիու, ցուլի, ուղտի, եղջերվի, ռնգեղջյուրի)։

1941 թ. հողային աշխատանքների ժամանակ, մսի կոմբինատի տարածքում գտնվել է մամոնտի կողոսկր։ 1929 թ. Գյումրիում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI - IX դդ.: 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքի գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր)։ 1943 թ. այդ բնակատեղիում և նրան կից դամբարանադաշտում պեղումներ է կատարել ՀՍՍՀ մշակույթի պատմության ինստիտուտի արշավախումբը՝ Աշխարհբեկ Քալանթարի ղեկավարությամբ։ Առանձնապես արժեքավոր են բնակատեղիում բացված՝ վաղ երկաթի դարի ձուլման արհեստանոցը (կենտրոնում՝ մոխրով լցված վառարան, կողքին՝ խարամի կույտ) և կացնի ձուլման կաղապարը։ Հիմնահողային և սալարկղային դամբարաններից, ուր կատարվել են առանձին և խմբային թաղումներ, հանվել են բրոնզե, կավե և քարե իրեր, որոնց մեջ գերակշռում են գետաքարից և ծակոտկեն բազալտից պատրաստված աշխատանքի գործիքները։ Դրանք բնորոշ են հիմնականում ուշ բրոնզի դարից վաղ երկաթի դարին անցման ժամանակաշրջանին (մ.թ.ա. X - IX դդ.)։ 1952 թ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի արշավախումբը, Տ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բացել է տուֆի և բազալտի կոպիտ, խոշոր կտորներից շարված պատերով, կավածեփ, քառանկյունի բնակարանների հիմքեր և 14 քարարկղային դամբարան։ Գտնված առարկաների (կավամաններ, բրոնզե և երկաթե ապարանջաններ, բրոնզալարից մատանիներ և այլնն) մի մասը վերաբերում են մ.թ.ա. VIII - VII դդ.:

Մսի կոմբինատի տարածքում կատարված հողային աշխատանքների ժամանակ բացված հնագույն ընդարձակ բնակավայրն ունեցել է կիսագետնափոր, խոշոր վեմերով կառուցված քառանիստ բնակարաններ։ Ի հայտ բերված նեոլիթյան քարե գործիքները, խեցանոթների բեկորները, ոսկրե, բրոնզե և երկաթե իրերը վկայում են, որ Կումայրին, որպես բնակավայր քարի, բրոնզի և երկաթի դարաշրջաններում գոյատևել ու զարգացել է։ Նրա բնակիչներն ունեցել են տոհմատիրական կարգերին բնորոշ կենսակերպ։ Այնտեղ հայտնաբերված բրոնզե կոթառով սեպաձև կացինը, պղնձե դաշույնը, ձուլարանը և մետաղներ ձուլելու քարե կաղապարները խոսուն ապացույց են՝ տեղում մետաղաձուլության առկայության մասին։ Ընդ որում՝ Գյումրիի գավառագիտական թանգարանում պահվող մարտական կացինը նման է Միջագետքում (հին Շումերում) մ.թ.ա. IV-III հազարամյակներում արտադրվածին։ Կումայրիում հայտնաբերված բրոնզե, պղնձե և երկաթե զինատեսակները (կացին, դաշույն, նետասլաքներ, ձիու սանձի երկաթե մասեր) վկայում են հեռավոր այդ ժամանակներում տեղում ծանր հետևակազորի ու հեծելազորի առկայության և ընտիր սպառազինության մասին։ Դրանք նաև արտադրության տարբեր ճյուղերի մասնագիտացման, ինչպես նաև Կովկասի և այլ երկրաշրջանների հետ տեղաբնիկների ունեցած մշակութային, տնտեսական առնչությունների ապացույցն են։

Հայտնաբերված սեպաձև արձանագրությունում տեղեկություններ կան Շիրակի տարածքը ներառող այսպես կոչված Էրիախի (Երիախի) երկրի ու նրա բնակավայրերի մասին[8]։

1970 թ. Կումայրի-ամրոց բնակատեղիում գտնված նյութերը վերաբերում են մ.թ.ա. III հազարամյակից մինչև միջնադարն ընկած ժամանակաշրջանին։ Նույն ժամանակաշրջանն ընդգրկող նյութեր են պեղվել նաև թռչնաֆաբրիկայի տարածքում (1971)։ Գյումրիում բացվել են հիմնահողային, սալարկղային, քարարկղային դամբարաններ, դամբարանաբլուրներ, կրոմլեխներ, որոնք պարունակում են մ.թ.ա. X - VII, մասամբ՝ VII - VI դդ. նյութեր։ Հնագիտական նյութերի մեջ գերակշռում են ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սև, փայլեցված, ինչպես և կոպիտ կավամանները, աշխատանքի բրոնզե և երկաթե գործիքները, զենքերն ու զարդերը։ Դրանց մեջ առանձնապես ուշագրավ են թևավոր գառնանգղի և սրբազան ծառի պատկերով՝ նախշազարդ ուրարտական բրոնզե գոտին և կոլխիդաոբանյան տիպի կացնակը։ Առանձին խումբ են կազմում մածուկից, ագատից, սարդիոնից և այլ քարերից պատրաստված ուլունքները։ Բոլոր այդ նյութերը զուգահեռներ ունեն Հայաստանի և շրջակա երկրամասերի հնավայրերից հայտնաբերվածների հետ։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ տեղի հնագույն բնակիչները հաղորդակցվել են շրջակա երկրամասերի հետ։ Գյումրիի հնագիտական նյութերի մեծ մասը պահպանվում են տեղի երկրագիտական թանգարանում։

Կումայրիում հայտնաբերված բրոնզաձույլ դաշույններն իրենց զուգահեռներն ունեն Շիրակավանում կատարված հնագիտական պեղումների ընթացքում ի հայտ բերվածների մեջ։ Իսկ Արթիկի դամբարանադաշտում հայտնաբերված ձեռքի փոքր կացինը նման է Կումայրիում արտադրվածին։ Դրանք անշուշտ, արտադրվել են Կումայրիում, որն, այսպիսով, Շիրակի մյուս բնակավայրներին ևս զինել է անհրաժեշտ զինատեսակներով՝ նրանց օժտելով պաշտպանական կարողություններով։ Կումայրիում վաղնջական ժամանակներից եղել է բերդ։ Շիրակի մյուս բնակավայրերի՝ Արգինա, Մարմաշեն, Գուսանագյուղ, Դարբանդ (այսօր՝ Կարմրաքար), Հոռոմոս և այլն, մոտերքում հայտնաբերվել են նախաքրիստոնեական ամրակառույց բերդերի ավերակներ։ Կարելի է կարծել, որ հնուց ի վեր Շիրակն ունեցել է պաշտպանական զորեղ ուժեր, որոնք զինված են եղել Կումայրիում արտադրված զինատեսակներով[9]։

Գրավոր հիշատակություններ՝ Շիրակի և Կումայրիի վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախաուրարտական բնակավայր. կացարան՝ կենտրոնում ամբար
Նախաուրարտական կիկլոպյան ամրոցի պատ՝ Ազատանի հնավայրում

Շիրակի բազմադարյան պատմության գրավոր էջերը բացվում են Շարայի մասին պատմահայր Մովսես Խորենացու միջոցով՝ մեզ հասած հին հայկական ավանդազրույցով, որի համաձայն Շարան՝ հայոց նախահայր Հայկի ծոռը, եղել է Շիրակ գավառի անվանադիրն ու նրա բնակչության նախահայրը։ Իսկ Շիրակի ու Շարայի մասին առաջին հավաստի գրավոր տեղեկությունը գտնում ենք դեպի Նաիրի երկրներ (Հայկական լեռնաշխարհ) իր արշավանքի մասին Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար I-ի թողած մի արձանագրության մեջ (մ.թ.ա. 1114 թվական)։ Վերջինս պատմում է, թե ինչպես հարավից Հայկական Լեռնաշխարհ ներխուժած ասորեստանյան բանակը հաղթական պատերազմով հասել է Դայաենի երկիր (հետագայում՝ Տայք), և թվարկում այդ ճանապարհին հնազանդեցված Նաիրյան տասնվեց Հզոր լեռները, որոնցից 11-րդը Շախիշարան է, նաև այն 23 ցեղային երկրները, որոնցից երկուսը՝ Աբաենին և Ադաենին գիտնականները տեղադրում են հետագա Շիրակի տարածքում։

Շախիշարան (շախի - շարա) լեռը ձոնված է եղել Շարային, ինչպես նրա եղբայր Ամասիային էր ձոնված և նրա անունն էր կրում Մասիս լեռը։ Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» մեջ կարդում ենք. «Արամայիսը իր որդուն՝ բազմազավակ և շատակեր Շարային, ամբողջ ազգով ուղարկում է մի մերձակա արգավանդ ու բերրի դաշտ, Հյուսիսային լեռան՝ Արագածի թիկունքում, որտեղ շատ ջրեր են հոսում. նրա անունով, ասում են, գավառը կոչվեց Շիրակ»։

Շախիշարա լեռը, ամենայն հավանականությամբ որպես հզոր լեռ, կարող էր լինել միայն Արագածը։ Ասորեստանի արքայի վերոհիշյալ արձանագրության մեջ հիշատակված Աբաենի և Ադաենի տեղանունների ստուգաբանությունը ցույց է տալիս, որ հնագույն ժամանակներում Շիրակը բնակեցված է եղել հնդեվրոպական ցեղերով։ Հնագույն Շիրակի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ պահպանված են ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Դրանց վկայությամբ Շիրակը, Էրիախի անունով, մտնում էր Հայկական Լեռնաշխարհի ողջ հյուսիս-արևելքը բռնած Էթիունի ցեղամիության մեջ։ Էրիախին Հայկական Լեռնաշխարհի հարուստ ցեղային երկրներից մեկն էր՝ հայտնի իր զարգացած տնտեսությամբ, հացահատիկի պաշարով, մանր ու խոշոր եղջերավոր անասունների և ձիերի քանակով ու ռազմական ուժով։ Էրիախիի մասին առաջին հիշատակությունը կա Արգիշտի I-ի (մ.թ.ա. 786-764 թվականներ) Մարմաշենի սեպագրի արձանագրության մեջ։ Ախուրյանի ձորում՝ գետի ձախափնյա ժայռերից մեկին փորագրված այս արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը. «Խալդյան մեծությամբ Արգիշտին ասում է. գրավեցի Էրիախի երկիրը, գրավեցի Իրդանիու քաղաքը՝ մինչև Իշկիգուլու երկիրը»։

Ժամանակին կարծում էին, թե Իրդանիուն գտնվել է Ախուրյանի ձորում և անգամ նույնացնում էին այժմյան Մարմաշենին։ Սակայն, ըստ նորագույն ուսումնասիրությունների՝ Իրդանիուն պետք է փնտրել ոչ թե Մարմաշենի ձորում, այլ ներկայիս Գյումրի քաղաքի տարածքում։ Իրդանիուի այսպիսի տեղեկության ճշմարտացիությունը հաստատվում է մի քանի հանգամանքներով. նախ, որ՝ «Իրդանիու քաղաքը» արձանագրության մեջ հիշատակված է հենց Էրիախիի առնչությամբ, ուրեմն եղել է Էրիախիի կենտրոնատեղին՝ նրա «արքայական քաղաքը»։ Երկրորդը՝ Էրիախիի կենտրոնատեղին՝ նրա ցեղապետ - արքայի նստավայրը, անտարակույս գտնվելու էր նրա տարածքի մի այնպիսի մասում, որտեղից նրա ցեղապետ - արքաները կկարողանային համեմատաբար հեշտությամբ իրականացնել իրենց հսկողությունը, ինչպես տոհմացեղային կազմակերպությունների ու բնակավայրերի, այնպես էլ Էրիախին արտաքին աշխարհին կապող ճանապարհների վրա։ Ուրեմն, Իրդանիուն գտնվել է այնպիսի մի վայրում, որտեղ ձևավորվում էին Էրիախիի (մասնավորապես) և Հայկական լեռնաշխարհի (ընդհանրապես) չորս կողմերն իրար կապող ճանապարհները։ Եվ, վերջապես հնագիտական հարուստ նյութով էլ ապացուցվում է, որ բրոնզե դարից սկսած՝ Շիրակով և հենց այժմյան Գյումրիի տարածքով էր անցնում Կովկասից Առաջավոր և Փոքր Ասիա տանող մայրուղին։ Այդ ճանապարհի՝ հետագայում ևս բանուկ լինելու փաստը հիմք է տալիս հետազոտողներին՝ Իրդանիուն տեղադրելու Կումայրիի - Գյումրիի տարածքում և այն նույնացնելու Չերքեզի ձոր գետակի ձախափնյա բարձրադիր մասում գտնվող Կումայրի հնավայրին։

Իրդանիու քաղաքը, ինչպես համոզված են հնագետները, շարունակել է գոյատևել նաև Սարդուրի II-ի (մ.թ.ա. 764-735 թվականներ) ավերիչ արշավանքներից հետո։ Իր արձանագրության մեջ Սարդուրին գրում է.«Գրավեցի Էրիախի երկիրը, մեկ օրում նվաճեցի։ Մառանները, որ հայրն ու պապն էին Խալդյան հրամանով տիրական՝ ես մեկ (?) հարյուր հիսուն մառան գրավեցի, կողոպտեցի»։

Սարդուրի II-ի հիշատակած մառանները քարանձավային շտեմարաններ, ամբարներ են եղել։ Այս տեսակետից ուշագրավ է Գր. Ղափանցյանի կողմից Կումայրիի տեղանվան մեջ այր՝ քարանձավ, բառի առկայության նշելը, իսկ կում, գում բառերն ունեն կույտ, խումբ իմաստ։ Այսպիսով, Գյումրի անվան Կումայրի նախաձևը նշանակում է անձավախումբ և առնչվում է Շիրակի նախնադարյան այն բնական քարանձավներին, որոնք որոշակի ձևափոխման ենթարկվելուց հետո հնագույն շիրակցուն ծառայել են թե՛ որպես գյուղատնտեսական արտադրանքի (նախ և առաջ՝ հացահատիկի) պահեստավորման վայրեր, թե՛ որպես հուսալի ապաստարաններ։ Կումայրի անվանաձևի Կումիրի համարժեքը հայտնի է մ.թ. XIII դարի սկզբից, իսկ նրա հնչյունափոխված ձևը՝ Կումրին, բարբառային Գումրի ձևով ունի Գյումրի, Գումբրի, Գյումբրի, Գիմրի արտասանական տարբերակները։

Վանի թագավորության վերացումից (մ.թ.ա. 590 թվական) հետո Կումայրին ընդգրկվել է Հայոց միասնական թագավորության՝ Երվանդունիների պետության կազմում։ Աշխարհագրական բարենպաստ դիրքի ու պաշտպանական առավելությունների, իհարկե, նաև Արարատյան դաշտի, Արմավիր մայրաքաղաքի հետ բանուկ ճանապարհով կապված լինելու շնորհիվ Կումայրին բարգավաճել և դարձել է գավառի կենտրոններից մեկը[9]։

Կումայրին Երվանդունիների և Արտաշեսյանների օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան Կումայրի - Գյումրիից

Մ.թ.ա. 520 թվականին Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ը կախման մեջ գցեց Երվանդունիների թագավորությունը, որի տարածքը բաժանվեց 2 վարչամիավորների՝ սատրապությունների։ Կումայրին, Շիրակի մյուս մասերն ընդգրկվեցին 8-րդ սատրապության կազմում, որտեղով անցնում էր Դարեհի կառուցած Շոշ քաղաքից մինչև Փոքր Ասիայի Սարդես քաղաք հասնող «արքայական ճանապարհը»։ Այն Հայաստանը կապում էր Պարսկաստանի, Միջագետքի ու փոքրասիական երկրների հետ և խորապես նպաստում նրա տնտեսության և մշակույթի զարգացմանը։ Կումայրին, դեպի Արմավիր ձգվող երթուղու միջոցով կապված էր այդ ճանապարհին։

Ամենայն հավանականությամբ, Կումայրի տանող ճանապարհով մ.թ.ա. 401 թվականին անցել է նաև Քսենոփոնի գլխավորած 10 հազարանոց զորքը՝ շարժվելով Արարատյան դաշտից դեպի Շիրակ, ապա Տայք՝ խալյուբների երկիր։ Այդտեղից հասել են «սկյութենների» երկիր, որի միջով 20 փարսախ (մոտ 120 կմ) ճանապարհ են անցել՝ «հարթավայր տեղով դեպի գյուղերը, որոնցում, - գրում է Քսենոփոնը, - մնացին երեք օր և պարենավորվեցին։ Այստեղից նրանք անցան չորս կայան՝ 20 փարսախ, դեպի մեծ, բարգավաճ և մարդաշատ մի քաղաք, որը կոչվում էր Գյումնիաս։ Այս քաղաքից երկրի իշխողն ուղեցույց ուղարկեց հելլեններին...»:

Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը գրում է. «... Նահանջող զորքի այս ճանապարհը պետք է ենթադրել Արարատյան դաշտից դեպի Շիրակ, իսկ Գյումնիաս քաղաքը, համաձայն Քսենոփոնի ցույց տված տարածության, պետք է լինի հին Կումայրին... Քսենոփոնի մոտ այս քաղաքի Գոմինաս անունը պարզապես Կումայրի - Գյումրիի անվան աղավաղությունն է»։ Նա կարծում է նաև, որ Գյումնիասի ուղիղ ձևը պետք է լինի Գյումրիաս։ Բայց դժվար է համաձայնել գիտնականի ենթադրության հետ, որ Գյումնիաս - Գյումրին «կենտրոնն է եղել Շիրակ - Վանանդ - Այրարատում գտնվող կիմմերական սկյութական ցեղերի միության և ծագել է ըստ երևույթին կիմմերների Gimmirrai անունից»։

Այն փաստը, որ երկրի իշխողը Գյումնիասից է ուղեկցող ուղարկել հույներին, թույլ է տալիս կարծելու, որ նրա նստավայրն այդ քաղաքում էր։ Գյումնիասի նույնացումը Կումայրի - Գյումրիի հետ ցույց է տալիս, որ վերջինիս մ.թ.ա. 5-րդ դարում արդեն մեծ ու բարգավաճ բնակավայր էր։

Մ.թ.ա. 330-ական թվականներին Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների ժամանակ Կումայրին նույնպես ընդգրկվել է հելլենիստական քաղաքակրթության ոլորտ և հոգևոր - մշակութային ու տնտեսական սերտ առնչություններ է ունեցել Մեծ Հայքի մյուս քաղաքների հետ։ Երվանդունի վերջին թագավոր Երվանդ IV-ը մ.թ.ա. III դարի վերջին Երասխի և Ախուրյանի միախառնման տեղում հիմնում է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը, որը ևս բանուկ ճանապարհով կապված էր Կումայրիի հետ։ Վերջինիս բնակչությունը հոգևոր հաղորդակցություն ուներ նույն թագավորի կողմից Երվանդաշատի մոտ հիմնված պաշտամունքային նոր կենտրոնի՝ Բագարանի հետ, որտեղ Երվանդ IV-ն Արմավիրից տեղափոխել էր հայոց հեթանոսական աստվածների հուշարձանները։

Մ.թ.ա. 201 թվականին Սելևկյան Անտիոքոս III-րդ թագավորի կողմից Մեծ Հայքի կառավարիչ կարգված Արտաշեսը վերացրեց Երվանդունիների հայոց թագավորությունը։ Արտաշեսը նախարարության աստիճանի է բարձրացնում Դիմաքսյաններին, որոնց մի ճյուղն իշխում էր Շիրակում։ Գուցե վերջինիս բնակիչները (նաև կումայրեցիները) սատար են կանգնել Արտաշեսին՝ հետևելով Դիմաքսյաններին։ Մ.թ.ա. 189 թվականին Կումայրին ընդգրկվել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ։ Ստրաբոնի վկայությամբ՝ Արտաշես Ա-ն թագավորն արշավել է Վրաստան։ Այդ արշավանքն, անշուշտ, կատարվել է Արտաշատ - Մարմաշեն - Կումայրի - Վրաստան ճանապարհով, քանի որ նույն այդ ճանապարհով էին սովորաբար հյուսիս արշավող զորքերը Արտաշատից հասնում Վրաստան ու Աբխազիա։ Հայտնի է, որ հետագայում՝ 774 թվականին Արտավազդ Մամիկոնյանը ծառանալով արաբ հարկահանների դեմ, Կումայրիից անցավ Վրաստանի Սամցխե գավառը, անշուշտ, նույն այդ ճանապարհով։

Արտաշես Ա-ից հետո գահակալած նրա որդու՝ Արտավազդ Ա-ի օրոք (մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115 թթ) ինչպես նաև վերջինիս հաջորդներից՝ Տիգրան Բ-րդի (մ.թ.ա. մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 թվականներին) թագավորության տարիներին՝ ընդհուպ մինչև մ.թ.ա. 96 թվականին, Հայաստանը վայելում էր քաղաքական անդորր, տնտեսական ու մշակութային վերելք, ինչը համակել էր անշուշտ, նաև Շիրակն ու նրա բաբախուն կենտրոններից մեկը՝ հնավանդ արժեքներով հայտնի Կումայրին։

Մ.թ.ա. 69 թվականի գարնանը Հռոմի զորապետ Լուկուլլոսի սանձազերծած հայ - հռոմեական պատերազմի ժամանակ Կումայրին հեռու էր ընկած ռազմաբեմերից, ուստի պետք է ենթադրել, որ գրեթե չի տուժել։ Բայց նրա և Շիրակի մյուս բնակավայրերի ռազմիկները չէին կարող զորակից չլինել Հայոց թագավորին՝ երկրի գլխին կախված ահավոր վտանգի ժամանակ։ Հնարավոր է, որ Տիգրան Մեծի օրոք Կումայրիում շարունակել է գործել մետաղաձուլարանը, որտեղ նախկինի պես զենքեր են արտադրվել։ Մ.թ.ա. 66 թվականին Տիգրան Մեծի և հռոմեական զորապետ Պոմպեոսի միջև Արտաշատում կնքված պայմանագրից հետո, վերջինս զորքը շարժեց դեպի Վրաստան (Վիրք)՝ անշուշտ անցնելով նաև Կումայրիով։

Մ.թ.ա. 66 թվականին հայ-հռոմեական պայմանագրի կնքումից հետո ձեռք բերած խաղաղության պայմաններում Կումայրին ևս շարունակել է տնտեսական և մշակութային զարգացումը Տիգրան Մեծի թագավորության վերջնափուլում (մ.թ.ա. 66-55 թվականներ) և նրան հաջորդած որդու՝ Արտավազդ Բ-ի օրոք, ընդհուպ մինչև նրա ողբերգական վախճանը (մ.թ.ա. 34 թ)։ Սակայն մ.թ.ա. 36 թվականին հռոմեական զորքերը Հայաստանով շարժվել են դեպի Պարթևստան, ապա պարտվել և նահանջել են, դարձյալ Հայաստանով։ 34 թ. հռոմեական զորքն Անտոնիոսի գլխավորությամբ ներխուժում է Հայաստան։ Արտավազդ Բ-ը դառնում է Անտոնիոսի նենգադրուժ դավի զոհ։ Վերջինս Հայաստանի ամրակառույց վայրերում զորքեր է տեղակայում, կամենում ավարառության ենթարկել երկրի հատկապես այն ամրոցները, որտեղ գանձեր էին պահվում։ Սակայն, ինչպես հաղորդում է հռոմեացի պատմիչ Դիոն Կասսիոսը, «գանձերի պահապաններն ուշադրություն չդարձրին նրան և զենք կրողներն էլ Արտավազդի փոխարեն թագավոր ընտրեցին նրա որդիներից ավագագույնին՝ Արտաշեսին»։ Չի բացառվում, որ հռոմեացիները փորձել են կողոպտել նաև Կումայրիի անձավներում պահվող գանձերը։ Նրանց հաջողվել է Հայաստանից հափշտակել «թագավորության ամբողջ զարդը», գրում է Հովսեպոս Փլավիոսը։

Շիրակը և Կումայրին վաղ միջնադարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղմիջնադարյան Շիրակին տիրում էին երեք նախարարական տոհմեր՝ Սահառունիները, Դիմաքսյանները և Կամսարականները։ Սահառունիների տիրույթը հարավային Շիրակում էր՝ Սահառունիք կենտրոնատեղիով։ Այս նախարարական տոհմը Հայաստանում ժամանակ առ ժամանակ ազդեցիկներից է եղել։ Մուշկ Սահառունին Արշակ Բ-րդի օրոք (345-368 թվականներ) կաթողիկոսի գլխավորությամբ Կոստանդնուպոլիս գործուղված պատվիրակության մեջ էր, որն իր հետ Հայաստան բերեց Արշակ Բ-ի՝ կայսեր մոտ պատանդության մեջ գտնվող Գնել և Տիրիթ եղբորորդիներին։

Վարազդատ թագավորի օրոք (374-378 թվականներ) բացառիկ բարձր դիրքի էր հասել մեկ այլ Սահառունի՝ Բաթը։ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ «Վարազդատ թագավորը զորավարության և սպարապետության գործը հանձնեց Բաթ Սահառունուն, որ իր դայակն էր... Նա Մուշեղի փոխարեն դարձավ, բոլոր Հայոց զորավար սպարապետը»։ Դիմաքսյանները տեղավորված էի հյուսիսային Շիրակում (բնականաբար Երազգավորսը և Կումայրին ներառյալ)։ Հենց նրանք են առաջատար դեր խաղացել Շիրակում մինչև Կամսարականների այստեղ հայտնվելը։ Դիմաքսյան տոհմի ազդեցիկ դիրքի մասին է խոսում հետևյալ փաստը. Հռոմը ձգտում էր և հարևան Վրաստանի օգնությամբ հասավ Հայոց գահին իր դրածո Միհրդատի հաստատմանը և դա իրականացրեց՝ մեծ դժվարությամբ կոտրելով հայոց բանակի համառ դիմադրությունը։ Հռոմեացի պատմիչ Տակիտոսի հաղորդմամբ՝ հայերի զորքի գլուխ կանգնած էր Դեմոնաքս կուսակալը, որին Հ. Մանանդյանը համարում է Դիմաքսյանների նախնիներից մեկը, որ «Հայաստանի սպարապետն էր ու այդ խառն ու անտերունչ շրջանում աշխատում էր պահպանել Հայաստանի անկախությունը»։

Կամսարական նախարարները համարվում էին Շիրակի և Արշարունիքի ժառանգական սեփականատերեր և կրում էին համապատասխան տիտղոս՝ «տեարք Շիրակայ և Արշարունեաց»։ Արշարունիքը Հայաստանի պատմական գավառներից մեկն է, որը գտնվում է Շիրակի հարավում, Ախուրյանը Երասխին միանալու եռանկյունում։ Կամսարական նախարարական տոհմը սերում էր Արշակունի արքայատոհմի ազգակից պարթևական Կարեն (Կարենի Պահլավ) տոհմից։ Այս տոհմի՝ Հայաստանում հայտնվելը կապված էր Սասանյան Պարսկաստանում նրա դեմ ձեռնարկված հալածանքերի, իսկ Շիրակն ու Արշարունիքը, որպես ժառանգական տիրույթ ստանալը՝ Տրդատ Մեծի (298-330 թվականներ) օրոք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու և տոհմի նախնի Կամսարի մկրտության հետ։ Պատմահայրը գրում է. «Կամսարը ևս յուրայինների հետ մկրտվում է Մեծն Գրիգորի ձեռքով և (Տրդատ) թագավորը նրան ջրից ընդունելով, ժառանգություն է տալիս Արտաշեսի մեծ դաստակերտը, որն այժմ Դրասխանակերտ է կոչվում, և Շիրակ գավառը՝ իբրև իր ազգականին և մտերիմ հարազատին»։ Եվ երբ մկրտությունից 7 օր անց նա վախճանվում է, Տրդատը նրա Արշավիր որդուն «մխիթարելով՝ նշանակում է հոր փոխարեն, նախարարական ցեղ է սահմանում նրա հոր անունով և մտցնում է նախարարությունների թվի մեջ»։ Կամսարական նախարարական տան հետագա վերելքը Շիրակի հին նախարարական տոհմերին՝ Դիմաքսյաններին ու Սահառունիներին, թողեց երկրորդական նախարարությունների կարգավիճակում։ Եթե Հայոց գահնամակում Կամսարականները 13-րդն էին, ապա Սահառունիները՝ 25-րդը, իսկ Դիմաքսյանները՝ միայն 67-րդը, զորանամակում էլ Կամսարականների հեծելազորն իր քանակով (600) կրկնակի գերազանցում էր մյուս երկուսին։

Տրդատ Մեծի գահակալությունից հետո (298 թվական) ընդհուպ մինչև 338 թվականը Կումայրին ապրել է խաղաղ զարգացման շրջափուլ՝ ընդգրկվելով քրիստոնեական քաղաքակրթության ծիրի մեջ։ Ագաթանգեղոսի «Պատմության» հունարեն խմբագրության համաձայն՝ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրվելուց հետո վերադառնալով Հայաստան՝ 13 հոգու ձեռնադրեց եպիսկոպոս։ Նրանցից Արսուկեսը կարգվում է Շիրակի եպիսկոպոս՝ իր ենթակայության տակ ունենալով նաև Կումայրին։

Քարե աշխատանքային գործիքներ՝ կողերին պատկերված սոսու՝ հայոց հնագույն պաշտամունքային ծառի տերևը

330 թվականին Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս տեղափոխվելու շնորհիվ մեծացավ Չինաստանից Բյուզանդիա հասնող միջազգային տարանցիկ առևտրաուղու («Մետաքսյա ճանապարհի») հյուսիսային ճյուղավորման նշանակությունը։ Վերջինս անցնում էր նաև Հայաստանի տարածքով, իսկ նրա մի ճյուղավորումն Արտաշատից ձգվում էր դեպի Կումայրի, որպես «հացի շտեմարան» հռչակված Շիրակով, ապա Աշոցքով հասնում էր Կուրի հովիտ, Թբիլիսի։

Հայաստանի առաջին բաժանմամբ (387 թվական) Կումայրին անցավ պարսից տիրապետության տակ։ Պարսից Շապուհ թագավորի հրամանով, իրենց դիմադիր կեցվածքի պատճառով, Կամսարականները հալածանքների ենթարկվեցին, իսկ նրանց տիրույթներն, այդ թվում՝ Շիրակը, Կումայրին հարքունիս գրավվեցին, Գազավոն Կամսարականը նետվեց Անհուշ բերդը։ Եղիշե պատմիչի հավաստմամբ՝ 451 թվականին Ավարայրի ճակատամարտին կումայրեցիները մասնակցել են Արշավիր Կամսարականի գլխավորությամբ՝ Շիրակի և Արշարունիքի ռազմիկների հետ։ Շիրակի զորագունդն աչքի է ընկել Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Խաղխաղ քաղաքի մատույցներում պարսից զորքի դեմ հայոց բանակի մղած հաղթական մարտում։ Ղազար Փարպեցին վկայում է, որ այդ մարտից առաջ Վարդանը հայոց այրուձին բաժանեց երեք մասի և «աջ կողմում զորագլուխ կարգեց» Արշարունիքի և Շիրակի իշխան Արշավիր Կամսարականին, իսկ նրան օգնական կարգեց Մուշ Դիմաքսյանին, որի տոհմն իշխում էր Շիրակի մի մասին։ Խաղխաղում, ապա Ավարայրում պարսից զորքերի դեմ մղված մարտերին գործում մասնակցություն ունենալու համար Շիրակի և Արշարունիքի տերերը՝ Արշավիր, Թաթ, Վարձ, Ներսեհ և Աշոտ Կամսարականներին պարսիկները դատապարտեցին տաժանակրության՝ աքսորում անցկացնելով մոտ 13 տարի՝ 452-464 թվականներին։ Մուշ Դիմաքսյանը զոհվել էր Խաղխաղի մարտերում, բայց նույն տոհմից կալանված ազատների մեջ հիշատակվում են Թաթուլը և Սատոն։

Հագուստի բրոնզե մասեր և քորոցներ ու քարե աշխատանքային գործիքներ

Շիրակի ռազմիկների մարտական կորովը դրսևորվեց նաև 482-484 թվականներին Վահան Մամիկոնյանի գլխավորած ազատագրական մարտերում։ Շիրակի և Արշարունիքի իշխաններ Ներսեհ և Հրահատ Կամսարականները 482 թվականին Մասիսի հյուսիսային ստորոտում ընկած Ակոռի գյուղի մոտ տեղի ունեցած հաղթական ճակատամարտերում գլխավորում էին ապստամբ բանակի չորս զորագնդերից մեկը։ Ակոռիի ճակատամարտում Շիրակի զորասյունը մարտական փառքով պսակեց իրեն՝ Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ։

Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի 2-րդ բաժանումից (591 թվական) հետո Կումայրին, ամբողջ Շիրակն անցան կայսրության գերիշխանության տակ։ Բայց 602 թվականին պատերազմը վերսկսվեց կողմերի միջև։ Բյուզանդական զորաճամբարը Շիրակում էր։ «Հունաց զորքը,- գրում է Սեբեոս պատմագիրը, - գումարվեց Շիրակի դաշտում և Շիրակավան կոչվող գյուղում»։ Պարսից զորքերի ճնշմանը չդիմանալով՝ բյուզանդական զորքը նահանջեց ոչ հեռու գտնվող Ականից (Ականիս) դաշտը, ապա Գետիկ ավան, որտեղ տեղացի այրերի մասնակցությամբ հակահարված տրվեց պարսիկներին։ Սակայն բյուզանդական զորքը պարտվեց ու նահանջեց, ինչից հետո պարսիկները դաժան հաշվեհարդար տեսան շիրակցիների հետ[9]։

Ալեքսանդրապոլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական մուտքը Գյումրի. 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ռուսական զորագնդերն Արևելյան Հայաստան արշավեցին 1804 թ. մայիսի 29-ին։ Անցնելով Լոռի-Փամբակով, նրանք մտան Շիրակ և բանակեցին Գյումրիից մոտ 18 կմ հեռու ընկած մի վայրում։ Հունիսի 10-ին Փոքր Ղարաքիլիսա (Ազատան) գյուղի մոտ նրանք ընդհարվեցին պարսիկների հետ և հաղթանակ տարան։ Ռուսներին զորակցում էին շիրակցիները, որոնց շարքերում էին նաև գյումրեցիները։ Նույն ժամանակ ռուսական զորքը գրավեց Գյումրին, գերությունից ազատեց 400 հայ ընտանիք։

Փոքր Ղարաքիլիսայի մոտ մղած մարտերով սկսվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը (1804 - 1813 թթ)։ 1804 թ. հունիսի 12-ին ռուսական կորպուսի գլխավոր ուժերը, գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ, մտան Շիրակ, բանակեցին Գյումրիում և նախապատրաստվեցին Երևան արշավելուն։ Հունիսի 15-ին ռուսական գլխավոր ուժերը Գյումրիի, Ապարանի վրայով, շարժվեցին դեպի Երևան։ Հուլիսի 2-ին ռուսները պաշարեցին Երևանի բերդը, բայց այն գրավել չհաջողվեց։ Գյումրին, ամբողջ արևելյան Շիրակը, վերստին անցան պարսից գերիշխանության տակ՝ ենթարկվելով Երևանի սարդարից կախյալ Շորագյալի սուլթանությանը։

1805 թ. հունվարին ռուսական զորքը, գեներալ Նեսվետաևի գլխավորությամբ, դարձյալ արշավեց Արևելյան Հայաստան, մտավ Շիրակ և մարտի 30-ին գրավեց Շորագյալի սուլթանության կենտրոն Արթիկը։ Շիրակի գրավումը հիմք դարձավ Երևանի գավառի գրավման համար։ Սակայն Գյումրիի նկատմամբ սպառնալիքը չվերացավ։ Ուստի 1805 թ. հունիսի 15-ին Փոքր Ղարաքիլիսայից Նեվեստաևը Ցիցիանովին հղած զեկուցագրում նշում է, որ անհրաժեշտ է մեկ գումարտակ տեղակայել Գյումրիում՝ դեպի Կարս և Թալին տանող ճանապարհը փակելու համար։ Գյումրիին սպառնում էին թե՛ պարսիկները, թե՛ թուրքերը։ Թուրքական ուժերի ներխուժումը կանխելու մտահոգությամբ 1805 թ. հունիսի 19-ին Ցիցիանովին ուղղված մեկ այլ զեկուցագրում Նեվեստաևը հույս է հայտնում, որ Գյումրիի ռուսական զորաբաժինը փակելու է թուրքերի ճանապարհը դեպի Շիրակ։ Նա միաժամանակ հավաստիացնում է, որ Գյումրիում գտնվող ռուսական գումարտակը կարող է կանխել նաև պարսիկների հնարավոր հարձակումը։

Ալեքսանդրապոլ, 19-րդ դար: Քաղաքի հյուսիսային հատվածի ընդհանուր տեսարանը

Գյումրիի նկատմամբ սպառնալիքը չվերացավ նաև 1806 թ.-ին։ Ուշագրավ է, որ նույն թվականի հունիսի 16-ին կովկասյան ռազմուղու գլխավոր հրամանատար, գեներալ Գլազենապին ուղղված զեկուցագրում Նեվեստաևը նշում է, որ պարսից զորքը կամենում է հարձակվել Շորագյալի, Փամբակի վրա, բայց նրանց հակահարված են տալու Գյումրիի գրենադերական գնդի մարտիկները, որոնց տրամադրության տակ կա երկու հրանոթ։ Փաստորեն Շիրակի պաշտպանությունը հանձնարարված էր Գյումրիի ռուսական զորաբաժնին։ Մինչդեռ թուրքերն ավելի ու ավելի էին մեծացնում իրենց ուժերը Գյումրիի դիմաց։ Ուստի Նեվեստաևը Գյումրի ժամանած գեներալ Գուդովիչին ուղղած զեկուցագրում (1807 թ., մայիսի 27) անհրաժեշտ է համարում նոր ուժեր հասցնել Գյումրի՝ թուրքերի հարձակումից Շորագյալը պաշտպանելու համար։ Թուրքերը փորձեցին գրավել Գյումրին՝ նրա դեմ նետելով քառապատիկ ավելի ուժեր։ Սակայն Գյումրիից ռուսական զորքը, տեղացիների զորակցությամբ, 1807 թ. հունիսի 17-18-ին տեղի ունեցած մարտերում ուժեղ հակահարված տվեցին թուրքական զորքերին։ Պարսկական զորքը, Աբաս Միրզայի գլխավորությամբ, շարժվեց դեպի Գյումրի, բայց տեղեկանալով թուրքական զորքի պարտության մասին՝ հեռացավ Նախիջևան։ Թեև այդ հաղթանակով ռազմավարական նախաձեռնությունն անցավ ռուսների ձեռքը, բայց Գուդովիչը դեպի Կարս առաջ շարժվելու փոխարեն զորքը պահեց Գյումրիում։

Ալեքսանդրապոլի հուշակոթողը

Ռուսական հրամանատարությունը 1808 թ.-ին վճռեց գրավել Երևանի ու Նախիջևանի խանությունները և Արաքսն ու Ախուրյանը դարձնել ռուս - պարսկական սահմանագիծ։ Սակայն անհաջող անցավ սեպտեմբերին Երևանի դեմ Գուդովիչի ձեռնարկած արշավանքը։ Ելնելով ստեղծված կացությունից՝ ռուսական հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ռուսական սահմաններն ամրացնելու համար։ Հատուկ ուշադրություն դարձվեց Գյումրիին՝ իբրև կարևորագույն ռազմական հենակետ։ Դեկտեմբերի 1-ին այնտեղ տեղաբաշխվեց Անդրկովկասի ռուսական զորքի թիֆլիսյան գումարտակը։

Խրախուսվելով Անգլիայի կողմից՝ Թուրքիան 1809 թ. ապրիլի վերջին, խախտելով դեռևս 1807 թ. օգոստոսին ռուսների հետ կնքած զինադադարը, հարձակվեց նրանց վրա։ Օգոստոսի 22-ին հարձակման անցավ նաև պարսկական զորքը՝ շարժվելով Գյումրիի վրա, սակայն պատշաճ հակահարված ստանալով՝ նահանջեց։ Հաջորդ տարի ևս ռուսական զորքը հաղթեց պարսիկներին՝ Ախալքալաք բերդի մոտ, որտեղ տեղակայված թուրքական զորքը չհամարձակվեց զորակցել դաշնակից պարսիկներին։ Հետաձգվեց ռուսների դեմ թուրք-պարսկական միացյալ ճակատ ստեղծելը։ Եվս մեկ տարի անց ռուսները նոր հաղթանակ տարան թուրքերի դեմ՝ գրավելով Ախալքալաքը։ Ձգտելով ռևանշի՝ թուրքերը 1812 թ. մարտի 23-ին հարձակվեցին Գյումրիի վրա։ Սակայն տեղի ռուսական զորաբաժինը՝ տեղացի հեծյալ աշխարհազորայինների զորակցությամբ, պարտության մատնեց հակառակորդին։

Ռուսական կողմը ջանքեր էր ներդնում տարածքային հարցերը խաղաղությամբ լուծելու համար։ Այդ նպատակով 1812 թ. մայիսի 3-ին պարսիկների հետ բանակցություններ վարելու համար Թավրիզ է մեկնում Ալեքսանդր կայսեր խորհրդական Ֆրեյգանը, ով այցելում է Գյումրի։ "Գյումրիում, - գրում է նա իր ուղեգրության մեջ, - պատկառելի կառուցվածքով մի բերդ կա, որի դիրքը դիմացել է թուրքերի ու պարսիկների հարձակումներին։ Գյումրիից քիչ հեռու երևում են մի գյուղի ավերակները, որտեղ երկու հարյուր թուրք խնդրել էին տեղի հայ բնակիչների հյուրասիրությունը և միևնույն գիշերը այս բարբարոսները կոտորել էին նրանց": Բանակցությունները չհանգեցրին սպասված արդյունքների։ 1812 թ. հոկտեմբերին պարսկական զորքը ներխուժեց Շիրակ, սակայն հակահարված ստանալով ռուսներից՝ նահանջեց։ Խրախուսվելով Անգլիայից՝ պարսից իշխանությունները շարունակում են հարձակումները։ Բայց Ասլանդուզի և Լինքորանի մատույցներում ռուսների տարած հաղթանակները նրանց ստիպեցին հաշտության բանակցություններ վարել։ 1813 թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքված պայմանագրով Պարսկաստանը ճանաչեց Դաղստանի, Վրաստանի, Մերձկասպյան խանությունների, նաև Ղարաբաղի, Լոռու, Փամբակի, Շորագյալի, Ղազախ - Շամշադինի և Սյունիքի միացումը Ռուսաստանին։

Գյուլիստանի պայմանագրով Գյումրին ընդգրկվեց ռուսական տիրապետության ոլորտ, որը հույժ դրական հեռանկարներ բացեց նրա հետագա զարգացման համար։ Հաշվի առնելով Գյումրիի պաշտպանական կարևոր նշանակությունը՝ ռուսական հրամանատարությունն արմացնում է այն, վերածելով զորեղ պատվարի Թուրքիայի և Պարսկաստանի դեմ։ Սակայն ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո Գյումրին, իր ամրությամբ հանդերձ, մնում էր խոցելի, քանի որ դեռևս մնում էր թուրքական և պարսկական սահմաններին մոտիկ։ Նրա դրությունը բարդանում էր հատկապես այն պատճառով, որ Պարսկաստանը, Անգլիայի սատարմամբ, ջանում էր վերացնել Գյուլիստանի պայմանագիրը և վերստին տիրանալ Ռուսաստանին անցած երկրամասերին։ Մերժելով տարածքային վիճահարույց խնդիրները լուծելու վերաբերյալ ռուսների առաջարկները՝ պարսիկներն առանց պատերազմ հայտարարելու, 1826 թ. հուլիս 16-ին ներխուժեցին ռուսական սահմաներ՝ առաջին հարվածը հասցնելով Շիրակին։ Պարսից զորքը, Միրաք գյուղի մոտ ոչնչացնելով ռուսական պահակակետերը, շարժվեց դեպի Գյումրի։ Պարսից զորքը և տեղական թաթարները շրջապատեցին Գյումրին, որի կայազորը, հայ ազխարհազորի օգնությամբ, կարողացավ դիմադրել՝ կտրված լինելով ռուսական մյուս զորամիավորումներից։ Այդ օրերին պարսից զորքը ասպատակեց Գյումրիից ոչ հեռու գտնվող Փոքր Ղարաքիլիսա գյուղը։

Գյումրին գտնվում էր պաշարված վիճակում։ Պարսիկները կտրել էին նրա հետ հաղորդակցման բոլոր ուղիները։ Գյումրիի բնակչությունը տառապում էր պարենամթերքի պակասությունից, բայց շարունակում էր օգնել ռուսական զորամասին։ Գյումրիում ստեղծված ծանր կացության մասին Պասկևիչին գեներալ Կրասովսկու կողմից 1827 թ. օգոստոսի 9-ին ուղղված զեկուցագրում հայտնվում է, որ Գյումրիում զգացվում է պարենամթերքի, զորքի և հրետանու պակաս, հաղորդակցության իսպառ բացակայություն։ Կրասովսկին խնդրում է օժանդակ ուժեր և պարենամթերք ուղարկել Գյումրի՝ ռուսական կայազորին օգնելու համար, շեշտում, որ այն կարող է հայտնվել հույժ օրհասական կացության մեջ, եթե ժամանակին օգնություն չհասցվի։ Բայց ռուսական հրամանատարությունը ստիպված էր առժամանակ հետաձգել Գյումրի օժանդակ ուժեր առաքելը։ Սակայն Գյումրին, իբրև պաշտոնական հույժ կարևոր հենակետ, չէր կարելի թողնել թշնամուն։ Ռուսները քաջ գիտակցում էին, որ իրենց կողմից Գյումրին հակառակորդին զիջելու պարագայում "մեր սահմանն այդ կողմից բաց է մնում", ասված է ռուսական կորպուսի գործողությունների մասին ռազմական տեղեկագրում (1827 թ., օգոստոս)։ Գյումրիի պաշտպանները շուտով ստացան սպասվող օգնությունը՝ օգնական զորուժ և պարենամթերք, և հետ շպրտեցին թշնամուն։ 1827 թ. սեպտեմբերի 20-ին արդեն ամբողջ Շիրակն ազատագրված էր։ Հակառակորդի դեմ մղված մարտերում աչքի ընկան նաև տեղացի հայ աշխարհազորայինները, որոնց կազմում անձնազոհ կերպով մարտնչում էին և կանայք։

Կարսի բերդը մեր օրերում

Այս մարտերի ժամանակ Կովկասյան կորպուսի հետ էր նաև Ա. Գրիբոյեդովը, ով 1827 թ. դեկտեմբերին այցելեց նաև Գյումրի։ Նա Հայաստանում եղել էր սկսած 1819 թ.՝ որպես Պարսկաստանի ռուսական առաքելության քարտուղար և մեծ ջանքեր էր ներդրել Արևելյան Հայաստանի ազատագրման գործում։ Նա Գյումրիում եղավ նաև ռուս - թուրքական պատերազմի ժամանակ՝ 1828 թ. հուլիսի 22-ին, երբ մեկնում էր Կարս։ 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսների կողմից Երևանի գրավմամբ ավարտվեց Արևելյան Հայաստանի ազատագրումը։

Հաջորդ տարի Թուրքմենչայ գյուղում կնքված ռուս - թուրքական պայմանագրով ամրագրվեց Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուս հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Գյումրիի ամրացմանը։ Կառուցվեցին զորանոցներ։ 1828 թ. Թիֆլիսի զինվորական նահանգապետի կողմից Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին ուղղված զեկույցում ասվում էր, որ թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել՝ որպես կարևորագույն ռազմական հենակետ։ Պատերազմը սկսվեց նույն տարվա ապրիլին։ Կովկասյան ճակատում ռուսները ձգտում էին առաջին հարվածն ուղղել Կարս քաղաքին՝ իբրև թուրքերի կարևոր հենակետի։ Թուրքերն իրենց հերթին ջանում էին ուժեղացնել Կարսի պաշտպանությունը։ Այդ նպատակով նրանք Արևմտյան Հայաստանի և Տրապիզոնի վիլայեթի թուրքական և քրդական զորամիավորումները շարժեցին դեպի ռուսական սահման։ Սակայն Գյումրիում ռուսական նախապատրաստությունները կանխեցին այդ հրոսակախմբերի հարձակումը։

1828 թ. հունիսի 14-ին Կովկասյան զորագնդերը Գյումրիից շարժվեցին դեպի Կարս։ Տիգնիս գյուղում նրանց փորձեցին դիմագրավել թուրքերը, սակայն չկարողացան կանգնեցնել ռուսների առաջխաղացումը։ Ռուսական զորքին մեծ օգնություն ցուցաբերեցին նաև գյումրեցիները։ Նրանցից Դիլոն Կարսի վրա ռուսների հարձակման ժամանակ արժեքավոր տեղեկություններ հաղորդեց ռուս հրամանատարությանը։ Հունիսի 28-ին մեկ այլ գյումրեցի ռազմիկ՝ Ղուկաս Մելքոևը հույժ կարևոր տեղեկություններ բերեց Արդահան քաղաքում տեղաբաշխված թուրքական զորքի մասին։ Հունիսի 23-ին Կարսը գրավված էր ռուսների կողմից 1828-1829 թթ. ռուս - թուրքական պատերազմն ավարտվեց Ադրիանապոլսի պայմանագրով (1829 թ., սեպտեմբերի 21830 թ. Կարսից 2500 հայ ընտանիք գաղթեց Հայաստանի՝ ռուսական տիրապետության տարածքներ։ Էրզրումից ևս գաղթականներ եղան։ Նրանց զգալի մասը հաստատվեց Գյումրիում։ Առաջացան ուրույն ավանդույթներով և օրենքներով արհեստավորական համքարություններ։

Հին քաղաքի տեսքը (մանրակերտ)

Պատերազմի ավարտից հետո ռուսներն ամրացնում են Գյումրին՝ դարձնելով այն Անդրկովկասում ռուսական ամենահզոր ամրություններից մեկը։ 1837 թ. ռուս ցար Նիկոլայ I-ի այցելությունից հետո, Գյումրին վերածվեց բերդ-ամրոցի, ապա նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվեց Ալեքսանդրապոլ։ Նույն թվականին ավարտվեց նոր ամրոցի շինարարությունը։ Ամրոցի մեջ կառուցվեց նաև ռուսական եկեղեցի՝ Սուրբ Մեծ Նահատակ թագուհի Ալեքսանդրա Հռոմայեցու անունով (նահատակվել է 314 թ.), որի հիմնարկեքին մասնակցեց նաև Նիկոլայ I կայսրը։ Այդ մասին միանշանակորեն նշված է Վրաստանի քաղաքացիական նահանգապետ Ն. Փալավանդովին ուղղված Կովկասի կառավարչապետ Գ. Ռոզենի գրության մեջ։ Ահա այն ամբողջությամբ.

"Վրաստանի քաղաքացիական նահանգապետ, պարոն իսկական պետական խորհրդական և ասպետ, իշխան Ն. Փալավանդովին. Ողորմած Տեր Կայսրը Բարձրագույնս բարեհաճեց հրամայել Գյումրիի ամրոցն այսուհետև անվանել Ալեքսանդրապոլ, նաև անցած հոկտեմբերի 4-ին Նորին Բարձրության ներկայությամբ հիմնադրված համառուսական եկեղեցին կառուցել ի պատիվ Սուրբ Մեծ նահատակ Ալեքսանդրա թագուհու։ Այսպիսի բարձրագույն ցանկության մասին գեներալ-համհարզ Ադլերբերգը հոկտեմբերի 5-ին թիվ 399 զեկուցագրով տեղեկացրեց ինձ պատշաճ կատարման համար, ավելացնելով, որ ինքը միաժամանակ այդ մասին հաղորդել է պարոն ռազմական մինիստրին՝ Գյումրիի ամրոցի վերանվանվան հրամանը բանակին հայտարարելու համար։ Այդ մասին իրազեկում եմ Ձերդ պայծառափայլություն։ Գեներալ-համհարզ Գ. Ռոզեն։ Շտաբի պետ՝ գեներալ - մայոր Վոլոչևսկի։ Թիվ 3208. 8 նոյեմբերի, 1837 թվական, Թիֆլիս":

Ռուսական ամրոցը (1837 թ.) և Ալեքսանդրա Հռոմեացի եկեղեցին: Առաջին պլանում՝ ամրոցային հրետանին և արկերը:

Գյումրին դասվեց բերդաքաղաքների շարքը։ 1840 թ. Ալեքսանդրապոլը կարգվեց գավառական կենտրոն։ Սակայն նրա նկատմամբ շարունակում էր զգացնել տալ թուրքական սպառնալիքը, որը վերացնելու նպատակով 1853 թ.-ին ռուսական հրամանատարությունը Ալեքսանդրապոլի ու Երևանի հայերից կազմակերպեց 3 հեծյալ հարյուրյակ։

1849 թ. Շիրակում կազմվեց Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառը՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով։ Վերջինս գլխավոր պրիստավի (գավառապետի) «աթոռանիստն էր», Անդրկովկասի ռուսական զորքերի կարևոր ավանպոստը։ Ստեղծվեցին ռազմական ամրություններ, զինվորական ավաններ («Սևերսկի», «Պոլիգոններ», «Կազաչի պոստ»)։

1853 թ. թուրքական 40 հազարանոց բանակը մոտեցավ Ալեքսանդրապոլին՝ պատրաստվելով հարձակման։ Նրանք գրավեցին Բայանդուր գյուղը։ Ալեքսանդրապոլից թշնամուն մոտեցավ ռուսական 7000-անոց զորքը և 800 հոգի հայ աշխարհազորայինների ուղեկցությամբ։ Թուրքերը տեղեկանալով ռուսական ուժերի մոտենալու մասին՝ առանց մարտի բռնվելու հեռացան։ Դրանից հետո ռուսական բանակի ալեքսանդրապոլյան խմբավորման զորամասերը շարժվեցին թշնամու դեմ և ջախջախեցին նրա 30 հազարանոց զորամիավորումը։

1855 թ. նոյեմբերի 16-ին ռուսական զորքը կրկին գրավեց Կարսը (որը թուրքերը կարողացել էին հետ գրավել)։ Ալեքսանդրապոլցիների զգալի մասը կարսեցիներ էին, ովքեր երազում էին հաղորդակցվել Կարսում մնացած իրենց հարազատների հետ։ Նրանց հույսերը չարդարացան, քանի որ Կարսը վերադարձվեց թուրքերին։ Շիրակի հայերը գործուն մասնակցություն ունեցան նաև 1877-1878 թթ. ռուս - թուրքական պատերազմին։ Կովկասյան ճակատում մարտական գործողությունների համար ձևավորվեց 60 հազարանոց Կովկասյան կորպուսը՝ գեներալ Լորիս - Մելիքովի գլխավորությամբ։ Կորպուսի կեսը 1877 թ. ապրիլին կենտրոնացված էր Ալեքսանդրապոլում, որտեղ դեռ նախորդ տարի տեղացի վարպետների օգնությամբ պատրաստվել էր երկու շարժական կամուրջ։ Դրանք հետագայում օգտագործվեցին Ախուրյանի գետանցման ժամանակ։ Ռուս հրամանատարությունը՝ մտահոգված Թուրքիայում ռուսահպատակ բնակչների ճակատագրով՝ ալեքսանդրապոլցի Ավետիս Ձիթողցյանին որպես բանագնաց ուղարկեց թուրքական կողմ՝ բանակցելու և ապահովելու նրանց կյանքը։ Նա հաջողությամբ կատարեց այդ առաքելությունը։ Կովկասյան կորպուսի մարտակա գործողություններին մասնակցում էր ալեքսանդրապոլցի Դանիել Հարությունյանը։ 1877 թ.-ի մայիսի 8-ին ռուսական զորքը Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Կարս։ Գեներալ - լեյտենանտ Լազարևը ժամանելով Ալեքսանդրապոլ՝ ձեռնամուխ եղավ թուրքերին ջախջախելուն ուղղված գործողությունների կազմակերպմանը։ Նոյեմբերի 6-ին Լազարևը խիզախ գրոհով գրավեց անառիկ Կարսը։ Դրանից հետո ալեքսանդրապոլցիներից մի քանիսն արժանացան կառավարական շքանշանների՝ մարտական գործողություններին իրենց նպաստը բերելու համար։

Երկաթուղու կառուցումից (1899) հետո Ալեքսանդրապոլը Արևելյան Հայաստանում դարձավ նշանավոր քաղաք, երկաթուղային կարևոր հանգույց, առևտրական (XIX դարի վերջին քաղաքում կար 430 խանութ ու կրպակ), արհեստավորական, ռազմա-ստրատեգիական և մշակութային կենտրոն։ Քաղաքը հայտնի էր գուսաններով, ժողովրդական երգիչներով (Ջիվանի, Շերամ, Ֆահրազ, Հայաթ և ուրիշներ), ինչպես նաև եկեղեցիներով (նշանավոր է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, XIX դ.)։ Գործում էին օրիորդաց գիմնազիա, առևտրական ուսումնարան, ծխական ու մասնավոր դպրոցներ, տպարաններ, կինոթատրոններ, հրատարակվում էին թերթեր, հանդեսներ, գրքեր, օրացույցներ, տրվում էին թատերական ներկայացումներ։

1902 թ. բացվեց քաղաքային բանկը։ 1913 թ. հիմնվել է ջուլհականոց, սպիրտի 3 ձեռնարկություն, չուգունի ձուլարան և մեխանիկական գործարան։ Մինչև սովետական կարգերի հաստատվելը քաղաքում կար 31 տնայնագործական ձեռնարկություն (օճառի, կաշվի, գարեջրի, աղյուսի, կրի, բրուտագործական, ձիթհան, ալրաղաց և այլն)։

Նախկին Լենինի՝ այժմ Անկախության հրապարակը

Գյումրին ունեցել է հեղափոխական հարուստ ավանդույթ։ Քաղաքի երկաթուղայինները, սերտ կապերի մեջ գտնվելով Անդրկովկասի բանվորական կենտրոնների և ռուս, կայազորի զորամասերում գործող բոլշևիկների հետ, դեռես XX դարասկզբին ստեղծեցին առաջին սոցիալ-դեմոկրատական խմբակները (1902 թ. կայազորում, 1903 թ.՝ քաղաքում)։ Սրանց միավորումից 1905 թ. ստեղծվեց Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը՝. 1905 - 1907 թ. ռուսական առաջին հեղափոխությանը Ալեքսանդրապոլի բոլշևիկներն արձագանքեցին գործադուլային պայքարով։ Նրանց ղեկավարությամբ անցան 1905 թ. մարտին և ապրիլին դեպոյում և երկաթուղային հանգույցում բռնկված բանվորական գործադուլները։ Բոլշևիկների ղեկավարությամբ քաղաքի երկաթուղայինները կազմակերպված մասնակցեցին հոկտեմբերյան համառուսաստանյան քաղաքական գործադուլին (1905

1917 թ. Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից հետո երկրի մյուս արդյունաբերական կենտրոնների օրինակով Ալեքսանդրապոլում ստեղծվեց բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետ, որտեղ աչքի ընկնող դեր էին խաղում բոլշևիկները (տես Ալեքսանղրապոլի բանվորների, զինվորների և գյուղացիների պատգամավորների սովետ)։ 1917 թ. հուլիսին, համաքաղաքային ժողովում, բոլշևիկները կազմակերպչորեն անջատվեցին մենշևիկներից և ստեղծեցին ինքնուրույն ՌՍԴԲ(բ) կ կազմակերպությունը։ 1920 թ.-ի մայիսին Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման համար առաջինն ապստամբություն կազմակերպեցին Ալեքսանդրապոլի բոլշևիկները, Հայաստանի մուսուլման բնակչության և Ադրբեջանական ԽՍՀ-ի օժանդակությամբ[10]։ Ապստամբության պարտության, ինչպես նաև թուրքական օկուպացիայի (1920 թ. նոյեմբեր - 1921 թ. մարտ) հետևանքով խմբավորումը ծանր հարված ստացավ։ Չնայած դրան, այն շարունակեց գործել մինչև սովետական իշխանության հաստատումը։

Գյումրին 1925 թվականին. Ֆրիտյոֆ Նանսենի ալբոմից

1921 թ. ապրիլին տեղի ունեցավ կոմունիստական կազմակերպության I քաղաքային կոնֆերանսը, որին մասնակցեց 32 պատգամավոր։ Լենինականի քաղաքային կուսակցական կազմակերպությունը, մինչև 1930 թ. վարչա-տերիտորիալ բաժանումը, կազմակերպչորեն ենթարկվում էր համանուն գավառային կազմակերպությանը։ Մինչև 1978 թ. հունվարը կայացել է կազմակերպության 29 կոնֆերանս։ 1978 թ. հունվարի 1-ի դրությամբ գործում էր 250 սկզբնական կուսակցական կազմակերպություն՝ 8783 կոմունիստով, և 220 ԼԿԵՄ կազմակերպություն՝ 26967 կոմերիտականով։

1941 - 1945 թթ. շուրջ 8000 լենինականցիներ մասնակցել են «Հայրենական մեծ պատերազմին»։ Նրանցից մոտ 3000 զոհվել է մարտերում։ Արիության, խիզախության, հրամանատարության առաջադրանքները օրինակելիորեն կատարելու համար բազմաթիվ լենինականցիներ արժանացել են մարտական շքանշանների ու մեդալների, իսկ Աշոտ Ամատունին, Արտյոմ Պետրոսյանը և Արամայիս Պողոսյանը՝ Սովետական Միության հերոսի կոչման։

1926 թ. երկրաշարժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թ. հոկտեմբերի 22-ին Լենինականում տեղի ունեցավ երկրաշարժ, որն ընդգրկեց քաղաքի կենտրոնական մասը։ Փլվեցին Սուրբ Գևորգ հունական եկեղեցին, տուֆաշեն երկհարկանի գինեկոլոգիական հիվանդանոցը, քաղաքային բանկը, Տիգրանովների տունը[11]։ Երկրաշարժի ամպլիտուդի մասին տեղեկություններ չկան, բայց զոհերի թիվը հասնում էր 300-ի[12]։

Սպիտակի երկրաշարժ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փլատակներ
Երկրաշարժի զոհերի հուշարձան

1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22, 7 վրկ. Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից ամենաշատը տուժեց Գյումրի քաղաքը։ Երկրաշարժի ուժգնությունը Գյումրիում 9 բալ էր։ Վայրկյանների ընթացքում այն կործանեց քաղաքի մեծ մասը։ Փլվեցին բազմաթիվ դպրոցներ, գործարաններ և բնակելի շենքեր։ Ընդհանուր բնակելի մակերեսի ավելի քան 80%-ը փլվել էր[13]։ Երկրաշարժը տեղի էր ունեցել աշխատանքային օր, որի պատճառով շատ դպրոցականներ և բանվորներ մահացան։ Գյումրին տվեց ավելի քան 17 000 զոհ։

Աղետն անսպասելի էր և ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին հանկարծակիի բերեց։ Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան միայն 2-3 օր հետո։ Բնակչությունն անձնուրացորեն փորձում էր փրկել փլատակների տակ մնացածներին, սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի։ Փրկարարական տեխնիկայի խիստ պակաս կար։ Ընդհանուր առմամբ ողջ Հայաստանում ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, որից հոսպիտալացվել է 12500 մարդ[14]։

Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ավելի քան 40%-ը շարքից դուրս եկավ՝ պայմանավորված լինելով այն բանով, որ Լենինականը Հայաստանի արդյունաբերական կենտրոններից էր (կար շուրջ 40 000) բանվոր։

Մասնագետների հաշվարկներով՝ երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում արտանետված էներգիայի հզորությունը համարժեք էր 1945 թ. Հիրոսիմայի վրա նետված ռումբի նման տասը ատոմային ռումբերի պայթյունի ուժգնությանը։ Երկրաշարժի առաջացրած ալիքը գրանցվել էր Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի լաբորատորիաներում[15]։

Դեկտեմբերի 8-ին Գյումրի ժամանեց ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրերի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, իսկ դեկտեմբերի 10-ին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր նախագահ Միխաիլ Գորբաչովը։

Երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդին օգնություն ցույց տալու նպատակով Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից և ԽՍՀՄ այլ երկրներից Հայաստան եկան հազարավոր փրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլ մասնագետներ։ Շուրջ 170 000 մարդ էվակուացվեց և վերաբնակեցվեց ԽՍՀՄ-ում՝ հիմնականում Կովկասի ծովափնյա վայրերում և հյուսիսային Կովկասում։

Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին շուրջ 113 այլ երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ ԽՍՀՄ փրկարարների հետ համատեղ փրկարարական աշխատանքներում մասնակցում էին ամերիկացիներ, անգլիացիներ, իտալացիներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ, չեխեր, լեհեր, նորվեգացիներ, շվեդներ, արաբներ, հարավսլավացիներ և այլք։ Ընդհանուր առմամբ փրկարարական աշխատանքներին մասնակցում էին շուրջ 2000 մասնագետ։

1988 թվականին Երևանի մատույցներում զոհվեցին հայ ժողովրդին օգնություն շտապող հարավսլավացի 7 օդաչուները։ Նրանց պատվին Գյումրիի Գորկու զբոսայգում կանգնեցվել է հուշակոթող։ Հարավսլավացի օդաչուների նման Գյումրիում զոհվեցին խորհրդային զինծառայողները[16]։

Բազմաթիվ հայ բարերարներ օգնության ձեռք մեկնեցին հայ ժաղովրդին, որոնց թվում էր նաև հայազգի աշխարհահռչակ դերասան և երգահան Շառլ Ազնավուրը, որը հետագայում մեծ եռանդով շարունակեց իր ազգանվեր գործնեությունը։ Մեծն շանսոնյեի արձանը հիմա կանգնեցված է Գյումրիի Աստղի հրապարակում։ Գյումրիում կառուցվեց Ավստրիական թաղամասը, Անգլիական դպրոցը (1990)։ Վերջինիս բացմանը ներկա էր գտնվում Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը[17]։

Հայաստանի անկախությունից հետո օտարերկյա շինարարները լքեցին Գյումրին և այն շուրջ 20 տարի մնաց ավերակների մեջ։ Երբեմնի հզոր արդյունաբերական քաղաքում 2013 թվականի դրությամբ ընդամենը մի քանի գործարաններ են աշխատում՝ այն ոչ լրիվ ուժով։ Վերանորոգվել և վերականգնվել են Գյումրիի գլխավոր փողոցների հարակից շենքերը։ Ամբողջովին վերակառուցվել է Ստրոմմաշինա գործարանի տարածաշրջանի շենքերը և կառուցվել է նոր 58-րդ կամ Անի թաղամասը՝ իր Սուրբ Հակոբ եկեղեցիով։

3 փլված և վնասված եկեղեցիներից մինը՝ Սուրբ Նշանը վերականգնվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու համար բավականին հանգանակություններ են հավաքվել, բայց այն այդպես էլ չեն վերանորոգել։ 2013 թվականի դրությամբ այն հիմա վերակառուցվում է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։ Աշխատանքները գտնվում էին վերջացման փուլում։ Մնացել է ավարտին հասցնել եկեղեցու գմբեթի շինարարությունը և ներքին հարդարման աշխատանքները։ Իսկ երկրաշարժի հետևանքով ավերված Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հին եկեղեցին անուշադրության է մատնված։ Երկրաշարժից հետո այն մեծ վնասվածքներ էր կրել, բայց չէր փլվել։ Լրացուցիչ հենասյուներ էին ավելացվել, որպեսսզի հետագայում այն վերականգնվի։ Բայց այդպես էլ վերականգման աշխատանքեր չսկսեցին և եկեղեցին փլուզվեց 2003 թվականին։

ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տոնակատարության ցուցանակ

Հայաստանի անկախացումից հետո Լենինականը 1990 թ. վերանվանվեց Կումայրիի, իսկ այնուհետև 1992 թ. վերանվանվեց Գյումրիի։ 1988 թ. աղետալի երկրաշարժը հիմնովին քայքայել էր Գյումրիի տնտեսությունը։ Փակվեցին կամ իրենց գործնեությունը գրեթե դադարեցրեցին քաղաքի բոլոր գործարանները։ Շատ նախկին բանվորներ մնացին անգործության մատնված և քաղաքն աստիճանաբար վերածվեծ շուկայական մեծ քաղաքի։ 1995 թ. դրությամբ քաղաքում 3 խոշոր շուկաներ կային, որոնցից մինը ստեղծվեց նախկին սառանարանի գործարանի, իսկ մյուսը նախկին՝ միկրոշարժիչների գործարանի դիմաց՝ ավտոկայան տանող ճանապարհին։

Քաղաքի վերականգնման աշխատանքները բավականին դանդաղ էր ընթանում, քանի որ շենքերը հիմնականում վերականգնվում էին հայազգի բարերարների տրված գումարների հաշվին։ 2013 թ. Գյումրին արդեն գրեթե զուրկ է ավերակներից։ Քաղաքը բարեկարգվել է։ Վերանորոգվել և հիմա աշխատում է Գյումրու Կինոհոկտեմբերը։ Քաղաքի նախկին Կիրովի փողոցը բարեկարգվել է և անվանափախվել է Ռիժկովի ճեմափողոցի։ Կառուցվել է Գյումրու քաղաքապետարանի նոր շենքը, որը գտնվում է Վարդանանց հրապարակում։ Վերականգնվել են քաղաքի գլխավոր փողոցները։

Վարդանանց հրապարակը շատ գեղեցիկ է գիշերը, քանի որ մութն ընկնելիս վառվում են Քաղաքապետարանի և Սուրբ Յոթ Վերք եկեղեցու լույսերը։ Եկեղեցու լուսավորման համար ծախսվել է 20 000 դոլարին համարժեք գումար։

2013 թ. հունիսի 30-ին Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այն նշվեց մեծ տոնակատարությամբ և ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ[18]։

Զինանշան և դրոշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը.

  • Հովազը Բագրատունիների զինանշանն է։ Վերջիններիս նստավայրը եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում։ Շիրակ գավառի արևելյան մասը ներկայումս պատկանում է Հայաստանին և հիմնականում կազմում է Շիրակի մարզը։ Շիրակ գավառի արևմտյան մասը՝ Բագրատունյաց Հայաստանի վերջին մայրաքաղաք Անիով, Հայաստանի դեմ 1920 թվականի ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի և դրա արդյունքները ձևակերպած 1921 թ․ Մոսկվայի պայմանագրի հետևանքով ներկայումս դեռևս պատկանում է Թուրքիային՝ կազմելով վերջինիս Կարսի իլը կամ նահանգը, որի մէջ մտնում է նաև հին Այրարատ նահանգի Վանանդ գավառը։
  • Կամարը, Արագած սարը և եկեղեցին արտահայտում են Գյումրի քաղաքին բնորոշ բնության և ճարտարապետական տարրերը։
  • Լուսավորիչի կանթեղ, ըստ լեգենդի Լուսավորիչի կանթեղն այրվում է Արագածի գագաթների միջև։
  • Ուղղալարը խորհրդանշում է արհեստները և ճշտապահությունը։
  • Ցորենի հասկերը խորհրդանշում են լիությունը։
  • Գիրքն ու քնարը հանդիսանում են կրթության ու գիտության, արվեստի ու մշակույթի խորհրդանիշներ։

Քաղաքի խորհրդանիշ է համարվում նաև մուշուրբան։ 21-րդ դարում գյումրեցիների մոտ սովորություն էր դարձել հյուրերին մուշուրբա նվիրելը (մուշուրբան պղնձե ջրաման է, որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը և խմելիս կլկլոց է լսվում, որի համար էլ անվանում են կլկլան)։ 2013 թվականին Գյումրիում կանգնեցվել է Մուշուրբայի արձանը[19]։

Ալեքսանդրապոլի զինանշանը այլ է եղել՝ ներքևի մասում կար Խաչ և Լուսնի մահիկ, որոնք միմյանցից բաժանվում էին սանդուղքով։ Սանդուղքը խորհրդանշել է այն, որ ցանկացած ալեքսանդրապոլցու սոցիալական աճի, վեր բարձրանալու հնարավորություն է ընձեռվում։ Խաչը խորհրդանշել է Արևելյան Հայաստանը, իսկ մահիկը՝ Արևմտյան Հայաստանը, որտեղից էլ գաղթել է Գյումրու բնակչության զգալի մասը։ Զինանշանի պատկերը կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։

Քաղաքի դրոշը ավագանու կողմից հաստատվել է 2011 թվականին։ Այն սպիտակ գույնի է՝ ոսկեզօծ երիզով։ Դրոշի կենտրոնում գտնվում է կարմիր խաչը՝ հովազի ոսկեգույն պատկերով։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը է 1:2-ի։ Դրոշի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը.

  • Սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղ ապրելու կամքը,
  • Կարմիր խաչը ժողովրդի հարատևման և քրիստոնեական հավատքի խորհրդանիշն է,
  • Բագրատունյաց զինանշանը հանդիսացող ոսկեգույն հովազը խորհրդանշում է Հայաստանի անկախությունն ու պետականությունը[20]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 94,8%-ը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, քրդեր, հույներ։ 1831 թ. ուներ 3444, 1914 թ.՝ 51316: 1926 - 1978 թթ. բնակչությունն ավելացել է մոտ 5 անգամ։ 1977 թ. ժողտնտեսության տարբեր բնագավառներում զբաղված էր շուրջ 80 000 մարդ։ Բնակչության թվաքանակը խիստ կերպով նվազել է 1926 և 1988 թթ. ավերիչ երկրաշարժերի պատճառով։ Ըստ 2011 թ. անցկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների՝ քաղաքի բնակչության թիվը կազմում է 121976 մարդ[21]։

Գյումրու մշտական բնակչության թվի փոփոխությունը.

Տարի 1829 1830 1850 1873 1897 1914
Բնակիչ 600 4 000 15 000 20 000 30 600 51 316
Տարի 1923 1926 1935 1939 1959 1970 1984 1989 2001[21] 2011[21] 2015[1]
Բնակիչ 58 630 42 385 78 500 67 700 108 400 164 966 220 400[22] 122 587 150 917 121 976 118 600

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան երկրաշարժը Գյումրին եղել է մեծ արդյունաբերական կենտրոն։ Քաղաքում գործող տեքստիլ գործարանն ուներ ավելի քան 6000 բանվոր։ Այն աշխատում էր 3 հերթով և բազմաթիվ աշխատակիցներ կային նաև ԽՍՀՄ մյուս երկրներից, որոնց հանրակացարաններ էին տրամադրում։ Գյումրին հզոր տրանսպորտային կենտրոն էր։ Գյումրու երկաթուղին այնպիսի կարևոր դեր ուներ ԽՍՀՄ-ի համար, որ երբ Լենինը Գյումրին իր հարակից տարածքներով հանձնեց Թուրքիային, սակայն հետո մտափոխվեց և Գյումրին հետ վերցրեց[փա՞ստ]։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենինականի տեքստիլ կոմբինատի մուտքը

Սովետական կարգերի հաստատումից հետո Գյումրիում ստեղծվել է բազմաճյուղ արդյունաբերություն (տեքստիլ-տրիկոտաժի, մեքենաշինական, շինանյութերի, սննդի, կոշիկի, կարի, փայտամշակման, ապակու և այլն)։ Քաղաքի ավելի քան 50 ձեռնարկություններում աշխատում էր մոտ 40 000 բանվոր-ծառայող, թողարկվում էր ավելի քան 700 տեսակ արդյունաբերական ապրանք 370 միլիոն ռուբլու ընդհանուր արժեքով (1977)։ Տնտեսության առաջատար ճյուղը թեթև արդյունաբերությունն էր՝ հատկապես բամբակե գործվածքեղենի արտադրությունը (տալիս էր քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 54, 8%-ը)։ Միավորում էր 11 ձեռնարկություն, այդ թվում՝ Մայիսյան ապստամբության անվան Լենինականի տեքստիլ կոմբինատը, Վալերի Չկալովի անվան կարի և «Արշալույս» գուլպա-նասկեղենի արտադրական միավորումները, Լուկաշինի անվան մանարանը, տրիկոտաժի ֆաբրիկաները։

Գյումրին ՍՍՀՄ տեքստիլ արդյունաբերության կարևոր կենտրոններից էր և ամենախոշորը Հայկական ՍՍՀ-ում։ Հանրապետությունում առաջինը Գյումրիում հիմք դրվեց տրիկոտաժեղենի արդյունաբերությանը։ 1924 թ. «Մեղու» արտելի բազայի վրա ստեղծվեց գուլպա-տրիկոտաժեղենի առաջին ֆաբրիկան, որը 1980 թ. դրությամբ հանրապետության թեթև արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից է։ Կարևոր ճյուղերից էին նաև կոշիկի ու կարի արդյունաբերությունը։

Գուլպա-նասկեղենի գործարանը

Գյումրին մեքենաշինական կարևոր կենտրոն էր. տալիս էր քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 22, 8%-ը (1977)։ Գործում էր 13 մեքենաշինական գործարան։ Առաջատար ճյուղերն էին էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը, հաստոցաշինությունը, սարքաշինությունը։ Խոշոր ձեռնարկություններից էին հղկող հաստոցների, դարբնոցա-մամլիչային սարքավորումների, էլեկտրատեխնիկական, միկրոէլեկտրաշարժիչների, կենցաղային էլեկտրասարքավորումների, «Ստրոմմաշինա» սարքաշինական գործարանները։ Ստեղծվել էր կենտրոնական ձուլարան։ Գործում էին երկաթուղու շարժական կազմի վերանորոգման, դարբնոցա-մամլիչային սարքավորումներ, քարհատ ու քար մշակող մեքենաներ արտադրող ձեռնարկություններ։

Զարգացած էր սննդի արդյունաբերությունը (քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 17, 4%-ը, 1977)։ Կար մսի պահածոների, հրուշակեղենի, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, կաթի, հացի և այլ ձեռնարկություններ։ Կարևոր տեղ ուներ Լենինականի մսի-պահածոների կոմբինատը։ Արդյունաբերության մյուս ճյուղերից էին շինանյութերի (երկաթբետոնե կոնստրուկցիաներ, շինաքար), փայտամշակման, ապակու արտադրության ձեռնարկությունները։ Արդյունաբերական ապրանքների շատ տեսակներ առաքվում էին հանրապետությունից դուրս, իսկ 40 արտադրատեսակ՝ արտահանվում արտասահմանյան 35 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիա, Իտալիա, ԳՖՀ, Ֆինլանդիա, ԳԴՀ, Չեխոսլովակիա։

Հրուշակեղենի ֆաբրիկա

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Գյումրիի տնտեսությունն անկում ապրեց։ Շատ գործարաններ փլվեցին։ Հայաստանի անկախացումից հետո գրեթե բոլոր գործարանները փակվեցին։ 2013 թ. դրությամբ աշխատում է Գյումրի գուլպա-նասկեղենի, շաքարի և գարեջրի գործարանները։

Լենինականի 5 արդյունաբերական ձեռնարկություն պարգևատրվել է ՍՍՀՄ շքանշաններով, քաղաքի 9 առաջավոր կոլեկտիվ ետպատերազմյան տարիներին շուրջ 70 անգամ արժանացել է համամիութենական սոցմրցման հաղթողի փոխանցիկ դրոշների, դիպլոմների կամ պատվոգրերի, 17-ը՝ հանրապետական սոցմրցման շուրջ 250 դրոշի, դիպլոմի կամ պատվոգրի։ Լենինականի արդյունաբերական ձեռնարկությունների ու հիմնարկների շուրջ 26 հազար առաջավոր պարգևատրվել է ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով, իսկ 6 լավագույնները՝ հրահանգիչ-մեքենավարներ Անդրանիկ Խաչատրյանն ու Սերգեյ Միքայելյանը, երկաթուղային հանգույցի ավագ էլեկտրամեխանիկ Սարգիս Գևորգյանը, ջուլհակուհի Աստղիկ Պետրոսյանը, հրահանգիչ ենթավարպետ Գարեգին Տոնոյանը, արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Տեքստիլ կոմբինատի ենթավարպետ Միհրան Ստեփանյանը դարձել է ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։

1936 թ. Գյումրիում ստեղծվել է պետական տնկարան, որը ցրտադիմացկուն տնկիներ է մատակարարում հանրապետության լեռնային շրջաններին։

Գյումրիում էին տեղաբաշխված Շիրակի նյութատեխնիկական, մատակարարման և բաշխիչ բազաները։ Շիրակի բնակչությունը օգտվում է Գյումրիի մշակութային, առողջապահական, կուլտուր-կենցաղային և մյուս հիմնարկ-ձեռնարկությունների ծառայություններից։ 1980 թ. դրությամբ գործում էր մանրածախ առևտրի 500 խանութ-կրպակ, հասարակական սննդի 200 ձեռնարկություն։

Ներկայումս տնտեսության մեջ առանձնանում են թեթև, սննդի, մեքենաշինության, գործիքաշինության ճյուղերը։ Հայտնի են «Գյումրի», «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, «Լուսաստղ Շուգրե» հայ-ամերիկյան տնաշինական միավորները և այլն։

Երկաթուղային կայարանը

Սովետական միության տարիներին Գյումրին տրանսպորտային կենտրոն էր, Անդրկովկասի երկաթուղային տրանսպորտի խոշոր հանգույցներից մեկը։ Գյումրիով էին անցնում Հարավ-անդրկովկասյան՝ Թբիլիսի-Երևան - Բաքու երկաթուղային մայրուղին, Լենինական - Արթիկ - Մարալիկ և Լենինական - Կարս երկաթուղիները։ Գյումրիից ճառագայթաձև դուրս է գալիս ավտոճանապարհային 7 մայրուղի (Գյումրի - Աշտարակ - Երևան, Գյումրի - Արմավիր - Երևան, Գյումրի - Ստեփանավան - Թբիլիսի, Գյումրի - Վանաձոր - Դիլիջան, Գյումրի - Ամասիա - Ախալքալաք, Գյումրի - Ախուրիկ, Գյումրի - Կարս), որոնք Գյումրին միացնում են հանրապետության բոլոր շրջանների և հարևան հանրապետությունների, ինչպես նաև Թուրքիայի հետ։

Գյումրին օդային տրանսպորտով և ավտոբուսային երթուղիներով կապված էր ՀՍՍՀ և հարևան հանրապետությունների մի շարք քաղաքների հետ (Երևան, Սոչի, Թբիլիսի, Կրասնոդար, Նալչիկ, Բաթում, Սուխում, Ախալքալաք, Մառնեուլ)։ Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է ժամանակակից քաղաքային տրանսպորտ։ Գործում էին տրոլեյբուսի (5 երթուղի, 49 կմ միակողմանի գծերով), ավտոբուսի, միկրոավտոբուսների երթուղիներ (ներքաղաքային, միջքաղաքային) և ավելի քան 300 տաքսիներ, որոնք տարեկան փոխադրել են մոտ 40 միլիոն ուղևոր (1980 թ. դրությամբ)։

Գործում է Շիրակ օդանավակայանը։ Երկաթուղային ուղերթներից կան Գյումրի - Երևան, Գյումրի - Բաթում ուղերթները։ Ժամանակ առ ժամանակ գործում է Գյումրի - Վանաձոր ուղերթը։

2010 թ. դրությամբ տրոլեյբուս այլևս չի գործում։

Ավտոբուսային ուղերթներ կան դեպի Երևան, Վանաձոր, Արմավիր, Թբիլիսի, Ախալքալաք։

1980 թ. դրությամբ Գյումրիում գործում էր կապի 21 բաժանմունք, հեռախոսակայաններ (մոտ 15 000 աբոնենտ), ռադիոհաղորդումների և հեռուստատեսության հանգույցներ։ 2013 թ. դրությամբ Գյումրին այլևս հեռագրատուն և արտասահմանյան երկրների հետ հեռախոսակայաններ չունի։ Հեռագրատան ծառայությունն իր վրա է ստանձնել Գյումրու փոստային բաժանմունքները, իսկ հեռախոսակայանները վերացվել են տեխնիկայի զարգացման հետ զուգընթաց։ Քաղաքի բնակիչները հիմա ակտիվորեն օգտվում են բջջային ծառայություններից, որի համար էլ քաղաքը հագեցվել է համապատասխան ալեհավաքներով։ 2013 թ. դրությամբ ստացիոնար ինտերնետային կապի մատակարար է հանդիսանում ԱրմենՏել ընկերությունը։ Քաղաքն ունի կաբելային հեռուստատատեսություն։

Գազաֆիկացում և ջրամատակարարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թ. քաղաքի բնակելի ֆոնդը մոտ 1800 000 մ2 էր, որից պետականը՝ 1300 000 մ2։ Գյումրին ունի ժամանակակից էլեկտրա-գազաջրամատակարարման խիտ ցանց։ Բնակելի ֆոնդի 92,4%-ը ապահովված է ջրատար ցանցով, 89,4%-ը՝ կոյուղով, 99%-ը գազաֆիկացված է։ 1940 թ. ջրատար ցանցի երկարությունը 10, 6 կմ էր, 1975 թ.՝ 258 կմ։ 1939 - 1941 թթ. և 1974 թ. կառուցված ջրատարներով Գյումրին ջուր է ստանում նաև Ղազանչիից։

Ավստրիական մանկական հիվանդանոցը

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թ. Գյումրիում կար 1 հիվանդանոց, 1 ծննդատուն։ 1977 թ. գործում էր 25 բժշկական հիմնարկ, այդ թվում 8 հիվանդանոց (1190 մահճակալով), 1 ծննդատուն (200 մահճակալով), 5 մասնագիտացված դիսպանսեր (345 մահճակալով), 15 դեղատուն։ Գյումրին առողջարանային քաղաք է. 1980 թ. դրությամբ գործում են մանկական առողջարան (200 մահճակալով), պանսիոնատպրոֆիլակտորիում (175 մահճակալով), 5 պիոներական ճամբար։ Առողջապահական հիմնարկներում աշխատում էին մոտ 400 բժիշկ, 1400 կրտսեր բուժաշխատող (1977)։

2013 թ. դրությամբ Գյումրիի բոլոր հիվանդանոցները կենտրոնացվել են մի մասնաշենքում։ Գործում է ծննդատունը, Ավստրիական և Բեռլինի մանկական հիվանդանոցները և որոշ պոլիկլինիկաներ։

Տղամարդը հացով, 1960-ականներ

Գյումրու կարևոր հատկանիշներից մեկն է նաև ավանդական խոհանոցը։ Գյումրու ամենօրյա կերակրատեսակները բազմազան են՝ տարբեր տեսակի շիլաներ, փլավներ, ապուրներ, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով՝ ոսպով, բլղուրով, բրնձով և չորթանով փլավներ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն։

Տոնական օրերին գյումրեցու հարգի կերակրատեսակներից են թաթար բորակին, դոլման, սաթրի քյուֆթան, քարի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթասին, չանաղը, թավան, քյալլան (կովի գլխից պատրաստվող կերակուր) և այլն։ Այս վերջին երեքը Ալեքսանդրապոլում հարգի կերակուրներ էին հատկապես արհեստավորների շրջանում։ Սրանք, ինչպես նաև գաթան, փախլավան, շաքարլոխումին, սհանչորակին (բիսկվիթ) պատրաստում էին փռում։ Ծիսական կերակուրներն էին՝ Ամանորի պասուց դոլման, կաղանդի գաթան (տարեհացը), տարբեր պատկերներով կարկանդակները, Ծննդյան տոնի հարիսան, Տրնդեզի խեձախը (աղանձ), Սբ. Սարգսի փոխինդով խաշիլն ու կարկանդակները, Զատկի ջեյեզով փլավը, Սբ. Խաչի քյաշքյան, Համբարձման կաթնապուրը, մատաղը, հոգեհացի խաշլաման և այլն։ Գյումրվա քաղաքային կերակուրները տարբերվում էին որոշակի նրբաքիմք առանձնահատկություններով ու քաղցր ուտելիքների առատությամբ։ Այդպիսիք էին քիշմիշով սոուսը, դդմով, քիշմիշով, մեղրով (կամ շաքարով) ճաշը, տապակած ծիրանի չիրը, ջեյեզով փլավը (քիշմիշով, ծիրանի, սև սալորի չրերով ու նշով), չորացրած սպիտակ թթով ձվածեղը, խուրմով ձվածեղը, պաստեղով ձվածեղը, ղայմաղը (մեղրուսեր), հասութան, զուրբիան։ Խաղողի թփով դոլման նույնիսկ կերել են շաքարի փոշով ու դարչինով։

Գյումրիում, ինչպես ամանորյա, այնպես էլ տոնածիսական հացկերույթի պարտադիր մաս է կազմում խմիչքը։ Ալեքսանդրապոլցի տղամարդկանց սիրած ալկոհոլային խմիչքը օղին էր, որը մինչև օրս էլ պահպանվել է գյումրեցիների կենցաղում, առանց որի տոնական սեղան չեն նստում։ 19-րդ դարի կեսերից լայն տարածում ստացավ գարեջուրը և շատ շուտով այն իր հատուկ տեղը գրավեց ալեքսանդրապոլցի տղամարդկանց սննդակարգում։ Քաղաքում մեծ թիվ էին կազմում պանդոկները, գինետները (միկիտան) և գարեջրատներն ու կրպակները, որտեղ արհեստավորները և տարբեր գործերով քաղաք եկած հյուրերը, մի կտոր հաց էին ուտում, որը ուղեկցվում էր թունդ խմիչքների տարբեր չափաբաժիններով։ Քաղաքային կենցաղում լայնորեն տարածված են նաև սուրճը (Ալեքսանդրապոլում սև սուրճին զուգահեռ օգտագործում էին բոված-աղացած գարուց պատրաստված ըմպելիքը՝ «ղայֆան») և թեյը, որոնցով հյուրասիրում են հյուրերին։ Ալեքսանդրապոլում տղամարդիկ սիրում էին սուրճ խմել նաև սրճարաններում (ղայֆախանա) և համքարական ակումբներում (կլուբներ), որտեղ զրուցում էին քաղաքականությունից, քաղաքի անցուդարձից, գործարքներ էին կնքում, կամ, որն ավելի ընդունված էր՝ ունկնդրում էին հայտնի աշուղների երգերը[23]։

Կինոթատրոն «Հոկտեմբեր»

Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետական ոճերը։

Քաղաքն աչքի է ընկել իր աշուղներով, որոնք իրար հետ մրցումներ են կազմակերպել։ Աշուղների պատվին նույնիսկ արձան է կանգնվեցել։

1912 թ. օգոստոսի 4-ին առաջին անգամ Հայաստանում, այստեղ է բեմադրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ օպերան» և դրվել ազգային օպերային թատրոնի հիմքը։

Քաղաքում զարգացած է եղել արհեստագործությունը։ Արհեստներից յուրաքանչյուրը հանդես է եկել մի համքարությունով և ունեցել է իր սեփական դրոշը։ Զարգացած են եղել Ատաղծագործական, Դարբնոցային, Կարի Համքարությունները։ Այդ համքարությունների դրոշները կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։

Հետաքրքիր սովորույթ է եղել կամրջագործ վարպետների համար։ Ըստ ավանդության՝ կամուրջը կառուցելուց հետո կամրջագործի ողջ ընտանիքը՝ ներառյալ երեխաները պետք է գտնվեին կամրջի տակ, իսկ վարպետը ֆայտոնով պետք է անցներ կամրջի վրայով։ Այնպես որ, եթե կամուրջը լավ չկառուցվեր, կամրջագործ վարպետն իր ընտանիքով կզոհվեր։

Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի այնպիսի մեծագույն գործիչների, որոնցից են գրողներ Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը և դերասան Մհեր Մկրտչյանը։

Ֆրանցիսկոս պապի պատարագը Գյումրիում
Սրբազան քահանայապետը շրջում է պապամոբիլով Գյումրիի Վարդանանց հրապարակում

2003 թվականին առաջին անգամ Գյումրիում նշվեց «Գյումրու օր» տոնակատարությունը[24], վերջին անգամ այս տոնը նշվել է 2013 թ. հոկտեմբերի 13-ին[25]

2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Գյումրու Վարդանանց հրապարակում պատարագ մատուցեց, որին մասնակցում էր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը[26]։ Վերջում Պապը պապամոբիլով շրջեց հավատացյալների մեջ։ Այցը պայմանավորված էր նրանով, որ ամենամեծ կաթոլիկ համայնքը հայաստանում գտնվում է Շիրակի մարզում։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի հին շենքերից
Վարդան Մամիկոնյանի արձանը Գյումրիի Վարդանանց հրապարակում
Պոլոզ Մուկուչ գարեջրատունը

Գյումրին հայտնի է իր ուրույն ճարտարապետությամբ։ Գյումրվա ճարտարապետությունն իր ոճը վերցրել է Կարսից, և բավականանին նմանատիպ շինություններ կարելի է գտնել այդ երկու քաղաքների միջև։ Գյումրու շինություններից շատերը քանդակազարդ են, ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր։ Շինությունները հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆով։

Գյումրիի տարածքի հնագույն ճարտարապետական հուշարձաններից է պեղումներով հայտնաբերված VII դարի Դպրեվանք քառամույթ գմբեթավոր եկեղեցին, որն ունի պայտաձև հատակագծով Ավագ խորան՝ երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ, արևելյան ճակատը զարդարված է «հայկական խորշերով», միակ մուտքը հարավից է։ Եկեղեցու շուրջը եղել է Կումայրի հին բնակավայրը՝ փողոցների անկանոն ցանցով, կիսագետնափոր և մեկ հարկանի բնակելի տներով։

Քաղաքաշինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Կումայրին կառուցապատվել է ռուսական առաջադեմ քաղաքաշինական սկզբունքներով։ Գյումրի և Ախուրյան գետերի միջև՝ բարձունքի վրա սրբատաշ սև տուֆից կառուցվել է աշտարակավոր պարսպապատ ամրոց, որն ուներ զինանոց, տնտեսական շենքեր, 15 000 կայազորի համար զորանոց և գմբեթավոր եկեղեցի։ Բերդն ուներ չորս դարպաս՝ Երևանի, Թիֆլիսի, Կարսի, Ախալքալաքի։

1828 թ. հետո, երբ բնակչությունը զգալիորեն աճել է Կարինից (Էրզրում), Բայազետից, Կարսից ու այլ վայրերից գաղթած հայերի հաշվին, շինարարությունը նոր թափ է առել, կառուցվել են եկեղեցիներ, հանրային շենքեր ու մասնավոր տներ, որոնք այսօր էլ հիացմունք են պատճառում իրենց բարձր արվեստով։ Ռուսական կայազորի մշտական առկայությունը ևս ազդել է քաղաքաշինության զարգացման վրա։

1837 թ. կազմվում է բնակավայրի առաջին գլխավոր հատակագիծը։ Ալեքսանդրապոլ վերանվանված նորաստեղծ քաղաքը ծավալվել է հին Կումայրիից դեպի արևելյան ազատ տարածության վրա։ Չնայած բարդ ռելիեֆին, քաղաքը կառուցապատվում էր կանոնավոր հատակագծման սկզբունքով։ Հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ձգվող փողոցների ուղղանկյուն ցանցով քաղաքը բաժանվում էր մեծ (100 մ X 150 մ) և փոքր (50 մ X 75 մ) թաղամասերի՝ կառուցված 1 - 2-հարկանի, սև և կարմիր տուֆի սրբատաշ քարե տներով։ Հետագա՝ 1841 թ. և 1845 թ. հատակագծերում պահպանվել են նախորդ հատակագծման սկզբունքները։ Հասարակական կենտրոնը Շուկայի հրապարակն էր (2013 թ. դրությամբ՝ Վարդանանց), որից ճառագայթվող փողոցների վրա գտնվում էին խանութներ, արհեստանոցներ, վարչական շենքեր և եկեղեցիներ։

Բնակելի տան շքամուտք

XIX դարի կառույցներից նշանավոր են Ամենափրկիչ (1858-1876), Սուրբ Աստվածածին (1843 - 1856), Սուրբ Նշան (1876-1885), Սուրբ Գևորգ, «Պատվո բլուր» (ռուսական) եկեղեցիները։ Ամենափրկիչը Անիի Մայր տաճարի նմանությամբ կենտրոնական հրապարակի վրա կառուցել են Թադևոս Անտիկյանը և Մանուկ Պետրոսյանը (Արդար Մանուկը)։ Սուրբ Աստվածածինը կառուցել է վարպետ Մկրտիչ Թուրանյանը, ռուսական եկեղեցին՝ վարպետ Գևորգ Յուզբաշյանը։

Քաղաքաշինական աշխատանքներն առավել ծավալվել են XIX դարի 2-րդ կեսին, հատկապես՝ Թիֆլիս - Ալեքսանդրապոլ - Կարս երկաթուղու կառուցումից հետո։ 1872 թ. կազմված գլխավոր հատակագծով քաղաքն ընդարձակվել է, կառուցապատվել են Ալեքսանդրովսկայա (այժմ՝ Աբովյանի), Կարսսկայա (այժմ՝ Սվերդլովի), (այժմ՝ Մաքսիմ Գորկու), Թիֆլիսյան (այժմ՝ Ռուսթավելու), Գրուզինսկայա (այժմ՝ Վահան Տերյանի) փողոցները։ Զորանոցային թաղամասերը կառուցապատվել են սև տուֆե, միատիպ երկհարկանի շենքերով։

Քաղաքի կառուցապատման և ճարտարապետության զարգացման համար շրջադարձային էր Հայաստանում սովետական կարգերի հաստատումը։ 1924 թ. քաղաքը վերանվանվելով Լենինական՝ սկսեց վերակառուցվել սոցիալիստական քաղաքաշինության սկզբունքներով։ 1925 թ. Ալեքսանդր Թամանյանը կազմել է Լենինականի գլխավոր հատակագիծը, որը 1926 թ. երկբաշարժից հետո, քաղաքի շուտափույթ վերակառուցման նպատակով, 1927 թ. վերափոխել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Դավիթ Չիսլյանը։ Կազմվել է կենտրոնի կառուցապատման նախագիծ, ըստ որի 1930-ական թթ. ստեղծվել է Մայիսյան ապստամբության հրապարակը և բացվել են Ինտերնացիոնալ և Կիրովի (այժմ՝ Ռիժկովի) փողոցները։ Մշակվել է բնակելի երկհարկանի տների երեք տիպ, որոնք համապատասխանել են սեյսմիկ պայմաններին, ժամանակի սոցիալական պահանջներին, ունենալով ինքնատիպ կերպար (բաց լոջիաներ ու աստիճանավանդակ, սլաքաձև կամարներ)։ Բնակելի շինարարության մեջ կիրառվել են տիպային նախագծեր (տեքստիլ կոմբինատի բնակելի շենքերը, ճարտ. Ղ. Սարգսյան)։

Քաղաքի որոշ տներ ունեցել են ներքին կամարներ, որոնցով սենյակը բաժանվել է 2 մասի։ Կամարի մի կողմում գտնվել է հյուրասենյակը, իսկ մյուս կողմը նախատեսված է եղել ներկայացումներ բեմադրելու համար։ Բեմադրության սենյակում սովորաբար դաշնամուր է եղել։ Բացի այդ բամադրության սենյակը կամարի երկայնքով վարագույր է ունեցել, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն փակվի և բեմականացնողները նախապատրաստվեն։

Կարսի ճարտարապետական տարրեր ունեցող առանձնատուն

1932 թ. կազմվել է Լենինականի նոր գլխավոր հատակագիծը (ճարտարապետ Միքայել Մազմանյան), որը նախատեսում էր քաղաքի զարգացումը հյուսիսային ուղղությամբ։ Պահպանվում էր փողոցների արդեն կազմավորված ցանցը՝ թաղամասերի խոշորացումով։ Կենտրոնում ստեղծվում էր հարավ-հյուսիս առանցքային մայրուղին, որի վրա էին գտնվում Մայիսյան ապստամբության, Լենինի և Աստղի հրապարակները։ Նախկին «Գորկա» հասարակական այգին վերակառուցվեց կուլտուրայի և հանգստի զբոսայգու, ստեղծվեցին չորս նոր զբոսայգիներ։

Արդյունաբերական շրջանի տեղը կանխորոշում էր արդեն կառուցված տեքստիլ կոմբինատի համալիրը։ 1938 - 1940 թթ. Հայ-պետնախագիծ ինստիտուտը, հիմք ընդունելով Միքայել Մազմանյանի նախագիծը, մշակեց Լենինականի կառուցապատման նոր նախագիծ (ճարտարապետներ Հ. Դավթյան, Փ. Մանուկյան, Գ. Մուրզա, կոնսուլտանտ Լ. Իլյին, տնտեսական հիմնավորումը՝ Ա. Հակոբջանյանի), ըստ որի քաղաքը զարգանում էր հյուսիս, հարավ ու հարավարևելյան ուղղություններով, իսկ տեքստիլ կոմբինատը կանաչ գոտիով անջատվում էր բնակելի թաղամասերից։ Նոր մայրուղիները նախատեսված էին ելնելով ուղղությունից և տեղից՝ փակ ու բաց հեռանկարներով։

1930-ական թթ. Լենինականը կառուցապատվել է 2 - 3 հարկանի բնակելի շենքերով։ Վարդագույն և դեղնավուն տուֆերի օգտագործումը աշխուժություն մտցրեց քաղաքի՝ հիմնականում սև շենքերով փողոցների ու հրապարակների ճարտարապետական կերպարում, իսկ 3 - 4 հարկանի հասարակական շենքերի կառուցումը նոր մասշտաբ հաղորդեց Լենինականին։ 1930-ական թթ. կազմավորվեց Մայիսյան ապստամբության հրապարակի ճարտարապետական անսամբլը, որի շենքերը, սակայն, ոճական տարբեր ուղղությունների են պատկանում։ Հրապարակի արևմտյան կողմում կառուցված հյուրանոցի շենքում (1927, ճարտ. Դ. Չիսլյան) փորձ էր արված կիրառել ճարտարապետական ազգային ձևերը։ «Հոկտեմբեր» կինոթատրոնը (1926, ճարտ. Ղ. Սարգսյան) լուծված է ռուսական կլասիցիզմի ոճով, իսկ համալիրում դիրքով և չափերով գերիշխող Քաղսովետի շենքը (1933, ճարտարապետ Գ. Քոչար) հայ սովետական կոնստրուկտիվիզմի լավագույն ստեղծագործություններից է։

1920 - 1940-ական թթ. Լենինականի հասարակական և արտադրական շենքերից աչքի են ընկնում երկաթուղայինների պալատը, Տեքստիլագործների պալատը (ճարտ. Գ. Քոչար), Դրամատիկական թատրոնը (ճարտ. Դ. Չիսլյան), հիվանդանոցը (ճարտ. Ղ. Սարգսյան), Լուկաշինի անվան մանածագործական ֆաբրիկան և տեքստիլ կոմբինատի վարչական շենքերը (ճարտ. Ղ. Սարգսյան)։

Անիի ճարտարապետական տարրեր կրող առանձնատուն

Ետպատերազմյան առաջին տասնամյակում վերակառուցվեցին Լենինի, Գորկու, Կալինինի փողոցները, ձևավորվեց Լենինի հրապարակի (այժմ՝ Անկախության հրապարակ) ճարտարապետական անսամբլը՝ կազմված ՀԿԿ քաղաքային կոմիտեի շենքից (1952, ճարտ. Զ. Բախշինյան), հանրախանութից (ճարտ. Մ. Ասոյան), Գուլպայագործների մշակույթի պալատից, փոստից և բնակելի տներից։ 1959 - 1961 թթ. կազմվեց Լենինականի կառուցապատման նոր հատակագիծը (ճարտ. Հ. Իսաբեկյան, Մ. Կարապետյան, Փ. Մանուկյան) սահմանափակվեց զարգացումը դեպի հյուսիս՝ քաղաքը մեկ ուղղությամբ չձգելու և գյուղատնտեսության համար պիտանի հողերը խնայելու նպատակով։ Բարելավվեց փողոցների ցանցը, տեղանքի հետ վատ կապվող, խիստ երկրաչափական, ուղղանկյուն հատակագիծը զուգակցվեց օղակա-շառավղայինի հետ։ 1960-ական թթ. սկսվեց նոր խոշոր բնակելի թաղամասերի (Անտառավան, Շիրակացու, Երևանյան խճուղու) կառուցումը։

Ձևավորվեց Աստղի հրապարակը՝ կառուցապատված բնակելի բազմահարկ (տիպային) շենքերով և «Հայաստան» կինոթատրոնով։ Կենտրոնական մասի վերակառուցումը ընթանում էր հարկայնության բարձրացման և ճարտարապետական հուշարձաններին ներդաշնակման սկզբունքով։ Քաղաքաշինության հաջողություններից է Արագածի փողոցը (ճարտ. Գ. Մուշեղյան), որը Մայիսյան ապստամբության հրապարակը կապում է Հաղթանակի պուրակ-պողոտային և ուղղված է դեպի քաղաքի համայնապատկերի մասը կազմող քառագագաթ Արագածը։ Փողոցի հարավային կողմում տեղադրված են բազմասեկցիոն, իսկ հյուսիսում՝ բլոկ-սեկցիաներով բնակելի շենքերը։ Այդ շենքերը, ի տարբերություն տիպային բնակելի մյուս տների, նախագծված են հատկապես քաղաքի կլիմայական պայմաններին համապատասխան բաց պատշգամբների փոխարեն բնակարաններն ունեն լոջիաներ, հանովի ապակեպատ փեղկերով։ Կերպարանափոխվել է Սայաթ-Նովայի փողոցը, որտեղ կառուցվել են բազմահարկ բնակելի շենքեր (ճարտ. Գ. Մուշեղյան)։ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի նոր շենքը (ճարտ. Ս. Սաֆարյան, Ռ. Բաղդասարյան), որը գտնվում է Փողոցի կարմիր գծից զգալի ետ, փոքր բարձունքի վրա, ունի զուսպ ճարտարապետական կերպար, նրա արտահայտչականությունը ստեղծվում է քարե պատերի մեծ մակերեսների և ապակեպատ բացվածքների հակադրությամբ։

Շենք տեքստիլագործների ավանում

Քաղաքի ճարտարապետությունն իր բնիկ ազգային դրսևորումներով գյումրեցի վարպետների անունը հռչակել է ամբողջ Կովկասում։ Այդ համբավը խարսխվում էր այնպիսի փայլուն կառույցների վրա, ինչպիսիք են Սուրբ Յոթ Վերքը (1837), Սև ու կարմիր բերդերը, Ամենափրկիչ եկեղեցին, բազմահարկ առևտրական դպրոցը, որը մի ամբողջ թաղ է բռնում (1902), օրիորդաց գիմնազիան՝ նույնպես բազմահարկ (1912), Վանեցյանների, Խոյեցյանների բնակելի տները, հռչակավոր հիմնադիր վարպետ Թաթոս Անտիկյանի (1835 - 1899) երկհարկանի բնակելի տունը, որի նկուղային հարկի մի քանի տասնյակ կշռող ուղիղ, հորիզոնադիր քարե առաստաղը կարելի է համարել ժողովրդական ճարտարապետության մի կենդանի հրաշալիք։

Արաքս հյուրանոցի շենքը

Մի առանձին գեղեցկություն ունի Իսահակյանների հարմարավետ, բազմասենյակ երկհարկանի տունը, որը անցյալ դարի 20-ական թվականների վերջերին կառուցել է Ավետիք Իսահակյանի պապը՝ Նիկողոս Իսահակյանը։ Այդ տունը այժմ Ավետիք Իսահակյանի հուշաթանգարանն է։ Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ստորգետնյա կառույցների նման ստորերկրյա ուղիներ ու շինվածքներ են կառուցվել Գյումրիում (Սև բերդի դիմաց), որոնք մինչև օրս էլ պահպանվել են գրեթե անվթար վիճակում։

Գյումրեցի վարպետները շենքեր են կառուցել Կարսում, Երևանում, Էջմիածնում, Թիֆլիսում, Բաքվում։ Նրանց բնատուր արվեստը Ավետիք Իսահակյանը գնահատել է այսպես. «Մեր Գյումրվա վարպետների ճարտարապետության մեջ կան անթիվ տարրեր, ընդօրինակումներ հին մեր՝ Անիի, վանքերի, ճարտարապետական մնացորդներից, կոթողներից, մոտիվներ, տրամադրություններ, զգացումներ, ձևեր... Գյումրվա որմնադիր վարպետները Անիի, աշակերտներն են, անտեսանելի, անանուն, անունները մոռացված վարպետների աշակերտներ, որոնք, դիտելով մանուկ օրերից Անիի շենքերը, ավերակները, աոել են նրանց արվեստը, արվեստի գաղտնիքները...»: Եվ պատահական չէ, որ Անիի Կաթողիկե՝ մայր եկեղեցու տիպարով գյումրեցիները 1858 - 1876 թթ.՝ գրեթե քսան տարում, իրենց քաղաքում հրաշակերտել են Ամենափրկիչ եկեղեցին՝ վիթխարի, ներշնչող՝ իր չափերով, և կախարդական՝ իր գեղեցկությամբ։

Գյումրու եկեղեցիների տեղադրությունը

Գյումրի քաղաքը հարուստ է եկեղեցիներով, որոնցից շատերն իրար մոտ են գտնվում։ Ընդհանուր առմամբ ողջ պատմության ընթացքում Գյումրիում 16 եկեղեցի է կառուցվել և մի կաթոլիկ եկեղեցի էլ կառուցվում է 2013 թ. դրությամբ։ Այդ եկեղեցիներից 5-ը ռուսական զորամասային եկեղեցիներ են, մեկը՝ հայ կաթոլիկ, մյուսն էլ՝ հունական։

Գյումրիում հիշատակված առաջին եկեղեցին՝ Դպրեվանքը եղել է հայ ճարտարապետական ոսկեդարի՝ VII դարի կառույց։ Դպրեվանքը առաջին եկեղեցիներից է եղել, որոնց ճարտարապետական կառուցվածքը բազիլիկ գմբեթավորից անցել է կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցուն։ Այն համարվում է վաղ քրիստոնեկան քատամաթ գմբեթավոր բազիլիկի լավագույն նմուշներից մեկը։ Եկեղեցում է պահվել Աստվածածնի նշանավոր խաչը, որով բուժվել է Վրաց թագավոր Դեմետրե I-ի (1125–1156) կինը, այնուհետև Սուրբ Խաչը տեղափոխել են Վրաստանի Վարձիա վանքը։ Եկեղեցին քանդվել է ռուսական ամրոցի կառուցման պատճառով[27]։

Գյումրիում եկեղեցաշինությունը մեծ թափ է առել XIX դարում և նրանց մեծ մասն հասել է մեզ։ Նրանք բոլորն էլ հայկական եկեղեցաշինության վառ նմուշներ են։

Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցին

Քաղաքի գլխավոր եկեղեցին Սուրբ Յոթ Վերքն է, որը կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց հրապարակում։ Եկեղեցու իրական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն վերանվանվել է Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի «Յեօթն խոցից» սրբապատկերի, որն ըստ Ղ. Ալիշանի՝ նկարել է Ղուկաս Ավետարանիչը և Հայաստան է բերել Գրիգոր Մագիստրոսը։ Նկարում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Յոթվերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։

1988 թ. ավերիչ երկրաշարժից Սուրբ Յոթ Վերքը քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վայր։ Այդ գմբեթների հիմա դրված են եկեղեցու բակում[28][29]։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչև 1988 թ. ավերիչ երկրաշարժը

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1869-1874 թթ.: Այն ևս գտնվում է Գյումրու Վարդանանց հրապարակում՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցու դեմ դիմաց։ Եկեղեցին հանդիսանում է Անիի մայր տաճարի կրկնօրինակը։ Չափերով և կառուցվածքով այն լիովին համապատասխանում է իր բնօրինակին, բայց նախշերի առումով Գյումրիի կրկնօրինակն ավելի հարուստ է։ Եկեղեցին կառուցվել է քաղաքի հանգանակություններով։ Ամենամեծ ներդրումն անել է Դրմփոնց աղան, որը խոստացել էր կրկնապատկել այն գումարը, որը կհավաքվեր[30]։ Եկեղեցու ճարտարապետն էր Թադևոս Անտիկյանը։ Շինարարության ժամանակ ճարտարապետը կառքով ժամանակ առ ժամանակ գնացել է Անի, որպեսզի եկեղեցին հնարավորինս մոտ լինի բնօրինակին։ Խորհրդային միության տարիներին եկեղեցին փորձել են քանդել։ Այն պայթեցրել են, հետո էլ փորձել են քանդել ռազմական տեխնիկայի օգնությամբ։ Եկեղեցին կանգուն է մնացել և այն վերածվել է համերգասրահի։ 1988 թ. ավերիչ երկրաշարժից եկեղեցին փլվել է և կանգուն է մնացել միայն արևելյան կողմը և զանգակատան պատաշարը։ Եկեղեցին 2013 թ. դրությամբ դեռ վերանորոգվում է։ Եկեղեցու տարածքում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ կանգնեցվել են Ջուղայի կորսված խաչքարերը։

Սուրբ Նշան եկեղեցին

Սուրբ Նշան եկեղեցին Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է 1859-1864 թթ.՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում՝ որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց նոր եկեղեցին, եկեղեցին անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացած Սուրբ Աստվածածին անունը, որն հետագայում ժողովրդի կողմից ստացավ Յոթ Վերք անունը, իսկ Երկայնաբազուկի հանգանակած գումարներով եկեղեցին վերանվանվեց Սուրբ Նշան։ Տիրամոր նկարը տեղափոխվեց նորակառույց Սուրբ Յոթ Վերք եկեղեցի։ Սովետական միության տարիներին եկեղեցին վերածվել է գարու և ցորենի պահեստի։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով խոնարհվել են զույգ գմբեթնեը։ Եկեղեցին վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ Գեղցոնց ժամը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կամ Գեղցոնց ժամը[31] կառուցվել է 1870-1980 թթ.՝ Գյումրիի Ձորի թաղի բնակիչների հանգանակություններով։ Եկեղեցին ունեցել է եռանավ, կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է Գեղցոնց ժամ։ Սովետական միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և եկեղեցին վերածել են պահեստի։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով եկեղեցին խարխլվել է, բայց չի փլվել։ Լրացուցիչ ամրությունների միջոցով կանգնեցրել են եկեղեցու հետագա փլուզումը, բայց եկեղեցին այդպես էլ չեն վերանորոգել։ 2003 թ.ն եկեղեցին ինքնափլուզվել է։ Կանգուն է մնացել միայն ժամերգության գավիթը։ Չնայա դրան շատերը այցելում են եկեղեցի և մոմ վառում։ 2013 թ. դրությամբ եկեղեցին այդպես էլ մնում է առանց վերանորեգման։ Եկեղեցին գտնվում է Ջիվանի փողոցում։ 2014 թվականին սկսեցին եկեղեցու շինարարական աշխատանքները։ Կառուցվեց զանգակատուն։ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օծվեց խաչը և տեղադրվեց։

Սուրբ Հակոբ Մծբինեցի եկեղեցին

Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 2002 թ., Գյումրիի նորակառույց Անի թաղամասում։ Անի թաղամասը բավականին հեռու էր քաղաքի կենտրոնից ուստի և եկեղեցու կարիք շատ ուներ։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանի նախագծով՝ միջանդարյան Անիի Սուրբ Առաքելոց եկեղեցու նմանությամբ։ Եկեղեցին կառուցվել է ամերիկահայ բարերար Սարգիս Հովհաննիսյանի հանգանակություններով։ Եկեղեցին ունի 5 գմբեթ, որոնցից 4-ը զանգակատներ են։ Այն իր չափերով գերազանցում է քաղաքի գլխավոր եկեղեցուն՝ Սուրբ Յոթ Վերքին։ Ունի ընդարձակ աղոթասրահ և եկեղեցական արարողություններին կարող են մասնակցել 500 հավատացյալներ[32][33]։

Սուրբ Սարգիս մատուռը

Սուրբ Սարգիս մատուռը կառուցվել է 2008 թ.՝ Ոսկե բլուր հյուրանոցային համալիրում (նախկին մանկական երկաթուղու տարածք)։ Եկեղեցին կառուցվել է Գյումրեցի Արտաշես Սարգսյանի միջոցներով։ Մատուռի տարածքը վերանորոգված և բարեկարգված է։ Տարածքում կա ռեստորան, հյուրանոց և գեղեցիկ քանդակներ։ Եկեղեցու կողքին է գտնվում սիրամարգերի մեծավանդակ։

Պատվո բլուր, Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի

Ալեքսանդրապոլի տարիներին քաղաքում կառուցվել է մի ժամատուն և 2 եկեղեցիներ՝ Կազաչի պոստի եկեղեցին և Ալեքսանդրա Հռոմեացի եկեղեցիները, որոնք գտնվում են ռուսական զորամասերում։ Միխայիլ Արխիստրատիգի անվանումով ռուսական ժամատունը ժողովրդի կողմից ստացել է Պլպլան ժամ անվանումը՝ փայլուն թիթեղե տանիքի պատճառով։ Ժամատունը կառուցվել է 1877-1878 թթ. և օծվել է 1886 թ.: Այն գտնվում է «Պատվո բլուրի»։ 2011 թ. ժամատունը և «Պատվո բլուրը» վերանորոգվել և բարեկարգվել են։ Ժամատան հարևանությամբ տեղադրվել է ռուս-թուրքական պատերազմում տարած հաղթանակի հուշարձանը, որը Կարսում կառուցված հուշարձանի փոփոխումներով տարբերակն էր[34]։ Ռուսական զորամասային 5 եկեղեցիներից այժմ կանգուն է միայն երկուսը։ Նրանք տուժել են 1988 թ.-ի կործանարար երկրաշարժիչ, բայց հետագայում վերանորոգվել են և գործում են։

Գյումրիում մյուս եկեղեցիներից են Կումայրու Բազիլիկ եկեղեցին (տարեթիվ՝ էդ), որը գտնվում է Բուսաբանական այգում, և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է Ֆրանց Վերֆելի հրապարակում[35]։ Քաղաքի նշանավոր եկեղեցիներից է եղել Սուրբ Գևորգ եկեղեցի հունական եկեղեցին, որը գտնվել է Ամենափրկիչ եկեղեցու դիմաց՝ ներկայիս Շահումյանի արձանի մոտ գտնվող առևտրական շենքերի վայրում։ Եկեղեցին փլվել է 1926 թ. կործանարար երկրաշարժից։

Գյումրիի Սև բերդը
Սև բերդի ներքին ինտերիերը 2015 թվականի ձմռանը

Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։ «Սև բերդը» կառուցվել է 1834 թ.: Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։

Պայտաձև ամրոց

«Սև բերդը» եղել է պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտը։ Գյումրեցիները «Սև բերդին» անվանում են «Սև Ղուլ»։ Բերդը 2005 թ. պաշտպանության նախարարությունից գնել է Հայկ Հայրապետյանը՝ փորձելով այն վերականգնել։ Սակայն 5-6 տարի անց Հայրապետյանը մահացել է և 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բերդը վաճառվել է Միսակ Բալասանյանին։ Վերջինս պլանավորում է բերդը վերականգնել և զբոսավայրի վերածել, բայց դրա համար 2.5 միլիոն դոլարի ներդրում է պետք։ «Կարմիր» բերդն ավելի ուշ է կառուցվել։ Շինարարությունը սկսվել է 1830-ականներին և ավարտվել է 1864 թ.: Բերդը հիմա պատկանում է ռուսական բանակին։

Պայտաձև ամրոցից

Երկու բերդերից և ոչ մեկը ռազմական գործողությունների չի մասնակցել, այլ լոկ ծառայել են թշնամուն սաստելու համար[36]։

Պայտաձև ամրոցի ներսում

Ճարտարապետական արժեք ներկայացնող շենքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը

Ալեքսանդրապոլի բնակելի տները գյուղատիպ և քաղաքատիպ էին, 19–րդ դարի 1-ին կեսին կառուցված գյուղատիպ տները հիմնականում կրկնում էին Շիրակի ժողովրդական բնակարանի հորինվածքը։ Սրանք «կոմպլեքս» տներ էին, բաղկացած «հազարաշեն» ծածկով գլխատնից, որը մյուս բնակելի օժանդակ սենյակների հետ խմբավորված էր ներքին ծածկված բակի շուրջը և ամփոփված միասնական ծավալի մեջ։ 19–րդ դարի 2-րդ կեսին կառուցվել են 1 - 2 հարկանի քաղաքատիպ բնակելի շենքեր, որոնք բաժանվում են սենյակների միաշար կամ երկշար դասավորությամբ երկու խմբի։ Սև սրբատաշ տուֆե տները բակի կողմից ունեն պատշգամբներ և փողոցին նայող շքեղ կամարակապ դարպասներ։ Ճակատներն աչքի են ընկնում կատարման բազմազանությամբ, որը ստացվել է դեկորատիվ հարդարանքում կարմիր տուֆի կիրառումով և շարվածքի կարանների ընդգծումով։

Գյումրեցու տան բակը

Շենքերի ճարտարապետական կերպարն արտահայտել է տանտիրոջ սոցիալական դիրքը. հարուստների բնակելի տներն ունեցել են շթաքարե քիվ, քանդակազարդ քարե ջրհորդաններ և լուսամուտների երեսակալներ, պատշգամբների փայտյա ցանցկեն շքեղ մանրամասներ։ Իրենց գեղարվեստական արտահայտչականության աչքի են ընկնում Աղսախալյանների (1873), Ավագյանների (1880), Քեշիշյանների (1886) տները։ 19–րդ դարի 2-րդ կեսին քաղաքի կենտրոնում կառուցվել են նաև երկհարկանի, բազմաբնակարան, ընդհանուր պատշգամբով «շահութաբեր տներ», որոնց առաջին հարկում եղել են խանութներ, արհեստանոցներ, պահեստներ։ Դրանց բնորոշ օրինակն է Ձիթողցյանների տունը (1872, վարպետ՝ Հարություն Օուգբաշյան)։ Բաղնիքների ու հյուրանոցների շարքում առավել նշանակալից էր Վարդան և Սարգիս Ալմոյանների երկհարկանի պանդոկը (1865 - 1867ջրավազանով, ներքին բակով, սյունազարդ փայտե պատշգամբով։ 19–րդ դարի վերջին, 20–րդ դարի սկզբին Ալեքսանդրապոլում ռուսական կլասիցիզմի ոճով կառուցվել են հասարակական մոնումենտալ շենքեր՝ եռահարկ վարչա-առևտրական ուսումնարանը, հիվանդանոցը (1905), օրիորդաց գիմնազիան (1906

Արհեստներ և արվեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվագործների համքարության դրոշը

Քաղաքում արհեստագործությունը սկիզբ է առել հնագույն ժամանակներից։ Այդ հանգամանքի հաստատումն է 1930-ական թթ. քաղաքի հարավում, մսի-պահածոների կոմբինատի կառուցման վայրում, հազարամյակներից եկող հալոց-ձուլարանի հայտնաբերումը։ Դարեր անց ձևավորվել է արվեստագործությունը, որի վկայություններից են VII դարի խաչքարերը, գտնված քաղաքի շրջագծում, Ախուրյանի մոտերքում և 1837 թ. կառուցված հռչակավոր Սև Ղուլ բերդում։

Գյումրվա արհեստներն ու արվեստները համաձույլ են հանդես եկել շատ հաճախ։ Այդ երևույթը նկատելի է ճարտարապետության, քարգործության (առանձնապես՝ գերեգմանաքարերի կերտման մեջ), փայտագործության, արծաթագործության, հատկապես՝ ոսկերչության, ապա՝ պղնձագործության, գորգագործության, ժանյակագործության, երկաթագործության և մի շարք ուրիշ ոլորտներում։ Գրեթե անհնարին է գտնել հին գյումրեցիների մի տուն, մի գերդաստան, որտեղ տվյալ արհեստն ու արվեստը միայն մեկի զբաղմունքը եղած լինեն։

Պղնձագործների համքարության դրոշը

Հաճախ գերդաստանները կոչվել են արհեստների անուններով՝ Մազմընենք (Մազմանյանները), Ղույումչոնք (Ղույումչյանները-Ոսկերչյանները), Փախըրջոնք (Պղնձագործենք), Դամըրչոնք (Երկաթագործենք), Ցափուջոնք (Որմնադիրենք), Խըզարջոնք (Սղոցողենք), Ֆայտոնջոնք (Կառապանենք-Կառագործենք)։ Մի այդպիսի գերդաստան է Տարախչոնց գերդաստանը, որը տվել է ոսկերիչ վարպետների չորս սերունդ, ընդգրկել գրեթե դար ու կես։ Տոհմապետը Մարտիրոսն է, որի պատրաստած ոսկեզօծ արծաթե գավը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Ոսկե մեծ մեդալի է արժանացել 1889 թ.: Հայտնի էր նաև նրա որդին՝ Մաշտի Գուրգենը (1897 - 1943Եղիշե Չարենցը Գուրգենին համարել է «առաջնակարգ վարպետ-ոսկերիչ»։ Գուրգեն Տարախչյանը քանդակել-փորագրել է Խորհրդային Հայաստանի առաջին շքանշաններն ու կրծքանշանները, որոնցից մի քանիսի բնօրինակները, մեծարվեստ հոր գործիքների, կաղապարների և առանձին կերտվածքների հետ, պահվում են իրենց տան՝ թանգարանի վերածված մի սենյակում։ ճանաչված ոսկերիչ վարպետ է Տարախչյանների չորրորդ սերնդի ներկայացուցիչը, Գուրգենի կրտսեր որդին՝ Օնիկ (Հովհաննես) Տարախչյանը։

Հին Գյումրվա արհեստավորների վարպետությունը պատկերել են Ավետիք Իսահակյանը «Դարբին Գևորգը» պատմվածքում, Մ. Արմենը «Հեղնար աղբյուր» վիպակում և ուրիշներ։ Մեծանուն քանդակագործ-գյումրեցի, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը (1881 - 1952) իր պատանեկության, Գյումրվա հմուտ վարպետների ձեռքի տակ ստեղծագործական նախնական քայլերի մասին հետագայում պատմել է. «Մի տուն էինք շինում։ Տան տերը ցանկացավ մուտքի կամարին քանդակել տալ մի աղավնի։ Վարպետս գործն ինձ հանձնեց։ Քանդակեցի աղավնին։ Քանդակեցի կարմիր քարից։ Տարա վարպետիս։ Նայեց-նայեց, նետեց աղավնիս քարերին, փշուր-փշուր արեց, էս ի՝նչ էս շինե։ Բան շինե, բան։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ Վերջը, երբ վախվխելով հարցրի, թե ի՞նչը չի հավանում, նկատեց, էմպես պըտի շինես, օղուլ, օր տեսնողը գիտենա, թե՝ էս է, յա նոր է իջե երկընքեն, յա էս է՝ երկինք պըտի թըռնի... Հետո եղա շատ երկրներում, ծանոթացա արվեստների տեսություններին, բայց ոչ մի բան չկարողացավ մոռացնել տալ քանդակագործական արվեստի կոչման՝ քարի կենդանացման այն խորունկ հայտնագործությունը, որ ադամանդի բյուրեղացմամբ կատարել էր գյումրեցի վարպետս»։

Այսօրվա Գյումրիի շքեղացման՝ հոյակապ շենքերի, հրապարակների, փողոցների, պողոտաների, հուշարձանների մեջ կենդանի է մեծարվեստ նախորդների թողած ավանդույթը։

Հնուց նշանավոր էին քաղաքի արհեստավորների (մետաղագործներ, կտավագործներ, քարգործներ, ոսկերիչներ և այլն) գործերը։ Լենինականում կազմակերպվել են գեղարվեստական ցուցահանդեսներ։ Գեղարվեստական կյանքի ակտիվ մասնակիցներ էին Ե. Նազարյանը, Գ. Բրուտյանը, Ս. Ալթունյանը և ուրիշներ։ 1921 թ. հիմնադրվել է նկարչական ստուդիա (այժմ՝ Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցը), 1930 թ.՝ երկրագիտական թանգարանը, որտեղ զգալի բաժին է հատկացված կերպարվեստին։ 1945 թ. կազմակերպվել է Հայաստանի սովետական նկարիչների միության Լենինականի բաժանմունքը։

Քաղաքի գեղարվեստական կերպարում նշանակալից են Մայիսյան ապստամբության հերոսների (1931, քանդակագործ Ա. Սարգսյան), Վ. Ի. Լենինի (1954, բազալտ, քանդակագործ՝ Բ. Մերկուրով, հեղինակակից՝ Գ. Ահարոնյան, ճարտ. Մ. Գրիգորյան), Ա. Իսահակյանի (1976, քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտ. Ջ. Թորոսյան, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1977), Ա. Տիգրանյանի (1962, բրոնզ, բազալտ, քանդակագործ՝ Խ. Իսկանդարյան, ճարտ. Է. Տիգրանյան), Հայրենական մեծ պատերազմում զոհվածների («Մայր Հայաստան», 1975, քանդակագործ՝ Ա. Սարգսյան, Ե. Վարդանյան, ճարտ. Ռ. Եղոյան) հուշարձանները, ինչպես նաև մոնումենտալ գեղանկարչության ընտիր օրինակներ՝ Հղկող հաստոցների գործարանի բանվորական ճաշարանում (1963 - 1964, նկարիչ՝ Հ. Մինասյան, Ա. Մելքոնյան, Ռ. Պետրոսյան), էլեկտրատեխնիկական գործարանում (1972, նկարիչ՝ Մ. Ավետիսյան), «Սասունցիների պարը» (խճանկար, 1973 - 1975, նկարիչ՝ Ֆ. Մանուկյան), «Գյումրվա հարսանիք» (խճանկար, 4. Սմբատյան, Զ. Գրիգորյան, Ռ. Հովնաթանյան), «Կարմիր բանակի մուտքը Ալեքսանդրապոլ» (որմնանկար երկաթուղայինների մշակույթի պալատում, նկարիչ՝ Ս. Հովսեփյան), «Գյումրվա կանայք» (որմնանկար տեքստիլ կոմբինատի թանգարանում, 1973, նկարիչ՝ Ա. Մելքոնյան) և այլ գործեր։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտի արձան Իսուզի պուրակում
Երաժշտի արձան Իսուզ պուրակում
Աշուղների արձան Գորկու այգու դիմաց

Քաղաքի երաժշտական կյանքը հնուց զարգացել է ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստների հունով։ Դեռևս XIX դարի վերջերից գործել են երգչախմբեր (դպրոցական, եկեղեցական, սիրողների, կազմակերպիչները՝ երգի ուսուցիչներ Ա. Բրուտյան, Պ. Բաբայան, կոմպոզիտորներ Ն. և Ա. Տիգրանյաններ)։ Որոշ խմբեր համերգներով հանդես են եկել Բաքվում, Թիֆլիսում, Երևանում։ Հյուրախաղերով քաղաք են այցելել է. Պետրին, Ա. Սպենդիարյանը, Հ. և Ի. Դանզասները, Ա. Մելիք-Աղամալովը, Լ. Կարախանը և ուրիշներ։ Կազմակերպվել են նաև ընտանեկան անսամբլներ։ Պրոֆեսիոնալ երաժշտության բնագավառում նշանակալից երևույթ էր Արևելյան Հայաստանում առաջին օպերային ստեղծագործության՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ի բեմադրությունը 1912 թ., սիրողական օպերային թատրոնում։

Սովետական կարգերի հաստատումից հետո՝ 1921 թ. Ն. Տիգրանյանի նախաձեռնությամբ բացվել է «Փոքրիկ ստուդիա», որը 1924 թ. վերափոխվել է երաժշտական դպրոցի (ղեկավար՝ Դ. Ղազարյան)։ Նրա սիմֆոնիկ և փողային նվագախմբերը, երգչախումբը, անսամբլները (տրիո, կվարտետ) հանդես են եկել հրապարակային համերգներով և ռադիոյով։ 1922 թ. ստեղծվել է սիմֆոնիկ-կամերային «Սալոնային նվագախումբը» (տարբեր տարիներ ղեկավարել են ջութակահար Կուգոտովսկին, դիրիժոր Ա. Մելիք-Փաշաևը, կոմպոզիտոր Ա. Այվազյանը)։

1923 - 1926 թթ. գործել է Լենինականի օպերա-օպերետային թատրոնը, որի կազմում էին Շարա Տալյանը, Ա. Մելիք-Փաշաևը, Հ. Դանիելյանը, Լ. Իսեցկին և ուրիշներ։ Հայաստանում առաջին բալետը ներկայացվել է այս թատրոնի բալետային խմբի կողմից՝ 1924 թ.[37]: Թատրոնում բեմադրվել են Բիզեի «Կարմեն», Գունոյի «Ֆաուստ» օպերաները (թարգմանաբար, հայերեն), Ի. Կալմանի «Սիլվա» օպերետը, մանկական օպերաներ (Ս. Մուրադյանի «Շունն ու կատուն», Դ. Ղազարյանի «Հաղթված բազեն», Ա. Մանուկյանի «Չարի վերջը»)։ Այդ թատրոնը մեծ դեր է խաղացել հայ օպերային արվեստի զարգացման գործում։ 1934 թ. բացվել է երաժշտական ուսումնարանը։ Քաղաքում գործում են Հայհամերգի (մինչև 1976 թ. Հայֆիլհարմոնիայի) բաժանմունքը, 1958 թ.՝ Հայաստանի Երգչախմբային ընկերության բաժանմունքը, 1972 թ.՝ կամերային նվագախումբը, 6 երաժշտական դպրոց և մեկ ուսումնարան, բազմաթիվ ինքնագործ խմբեր, այդ թվում՝ 1949 թ.՝ Սևյանի անվան մշակույթի պալատի երգի և պարի անսամբլը (ղեկավար՝ Աղասի Շաբոյան), որը դարձել է համամիութենական և միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր։ 1957 թ. ամեն տարի անց են կացվում սիմֆոնիկ երաժշտության տասնօրյակներ։ Միքայել Նալբանդյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտն ունի երաժշտության ամբիոն։

2011 թ․ Յան Գիլլանը և Թոնի Այոմին ստեղծեցին WhoCares սուպեր-խումբը և ձայնագրեցին սինգլ, որպեսզի Գյումրիում կառուցվի երաժշտական դպրոց (բացվեց երկու տարի անց՝ ռոք-երաժիշտների մասնակցությամբ)[38]։

Հին Գյումրին, համբավավոր արհեստավորներից բացի, հայտնի է եղել նշանավոր աշուղներով։ XIX դարի 2-րդ կեսին-XX դարի սկզբին Ջիվանա գլխավորությամբ ձևավորվել է ազգային-աշուղական դպրոցը (Շիրին, Ջամալի, Պայծառ, Զահրի, Խայաթ, Մալուլ, Հավես, Հազիրի (Գյումրեցի), Շերամ, Իգիթ, և ուրիշներ), որոնց բնորոշ էր հասարակական-սոցիալական թեմաների սրությունը, գրական ու երաժշտական լեզվի մաքրությունը, ավանդույթի ստեղծագործական յուրացումը, ուրույն մտածելակերպը։ Սկսած 1870-ական թվականներից նրա հռչակավոր սրճարանները՝ ղայֆաները, դարձել են աշուղական երգ ու նվագի յուրատեսակ կենտրոններ։ Գրեթե ամեն մի սրճարան ունեցել է իր աշուղը կամ աշուղական խումբը։ Սիրո, հայրենի հողի, պանդխտության, ազատատենչության, ազգային վերածնության երգերից բացի, նկատելի տեղ են գրավել, ի բնե երգասեր գյումրեցիների մեջ լայն տարածում գտել քաղաքի կյանքի հետ կապված որոշակի երևույթներ արտացոլող երգերը, որոնք ստացել են հանրային հնչեղություն։ Այդ առումով շատ բնորոշ է Ջիվանու «Խելքի աշեցեք» երգը (1883)։ Գյումրվա աշուղների երգերը տարածվել են շատ գյուղերում ու քաղաքներում։ Մեծանուն աշուղներին հաճախ հրավիրել են Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Երևան, Էջմիածին և այլուր։

1870-ական թվականների 2-րդ կեսից սկսած քաղաքում տպարաններ բացվելու շնորհիվ ծայր է առել աշուղական գրքերի հրատարակությունը, լույս են տեսել աշուղ Ջիվանու, Խայաթի և ուրիշների երգարանները։ Աշուղական արվեստը ապրել է իր հասունացումը, տվել դասական, համազգային արժեքներ։ Ավետիք Իսահակյանը գրել է. «Ալեքսանդրապոլը (Լենինականը) աշուղների քաղաք էր համարվում։ Ես իմ պատանեկության ժամանակ հաշվում էի երեսունի չափ աշուղներ և ժողովրդական երգիչներ (երգահաններ), որոնք անուն ունեին հայրենի քաղաքում և հայրենի քաղաքից դուրս։ Այդ աշուղ-երգիչներից նշանավորներն էին՝ Ջիվանին, Ջամալին, Ֆիզահին, Մալուլը, Պայծառը, Խայաթը և ուրիշները»։ Դրանցից Ջիվանին, Խայաթը, Շերամը և ուրիշներ հանդես են եկել որպես բանաստեղծ, եղանակող, նվագող ու երգող։ Եղել են նաև միայն երգողներ, միայն նվագողներ, նաև՝ միայն պարեղանակներ հորինողներ։ Այս վերջիններից է կույր աշուղ Համբոն (Համբարձում Ադամյան. 1867 - 1904, «Զուռնի տրնգի»-ի հորինողը)։ Նրանք բոլորը իրենց արվեստին նվիրված գործիչներ էին, ուսումնասեր, կարդացած մարդիկ, քաջատեղյակ ոչ միայն աշուղական արվեստի նրբություններին, այլև հայ և արևելյան հերոսավեպերին ու սիրավեպերին. հայ և օտար առասպելաբանությանը։ Իմացել են լեզուներ, այդ լեզուներով երբեմն խաղեր հորինել, չափվել նույնպես օտարների հետ նրանց լեզուներով։ Աշուղները մասնակցել են մրցությանը, որ տեղի է ունեցել հրապարակով՝ բազմաթիվ երգասերների ու աշուղների ներկայությամբ։ Պարտվածի նվագարանը վերցնելու սովորություն չի եղել։ Պարտվածը հանպատրաստից մի երգով խոստովանել, գովաբանել է հաղթողի բարձր արվեստը, և այդպիսով վեճ-մրցությունը ավարտվել է խաղաղությամբ, մարդկայնորեն։

Աշուղները որոշ ժամանակ պահել են աշակերտներ, սովորեցրել նրանց, ապա մի քանի հոգով գրավոր վկայել նրա վարպետացումը և տվել համապատասխան գիր և աշուղական անուն։ Իրենց գործունեության կարգավորման համար աշուղները ունեցել են «ուստաբաշի», որին ընտրել են ընդհանուր ժողովում։ «Ուստաբաշին» պիտի լիներ արվեստով ու վարկով ամենաճանաչված մարդը։ Ուստաբաշի է եղել Ջիվանին, իսկ նրա օգնական՝ աշուղ Համբոն։ Գյումրվա աշուղներն իրենց բարձր արվեստով նկատելի ներդրում են կատարել հայ ժողովրդական երգարվեստի, երաժշտական բառ ու բանի, բանաստեղծական լեզվի զարգացման մեջ։

Դրամատիկական թատրոն

Առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել 1865 թ. մայիսի 23-ին, թատերասերների ուժերով, Ա. Մելիք-Հայկազյանի օժանդակությամբ, բեմադրվել է Հ. Կարինյանի «Շուշանիկ»-ը։ Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»-ը։ 1866 թ. կազմակերպվել է թատերական մասնախումբ։ 1879 թ. առաջին անգամ խաղացվել է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն։ 1888 թ. իր փոքրիկ խմբով տեղի թատերասերների հետ ներկայացումներ է տվել Պետրոս Ադամյանը։ Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել Ա. և Ս. Սաֆրազյանները, Արամ Վրույրը, Ջաբելը, Գ. Պետրոսյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը և հայ թատրոնի բազմաթիվ ականավոր դերասաններ։

Նախասովետական տարիներին ներկայացումներ են տվել տեղական և ռուսական, վրացական, ուկրաինական, ադրբեջանական եկվոր թատերախմբերը։ Թատերական արվեստի զարգացմանը նպաստել են բժիշկ-ռեժիսոր Գ. Տեր-Հովհաննիսյանը, մանկավարժ-դերասաններ Մ. և Ա. Տեր-Սարգսյանները, Հ. Ղուկասյանը, դերասան-դերասանուհիներ Կ. Քյանդարյանը, Մ. Չարչօղլյանը, Ն. Կիրակոսյանը, Կ. Աբովյանը և ուրիշներ։ Շեքսպիրի դրամատուրգիան առաջին անգամ ներկայացրել է Կ. Գալֆայանը (Համլետ, 19011917 - 1918 թթ. ներկայացումներ է տվել Հ. Զարիֆյանի խումբը։

Սովետական իշխանության հաստատումից հետո թատերական գործը դրվել է կայուն հիմքերի վրա։ 1922 - 1928 թթ. գործել է Ալեքպոլի Քաղլուսվարի դրամատիկական թատրոնը (ղեկավար՝ Ա. Արմենյան), 1923 - 1926 թթ.՝ Լենինականի օպերա-օպերետային թատրոնը, 1931 - 1936 թթ.՝ պատանի հանդիսատեսի թատրոնը, 1928 թ.՝ Ա. Մռավյանի անվան դրամատիկական, 1935 թ.՝ տիկնիկային թատրոնները։

2013 թ. դրությամբ վերը նշված թատրոններից Գյումրիում միայն գործում է դրամատիկական թատրոնը։

Արվեստների ակադեմիայի շենքը

XIX դ-ի կեսերին քաղաքում գործել է 10 դպրոց ու վարժարան (Արղության, Սահականուշյան և այլն), տպարան (1870-ից)։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին Ալեքսանդրապոլում գործել են առևտրական, հոգևոր, ծխական, օրիորդաց դպրոցներ, քաղաքային ուսումնարաններ, իգական գիմնազիա։ Սակայն ժողկրթությունը բուռն վերելք է ապրել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 1977/78 ուս. տարում Գյումրին ուներ 68 նախադպրոցական հիմնարկ (7860 երեխա), 36 հանրակրթական ցերեկային (31684 սովորող), 7 երեկոյան (1870 սովորող), 6 գիշերօթիկ (810 սովորող) դպրոց և մեկ ուսումնական կոմբինատ։ Աշխատում էր շուրջ 2 000 ուսուցիչ (հիմնականում բարձրագույն կրթությամբ)։ Ուներ 14 պրոֆտեխնիկական ուսումնարան (5200 սովորող)։

Թիվ 26 դպրոցը

Գյումրիում են գտնվում Միքայել Նալբանդյանի անվան Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, ստացիոնար և հեռակա բաժիններով (բացվել է 1959 թ., շուրջ 3000 ուսանող), հաստոցագործիքա-շինական (676 սովորող), թեթև արդյունաբերության (554 սովորող), երկաթուղային տրանսպորտի (375 սովորող), շինարարական (560 սովորող), դաշտավարական (679 սովորող) տեխնիկումները, Մռավյանի անվան մանկավարժական (346 սովորող), Կարա-Մուրզայի անվան երաժշտական (400 սովորող), բժշկական (954 սովորող) ուսումնարանները, Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական, Նիկողայոս Տիգրանյանի, Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ա. Բրուտյանի, Ա․Շիշյանի անվ. № 6 երաժշտական (2300 սովորող ու 315 ուսուցիչ) դպրոցները։ Մինչև 1988 թ. Սպիտակի երկրաշարժը գործում էին Մռավյանի անվան դրամատիկական և տիկնիկային թատրոններ, Հայհամերգ միավորման Լենինականի բաժանմունքն իր գեղարվեստական խմբերով, 5 մշակույթի պալատ (Ե. Սեյանի անվան երկաթուղայինների, տեքստիլագործների, շինարարների, գուլպայի «Արշալույս» արտադրական միավորման և երիտասարդության), 12 ակումբ և տուն (սպայի տուն, ուսուցչի տուն, արվեստի աշխատողների տուն և այլն), պիոներների պալատ, ավելի քան 30 մասսայական գրադարան (դրանցից 17-ը միավորված է կենտրոնական միասնական գրադարանային համակարգում, որի կենտրոնը Ավետիք Իսահակյանի անվան մարզային գրադարանն է), 9 մասսայական և 8 մանկական (ընդամենը 1 320 000 գրքային ֆոնդ, 1978 հունվար), 16 կինոթատրոն, երկրագիտական թանգարան, տուն-թանգարաններ (Ավետիք Իսահակյանի, Բագրատ Ղարիբջանյանի և այլն), որոնց այցելուների թիվը տարեկան կազմում է մոտ 100 000։

Գյումրին ունի Հայաստանի սովետական գրողների (ՀՄԳ) միության բաժանմունք (գործում է 1928 թ.)։ Տարբեր ժամանակներ նրա կազմում են եղել Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Գեղամ Սարյանը, Հովհաննես Շիրազը, Հմայակ Սիրասը, Աղավնին, Ալեքսանդր Արաքսմանյանը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։ 1980 թ.-ի դրությամբ բաժանմունքում ընդգրկված են ՍՍՀՄ գրողների միության 7 անդամ և 30-ից ավելի երիտասարդ ստեղծագործողներ։

Գյումրիում են գտնվում ՀՍՍՀ ԳԱ գեոֆիզիկայի ու ինժեներական սեյսմոլոգիայի ԳՀԻ կոնստրուկտորական բյուրոներ, «Հայպետնախագիծ» ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցը։ 1980 թ. դրությամբ Գյումրին ունեցել է խաղողագործության, գինեգործության ու պտղաբուծության ինստիտուտի հատուկ բաժանմունք։

Գործում են 30 նախադպրոցական հիմնարկ, 57 հանրակրթական, 9 երաժշտական և արվեստի, 31 մարզային դպրոցներ, 7 պետական և 1 ոչ պետական միջին մասնագիտական հաստատություններ, Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, ԵՊՃՀ-ի և ԵՊՏՀ-ի մասնաճյուղերը, ոչ պետական 2 բուհ, 15 գրադարան, 6 հյուրանոց, 15 ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ, 11 հիվանդանոց, քաղաքային մարզադաշտ, ծածկած լողավազան և ՀՀ հյուսիսային տարածաշրջանի սեյսմիկ պաշտպանության կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկական և ճարտարագիտական սեյսմաբանության ԳՀԻ-ն, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական և Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնները, հայրենագիտական թանգարանը, Ավետիք Իսահակյանի (1963), Մինաս Ավետիսյանի (1982), Սերգեյ Մերկուրովի (1984), «Կումայրի» պատմամշակութային արգելոցը (1985), Երանուհի և Մարիամ Ասլամագյան քույրերի (1987), Հովհաննես Շիրազի (2003) թանգարանները, Մհեր Մկրտչյանի (2006) տուն-թանգարանը և այլն, 4 հեռուստա և ռադիոընկերություններ, մարզային նշանակության մշակութա-լուսավորական կենտրոններ։

Տպագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրիում (Ալեքսանդրապոլ) գրքի տպագրությունը սկիզբ է առել 1876 թ., երբ գյումրեցի Գևորգ Սանոյանը քաղաքում բացել է առաջին տպարանը, որը տպագրում էր պաշտոնական-գրասենյակային զանազան ձևեր ու գրքույկներ ռուսերեն և հայերեն լեզուներով։ Շուտով այդ տպարանին հաջորդել են նորերը՝ Աբրահամ Մալխասյանի «Այգ», Հովհաննես Ափինյանի «Շիրակ», Հակոբ Ղասաբյանի տպարանը և այլն։

Նշված տպարանները նշանակալի չափով նպաստել են Գյումրիի մշակութային և հոգևոր կյանքի զարգացմանը։ Դրանցում են տպագրվել աշուղներ Ջիվանու, Շերամի, Խայաթի (Սուքիաս Զահրիյան), Ջամալի (Մկրտիչ Տալյան), Նազանու, բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի, Աթաբեկ Խնկոյանի, բանասեր Գ. Լևոնյանի և հայ մշակույթի մի շարք այլ նշանավոր գործիչների մի շարք գործեր՝ հայերեն (աշխարհաբար և գրաբար) և ռուսերեն լեզուներով։

Գրատպության այս նշանակալի վերելքին ծանր հարված հասցրեց 1918 թ. և 1920 թ. թուրքական օկուպացումը։ Գյումրիում սովետական կարգեր հաստատվելուց հետո բոլոր տպարանները պետականացվեցին, և ստեղծվեց պետական հրատարակչություն։

Ներկայումս քաղաքում հրատարակվում են «Շիրակ» (1991) հանդեսը, «Կումայրի» (1998), «Շրջապատ» (1999), «Հինգշաբթի» (2005) և այլ թերթեր[8]։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրիում գոյություն ունեն հետևյալ հեռուստաալիքները.

Գյումրիում (1930 թ.) գործում է ռադիոհաղորդումների հանգույց, Երևանի հեռուստատեսության ստուդիայի ծրագրերի վերահաղորդման կայան։

Գյումրիում հեռարձակվում են հետևյալ ռադիոները.

Գյումրիում են լույս տեսել հետևյալ պարբերականները՝

  • «Էմինյան ազգագրական ժողովածու» (1901 - 1913),
  • «Ախուրյան» (1907 - 1915),
  • «Արագած» (1912),
  • «Գավառի ձայն» (1913),
  • «Նոր կյանք» (1917 թ.-ի հուլիս),
  • «Գյուղացիական միություն» (1919),
  • «Ալեքսանդրապոլի լրաբեր» (1919),
  • «Բանվորի խոսքը» (1921),
  • «Կարմիր Շիրակ» (1921 - 1922),
  • «Շիրակի ռանչպար» (1922 - 1923),
  • «Բանվոր» (1923-անհայտ),
  • «Սուլիչ» (1931),
  • «Երկաթուղային» (1931 - 1935),
  • «Ստալինյան ուղեգիր» (1935 - 1946),
  • «Հարվածային տեքստիլշչիկ» (1930 - 1931),
  • «Մանածագործ» (1931 - 1959),
  • «Տեքստիլագործ» (1959-անհայտ)
  • և այլ պարբերականներ։
Գյումրիի քաղաքային մարզադաշտը՝ որտեղ իր տնային խաղերն է անցկացնում տեղի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը
Նորակառույց լողավազանը
Նորակառույց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան
Աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը

Սպորտային կյանքը Գյումրիում աշխուժացավ միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1920-ական թթ. սկսած Գյումրիում ֆիզկուլտուրան և սպորտը ծավալեցին Հ. Գարգալոյանը, Ա. Չարչօղլյանը, «Բազե» ընկերության նախկին անդամներ Հ. Փարսադանյանը, Հ. Մաթևոսյանը, Վ. Մինասյանը և ուրիշներ։

1921 - 1922 թթ. Կ. Լիբկնեխտի անվան երիտասարդական ակումբին կից կազմակերպվեցին «Սպարտակ» և «Կարմիր սպորտ» ֆիզկուլտուրայի խմբակները։ Այստեղ մեծ տարածում գտավ ֆուտբոլը, ձեռքի գնդակը, ծանրամարտը, մարմնամարզությունը, թեթև աթլետիկան։ 1923 թ. Ալեքսանդրապոլի գավառային գործկոմին կից ստեղծվեց ֆիզկուլտուրայի խորհուրդ, բացվեցին մարզական նոր օջախներ։ Մ. Հայրբաբամյանի, Ս. Խոյեցյանի ու Ա. Ալանակյանի նախաձեռնությամբ 1923 - 1924 թթ. երկաթգծում կազմակերպվեցին մարմնամարզության, ծանրամարտի, թեթև աթլետիկայի, իսկ 2 տարի անց՝ նաև բասկետբոլի, վոլեյբոլի ու ըմբշամարտի խմբակներ։ Այստեղ բացվեցին քաղաքում առաջին կանացի սեկցիաները, մարմնամարզություն ու թեթև աթլետիկա սպորտաձևերում տղաների հետ մեկտեղ սկսեցին մարզվել Մ. Տեր-Մարտիրոսյանը, քույրեր Լ. և Գ. Ժամկոչյանները, Ժ. Պետրոսյանը, Ա. Բիշարյանը, Դ. Ավետիսյանը, Ա. Հայրբաբամյանը, Հ. Ալանակյանը՝ հանրապետության կանացի սպորտի ջահակիրները։

Մարզական սեկցիաներ ստեղծվեցին տեքստիլում, խորառծառի ու կառուցողների ակումբներին կից։ 1926 թ. Լենինականի գավառի մարզիկների թիվը կազմում էր 391, որոնցից 50-ը՝ կանայք։ Բազմակողմանի մարզիկներ էին Ց. Հայկազյանը, Կ. Գարգալոյանը, եղբայրներ Ա. և Խ. Մանդալյանները, Հ. Մարգարյանը, Գ. Կիրակոսյանը, Պ. Հարոյանը, եղբայրներ Մ. և Ե. Թոփչյանները, իսկ կանանցից՝ Ա. Խաչատրյանը, Խ. Մատինյանը, Ա. Մխիթարյանը և ուրիշներ։ 1926 թ. Լենինականի պատվիրակությունը մասնակցեց հանրապետական առաջին սպարտակիադային։ 1927 թ., Գ. Մինասյանի նախաձեռնությամբ, արտադրական մարմնամարզությունը արմատավորվեց տեքստիլ կոմբինատում։ 1932 - 1936 թթ. Լենինականում հիմնադրվեցին «Դինամո», «Սպարտակ» և «Կառուցող» մարզընկերությունները, ստեղծվեցին նոր բազաներ, սկսվեց քաղաքային մարզադաշտի շինարարությունը։ Քաղաքի էնտուզիաստների օգնությամբ շրջակա գյուղերում ևս արմատավորվեց սպորտը։

1936 թ. այստեղ 13 մարզաձևերով պարապում էր մոտ 500 մարդ։ Իսկ քաղաքում 1939 թ. մարզիկների թիվն հասավ 2440-ի։ 1939 - 1940 ուս. տարում բացվեց առաջին մարզադպրոցը, որտեղ գործում էին մարմնամարզության, թեթև աթլետիկայի ու սպորտային խաղերի խմբեր։

Հայրենական պատերազմից հետո Լենինականում ևս ավելացավ մարզընկերությունների, նրանցում արմատավորված մարզաձևերի թիվը։ «Շիրակ» ֆուտբոլային թիմը դուրս եկավ միութենական ասպարեզ։ Բասկետբոլի կանանց և տղամարդկանց թիմերը մասնակցեցին երկրի առաջնության մրցումներին։ Դահուկորդ Լ. Մնացականյանը 17 տարի անընդմեջ հանրապետության չեմպիոնն էր։ Տեքստիլագործ ծանրորդ Վ. Սուքիասյանը դարձավ Լենինականում առաջին սպորտի վարպետը։ Թեթև աթլետիկայում վարպետների ընտանիքը համալրեց Ա. Մխիթարյանը։ Հայաստանի բազմակի չեմպիոններ են եղել Ա. Հակոբյանը, Հ. Անտիկյանը, Ֆ. Հովհաննիսյանը, Ս. Մինասյանը (դահուկավազք), Հ. Ստեփանյանը, Ժ. Մխիթարյանը (թեթև աթլետիկա), Մ. Շիրինյանը, Ա. Գրիգորյանը, Հ. Սարգսյանը (ըմբշամարտ), Հ. Մաղաքյանը (բռնցքամարտ), Մ. Հովսեփյանը (հրաձգություն), Օ. Մուրադյանը (մարմնամարզություն)։ Մարզական մեծ նվաճման հասան կիսամիջին քաշի ծանրորդներ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Վ. Միլիտոսյանը և աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանը։ 1977 թ. բակային «Գյումրի» թիմի ֆուտբոլիստները երկրում առաջին տեղը գրավեցին «Կաշվե գնդակ» համամիութենական մրցաշարում՝ կրկնելով 1976 թ. պատանիների «Շիրակ» թիմի հաջողությունը։

1977 թ. վերջին Լենինականում կար 117 ֆիզկուլաուրային սկզբնական կոլեկտիվ՝ 34616 ֆիզկուլտուրնիկներով։ 1973 - 1977 թթ. քաղաքում պատրաստվել է մեկ սպորտի վաստակավոր վարպետ, 3 միջազգային կարգի սպորտի վարպետ, 77 սպորտի վարպետ և 187 վարպետության թեկնածու։ Գործում էր 13 մարզադպրոց, որտեղ աշխատում է ՍՍՀՄ սպորտի մեկ վաստակավոր մարզիչ (Հ. Առաքելյան, թեթև աթլետիկա), ՀՍՍՀ սպորտի 26 վաստակավոր մարզիչ։ Գործում էին նաև «Արագած» և Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մարզակումբները։

Գյումրին կինեմատոգրաֆիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Գյումրի» (1987) վավերագրական ֆիլմ նկարահանված 1988-ի երկրաշարժից մեկ տարի առաջ։ Գյումրեցի կառապանի անունից պատմում է դերասան Ազատ Գասպարյանը։ Ռեժիսոր Լևոն Մկրտչյան։
  • «Հովհաննես Շիրազ» (2005) վավերագրական ֆիլմ, նվիրված մեծահամբավ Գյումրեցի բանաստեղծին և Հայոց Մեծ Եղեռնին, ռեժիսոր Լևոն Մկրտչյան։
  • Lux Aeterna և Terra Emota (Ֆրանսիա-1999) վավերագրական ֆիլմ-պոեմներ (դիպտիխ), 1988-ի երկրաշարժի օրը (Lux Aeterna) և 10 տարի հետո (Terra Emota) նկարահանված նյութերի հիման վրա։ Ռեժիսորներ Լևոն Մինասյան և Սերժ Ավետիքյան։

Գյումրին հումորի քաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրու քաղաքային կենցաղում մշտապես տեղ են գտել զվարճախոսությունները։ Գյումրին իր ուրույն ավանդույթներով, կենցաղով և հոգեբանությամբ՝ նաև բարբառով, հայրենասիրությամբ, կատակասիրությամբ, սրամտությամբ, հումորով, անլեգալ դարձվածքներով, ստեղծել է յուրատեսակ մի միջավայր, որը ծնունդ և սնունդ է տվել զվարճախոսություններին։

Գյումրու բանարվեստը տվել է տեղական և համահայկական նշանակության մի շարք զվարճախոսներ, որոնց մասին կան բազմաթիվ գրառված նյութերը։ Ամենանշանավոր գյումրեցի զվարճախոսը Պոլոզ Մուկուչն է (Մկրտիչ Ղազարի Մելքոնյան), այլ նշանավոր երգիծախոսներից էին Ծիտրո Ալեքը, Նալն Կարոն, Սաբի Կարոն, Ջղեր Խաչիկը, Կուժիը և այլք[39]։

1989 թվականին լույս է տեսել Հրաչյա Իկիլիկյանի «Գյումրին, Պոլոզ Մուկուչը և երգիծական մանրապատումներ» գիրքը, իսկ 2013 թվականին Գագիկ Վարդանյանի «Հումորի հայրաքաղաք՝ Գյումրի» գիրքը, որտեղ տեղ են գտել տարբեր ժամանակներում Գյումրիում ապրած հայտնի ու անհայտ սրախոս մարդկանց կատակների ընտրանին։

Գյումրիի հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության Հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչություն, Քանդակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրիի պատվավոր քաղաքացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրիում սահմանված է պատվավոր քաղաքացու կարգավիճակ, պատվավոր քաղաքացիներ են գրանցված ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։

Ամբողջական ցուցակն հետևյալն է.[40]

Թիվ Անձ Մասնագիտություն
1964 Մարտիրոս Սարյան նկարիչ
1964 Վիկտոր Համբարձումյան ակադեմիկոս
1964 Արամ Խաչատրյան կոմպոզիտոր
1965 Վալենտինա Տերեշկովա տիեզերագնաց
1965 Անդրիան Նիկոլաև տիեզերագնաց
1966 Տիգրան Պետրոսյան շախմատիստ
1968 Հովհաննես Բաղրամյան մարշալ
1968 Արտյոմ Միկոյան ավիակոնստրուկտոր
1999 Շահեն Խաչատրյան Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
2000 Հովհաննես Օյունջյան բարերար
2000 Սիմոն Եզնիկ Բալյան բարերար
2000 Ջոն Հանթսման բարերար
2001 Շառլ Ազնավուր բարերար, երգիչ և բանաստեղծ
2001 Ռոբեր Պողոսյան բարերար
2001 Ժան Պողոսյան բարերար
2001 Ալբեր Պողոսյան բարերար
2001 Նիկոլայ Ռիժկով ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ
2002 Դին Հերշ «Միջազգային Վորլդ Վիժն» կազմակերպության նախագահ
2002 Սարգիս Հակոբյան բարերար
2002 Գոհար Խաչատրյան բարերար
2002 Մուրադ Մուրադյան պետական գործիչ
2002 Դոնարա Հարությունյան Ասքանազի պետական գործիչ
2003 Բորիս Շչերբինա ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ
2003 Ժան-Նոէլ Գերինի Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն նահանգի նահանգապետ
2003 Ալբերտ Մկրտչյան ռեժիսոր
2003 Վիկտոր Կազանցև ՌԴ հերոս, բանակի գեներալ
2004 Վահագն Հովնանյան բարերար
2005 Ալեքսանդր Հարությունյան կոմպոզիտոր
2005 Էդվարդ Միրզոյան կոմպոզիտոր
2005 Վլադիմիր Ռեսին քաղաքական գործիչ
2008 Ֆրիդրիխ Սողոյան վաստակավոր քանդակագործ
2008 Յուրի Վարդանյան Օլիմպիական խաղերի չեմպիոն
2009 Ջեննեթ Սաջոնյան (քույր Արուսյակ) Տիրամայր Հայաստան կուսաստանի մեծավորուհի
2009 Անտոնինո Մոնտալտո ՀՀ-ում Իտալիայի պատվավոր հյուպատոսը Գյումրիում
2009 Արարատ Գոմցյան ՌԴ հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս
2009 Տաճատ Սարգսյան ՀԿԿ նախագահ
2010 Նիկոլայ Հովհաննիսյան գիտության վաստակավոր գործիչ
2012 Ավետիք Սահակյան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2012 Հասմիկ Պապյան ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի
2012 Հասմիկ Կիրակոսյան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
2012 Ռոբերտ Էմմիյան ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
2013 Արամ Սարգսյան մարզիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
2013 Արտավազդ Փելեշյան ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, դերասան
2013 Վլադիլեն Բալյան ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր
2013 Վարդուհի Վարդերեսյան ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի
2014 Ալիկ Գյունաշյան ՀՀ վաստակավոր արտիստ
2014 Կարլեն Ադամյան ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
2014 Լևոն Ջուլֆալակյան Եվրոպայի, աշխարհի (1986) և օլիմպիական (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
2015 Ֆելիք Գրիգորյան Շիրակի-մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ
2015 Հայկ Քոթանջյան ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ
2015 Արթուր Չիլինգարով բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ
2016 Երվան Ղազանչյան ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, դերասան
2016 Գաբրիել Ջամբարջի «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի նախագահ
2016 Գագիկ Ծառուկյան հայ քաղաքական գործիչ, հայտնի գործարար
2016 Նազիկ Ավդալյան ծանրամարտուհի, աշխարհի չեմպիոն
2016 Արթուր Ալեքսանյան հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
2019 Ռոբերտ Մլքեյան[41] Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
2019 Արկադի Տեր-Թադևոսյան[41] գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից
2020 Վարդգես Արծրունի (հետմահու)[42] ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահ, 1988 թվականին Լենինականում երկրաշարժի հետևանքների վերացման հանրապետական շտաբի ղեկավար
2020 Մհեր Մկրտչյան (հետմահու)[42] ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի կատակերգու
2022 Սուսաննա Մկրտչյան[43] Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ
2022 Սաշուր Քալաշյան[44][45] ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյումրու Ազատության հրապարակի համայնապատկերը
Գյումրու Ազատության հրապարակի համայնապատկերը


  • Ազատյան Վազգեն, Լենինական, Երևանի հարատակչություն, 1988
  • Սովետական Հայաստան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1970
  • Գյումրի. քաղաքը և մարդիկ, 2009
  • Ալիշան Ղ. Շիրակ, Վնտ., 1881
  • Մանանդյան Հ., Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Ե., 1944
  • Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967
  • Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ե., 1960
  • Ղարիբջանյան Գ. Բ., Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը 1917 - 1920 թթ., Ե., 1953
  • Կոզմոյան Կ. Ս., Լենինական, Ե., 1957
  • Իսաբեկյան Հ., Լենինականի զարգացման հեռանկարները, «Հայ. ժող. տնտ.», 1961
  • № 2: Լենինական-40 տարի, Ե., 1964
  • Մկրտչյան Ս. Շ., Լենինականը նոր վերելքի ճանապարհին, Ե., 1970
  • Մաթևոսյան Ս., Լենինականի XIX դարի քաղաքատիպ բնակելի տները, «ՊԲՀ», 1972
  • № 3: Նույնի, Լենինականի հատակագծումը և կառուցապատումը XVIII - XIX դդ., «ԼՀԳ», 1972
  • № 10: Հարությունյան Վ. Մ., Արևելյան Հայաստանի քաղաքների հատակագծումն ու կառուցապատումը XIX դարում և XX դարի սկզբին (Երևան, Ալեքսանդրապոլ), «ՊԲՀ», 1977
  • № 3: Хачатрян T. C., Древняя культура Ширака, E., 1975
  • Халпахчьян О. Х., Гражданское зодчество Армении, M., 1971

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. «ԳՅՈՒՄՐԻ - ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԸ XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «ՀՀ բնակավայրերի բառարան, էջ 60» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Climatebase: Gyumri, Armenia». Climatebase. 2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբեր-ին.
  5. Մաթևոսյան, Սարգիս Ղուկասի (1985). Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը. Երևան: Սովետական գրող.
  6. Հայոց պատմություն, հ․ 2. Երևան. 1967. էջ 389. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Պատմություն Ղևոնդեայ Մեծի Վարդապետի Հայոց. Սանկտ-Պետերբուրգ. 1887. էջեր 137–138. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. 8,0 8,1 Հայկական Հանրագիտարան հրատարակչություն, Հայաստան Հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ», 2012, էջ 859-860 — 1164 էջ։
  9. 9,0 9,1 9,2 «Գյումրու Պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 Հուլիսի 16-ին.
  10. King, Charles (2008). The Ghost of Freedom: A History of the Caucasus. Oxford University Press. էջ 172. ISBN 9780199884322.
  11. «1926 թ.-ի Լենինականյան երկրաշարժ» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 13-ին.
  12. «Землетрясение в Армении». Վերցված է 2013 Հոկտեմբերի 13-ին.
  13. «Землетрясение в Армении в 1988 году». Վերցված է 2013 Հուլիսի 16-ին.
  14. «1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 Հուլիսի 16-ին.
  15. «Հայաստանը հիշում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին». Վերցված է 2013 Հուլիսի 16-ին.
  16. «Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա մասին navasardtours.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  17. «Հայ պատմություն. 8-րդ դասարանի դասագիրք» Երևան Լույս, 2000, էջ 112-114։
  18. «Գյումրին պաշտոնապես հայտարարվել է 2013-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 Հուլիսի 16-ին.
  19. Զարմանալի է, որ մուշուրբան դարձավ Գյումրու ազգային համարվող խորհրդանիշը
  20. «Գյումրու քաղաքապետարան, Պաշտոնական կայք. Գյումրու խորհրդանշանները». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 Հուլիսի 113-ին.
  21. 21,0 21,1 21,2 «ՀՀ Շիրակի մարզի առկա և մշտական բնակչությունը (քաղաքային, գյուղական) ըստ 2001 և 2011 թթ. մարդահամարների տվյալների և սեռի,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 12-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «HH_Shiraki_marzi_arka_ev_msht_bnakch_2001_ev_2011_tt» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  22. «Հայաստանի բնակավայրերի բառարան, էջ 60» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  23. «Gyumri.am». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  24. ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ, Շիրակի մարզպետարանի կայում(չաշխատող հղում)
  25. Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
  26. Հռոմի պապը Գյումրիում
  27. «Դպրեվանք». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 Հուլիսի 7-ին.
  28. «Յոթ Վերք Եկեղեցի, Գյումրի, Հայաստան». Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.
  29. «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.
  30. «Գյումրիի եկեղեցիները». Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.
  31. Գյումրեցիներն ավանդաբար եկեղեցին անվանում են ժամ հայկական եկեղեցիների հարավային պատին արևի ժամացույց լինելու պատճառով, որը և բնակավայրում եղած միակ ժամացույցն է եղել ու տեղանքի իմաստով նույնացվել է եկեղեցու հետ։ Օրինակ, ժամի քով բառացի նշանակում է եկեղեցու հարավային պատի արևային ժամացույցի մոտ, իսկ ընդհանրապես՝ եկեղեցու մոտ։
  32. «Գարեգին Բ. կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվեցին Գյումրիի սուրբ Հակոբ եկեղեցու խաչերը». Վերցված է 2013 Հուլիսի 16-ին.
  33. «Գյումրիի նորակառույց Անիի թաղամասում օծվեց Սուրբ Հակոբ Մծբինեցի եկեղեցին». Վերցված է 2013 Հուլիսի 16-ին.
  34. «Գյումրի. Պատվո բլուր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 Հուլիսի 16-ին.
  35. «Գյումրու եկեղեցիները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.
  36. «Գյումրիի Սև բերդը». Վերցված է 2013 Հուլիսի 7-ին.
  37. Արծվի Բախչինյան. Հայերը համաշխարհային պարարվեստում, 2016. էջ 13
  38. «WhoCares». Ian Gillan official website. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  39. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  40. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 Հուլիսի 14-ին.
  41. 41,0 41,1 Արկադի Տեր-Թադևոսյանին և Ռոբերտ Մլքեյանին կշնորհվի «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը
  42. 42,0 42,1 «Ավագանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց Արծրունուն ու Մկրտչյանին». www.asparez.am. Անի Մկրտչյան. 10.06.2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին.
  43. «Սուսաննա Մկրտչյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց – Tsayg». tsayg.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
  44. «Գյումրու ավագանու որոշմամբ Սաշուր Քալաշյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը». Tsayg. 2022 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  45. «Սաշուր Քալաշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  46. «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայք, Քույր քաղաքներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  47. «Գյումրին և Վոլոգդան՝ քույր քաղաքներ». Tsayg. 2022 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  48. «Գյումրին և Վոլոգդան՝ քույր քաղաքներ». Ejc.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  49. «Գյումրին և Հալլեն՝ քույր քաղաքներ». Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ. 2023 թ․ մարտի 7. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  50. Գյումրին և Հալլեն հռչակվեցին քույր քաղաքներ
  51. «Գյումրին և Հալլեն՝ քույր քաղաքներ». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյումրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 542