Jump to content

Դաշնակահարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դաշնակահարը (ֆիլմ, 2002)ից)
Դաշնակահարը
անգլ.՝ The Pianist
Երկիր Ֆրանսիա[1]
 Գերմանիա[1]
 Միացյալ Թագավորություն[1]
 Լեհաստան[1]
Ժանրերաժշտական ֆիլմ, դրամա[2][3][4], կենսագրական ֆիլմ, պատմական ֆիլմ, ռազմական ֆիլմ և գրքերի էկրանավորում
ԹեմաՀոլոքոստ[1], Վլադիսլավ Շպիլման[1] և կենդանի մնալը[1]
ՀիմքԴաշնակահարը և Śmierć Miasta?[1]
Թվականմայիսի 24, 2002[5], հոկտեմբերի 24, 2002[6] և 2002
Լեզուգերմաներեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՌոման Պոլանսկի[7][3][8][…]
ՊրոդյուսերՌոման Պոլանսկի[9][1], Ալեն Սարդ[9][1] և Ռոբերտ Բենմուսա[1]
Սցենարի հեղինակՌոնալդ Հարվուդ[10][1]
ԴերակատարներԷդրիան Բրոուդի[1], Թոմաս Կրեչման[1], Ֆրենկ Ֆինլեյ[11][2][3][…], Էմիլիա Ֆոքս[7][3][8][…], Ուդո Կրոշվալդ[12], Մորին Լիփման[3][12][13][…], Միխալ Ժեբրովսկի[7][3][12][…], Էդ Սթոփարդ[3][8][12][…], Փոփեք[12], Ռիչարդ Ռայդինգս[3][12], Դանիել Քալթաջիրոնե[12], Ռոնան Վայբերթ[12], Վալենտին Փելքա[12], Զբիգնև Զամախովսկի[12], Էնդրյու Թիրնան, Վանյա Մուես[10], Յոախիմ Պաուլ Ասբյոք[10], Կատաժինա Ֆիգուրա[10], Աքսել Պրալ[10], Մարիան Ձենձել[10], Պավել Մալաշինսկի[10], Անջեյ Զելինսկի[10], Բորիս Շից[10], Մայա Օստաշևսկա[10], Անջեյ Պիեչինսկի[10], Ցեզարի Կոսինսկի[10], Անջեյ Բլյումենֆելդ[10], Անջեյ Շենայխ[10], Լեխ Մացկևիչ[10], Պյոտր Սեյկա[10], Պավել Բուրչիկ[10], Տոմաս Լավինկի[10], Պետեր Ռապենգլյուկ[10], Ֆրանկ Կյոբե[10], Ջոն Կեոգ[10], Zbigniew Waleryś?[10], Նինա Ֆրանոժեկ[10], Ջուլիա Ռայներ, Ջեսիկա Քեյթ Մեյեր, Ռութ Փլաթ և Ռոյ Սմայլս
ՕպերատորՊավել Էդելման[1]
ԵրաժշտությունՎոյցեխ Կիլյար[1]
ՄոնտաժԷրվե դե Լուզ[1]
Պատմվածքի վայրՎարշավա[1] և Վարշավայի գետտո[1]
Նկարահանման վայրՎարշավա
ԿինոընկերությունStudioCanal, Canal+, Babelsberg Studio[14], RP Productions[14], Heritage Film[14] և Runteam Productions[14]
Տևողություն148,7 րոպե[15]
Բյուջե35 000 000 $
Շահույթ120 072 577 $[16] և 32 572 577 $[16]
Պաշտոնական կայքէջ

«Դաշնակահարը» (անգլ.՝ The Pianist), ամերիկյան հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված 2002 թվականին[17]։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Երաժշտությունը նրա կիրքն էր, գոյատևումը՝ նրա գլուխգործոցը»։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Պոլանսկու ամենահայտնի ֆիլմերից մեկն է։ Նկարահանված է 1930-ական թվականների Լեհաստանի լավագույն դաշնակահարներից մեկի՝ Վլադիսլավ Շփիլմանի ինքնակենսագրության հիման վրա։ Ֆիլմում պատկերված է Լեհաստանի իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ «Դաշնակահարը» արժանացել և ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 3 Օսկար՝ լավագույն դերասանի, լավագույն ռեժիսորի և լավագույն ադապտացված սցենարի համար։

Ֆիլմի գործողությունը սկսվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 1939 թվականին։ Հրեա Վլադիսլավ Շփիլմանը երիտասարդ տաղանդավոր դաշնակահար է, ապրում է իր հոր, մոր, եղբոր և երկու քույրերի հետ։ Վարշավան գրավել են գերմանացի ֆաշիստները, որոնք անընդհատ ահաբեկում ու հալածում են քաղաքում ապրող հրեաներին։ Ֆաշիստական կառավարման պատճառով Շփիլմանին չի հաջողվում իր տեղը գտնել երաժշտական աշխարհում և կայանալ կյանքում։ Նրա ընտանիքն ամեն կերպ փորձում է գումար վաստակել հետագա գոյատևման համար, սակայն ապարդյուն։ Վլադիսլավն իր հին երաժիշտ ծանոթների շնորհիվ աշխատում է տարբեր ռեստորաններում, բայց չի կարողանում բավարար գումար վաստակել։ Հրեաների կյանքը գնալով վատթարանում է։ Օր օրի նացիստները սահմանափակում են հրեաների իրավունքները և նվաստացնում նրանց, ստիպում հատուկ տարբերանշան կրել, ստորացնում են, արգելում հայտնվել հասարակական վայրերում, աշխատել, քայլել մայթերով, տանը մեծ գումար պահել և այլն։

Ֆաշիստական կառավարությունը օրենք է ընդունում, որ բոլոր հրեաները պետք է բնակվեն հատուկ փակված թաղամասում՝ գետտոյում։ Շփիլմանն իր ընտանիքի և մյուս հրեաների հետ ստիպված գետտո է տեղափոխվում։ Այնտեղ դաշնակահարի ընտանիքը ականատես է լինում դաժան տեսարանների՝ նացիստները տանջամահ են անում որոշ հրեաների։ Վլադիսլավը ծանոթների միջոցով իր ընտանիքի անդամների համար աշխատանքի իրավունքի փաստաթղթեր է ձեռք բերում։ Նա կարծում է, թե դա նրանց հետագայում կօգնի։ Սակայն շուտով նացիստները գետտոյի բնակիչների մի մասին համակենտրոնացման ճամբար են տեղափոխում։ Շփիլմանն ու իր հարազատները նույնպես հայտնվում են այնտեղ։ Համակենտրոնացման ճամբարում նրանք հանդիպում են խելագարված, խեղճացած ու ստորացված մարդկանց։ Այստեղից բոլորին պետք է մեկ այլ համակենտրոնացման ճամբար տեղափոխեն՝ վերջնականապես ոչնչացվելու համար. մի վայր, որտեղից ոչ ոք կենդանի չի դուրս գալիս։ Երբ հրեաները քայլում են դեպի մահ տանող գնացքը, Վլադիսլավն անցնում է իր հին ծանոթ նացիստի կողքով, որը ժամանակին օգնել է դաշնակահարին։ Այդ զիվորականն անմիջապես Վլադիսլավին առանձնացնում է ամբոխից։ Վերջինս արտասվելով փախչում է համակենտրոնացման ճամբարից, մինչդեռ նրա ընտանիքի անդամներին մահվան են ուղարկում։

Շփիլմանը քաղաք է գալիս և սկսում որպես բանվոր աշխատել շինարարությունում։ Այդ շինարարությունն ավելի շատ համակենտրոնացման ճամբարի է նման, որտեղ նացիստական զինվորները բռնի ուժով աշխատեցնում են գերիներին։ Մի քանի անգամ Վլադիսլավը հրաշքով փրկվում է նացիստների վայրագություններից։ Մի օր պատահականորեն հանդիպում է այստեղ իր հին ընկերոջը՝ Մայորեքին, որը առանձին խոսակցության մեջ հասկացնում է Վլադիսլավին, որ ֆաշիստների նպատակն է ամբողջովին բնաջնջել հրեաներին։ Մայորեքը կարծում է, որ փրկվելու միակ ձևը զինված պայքար սկսելն է։ Երբ նացիստները հրաման են արձակում, որ աշխատողներն իրավունք ունեն իրենց մոտ երեք կիլոգրամ կարտոֆիլ ու մեկ հատ հաց պահել, Մայորեքն ու Վլադիսլավը խորամանկության են դիմում։ Նրանք քաղաքից զենք են հայթայթում և հրեական գետտոյի պատերի կողքով անցելիս նետում են գետտոյի տարածք, որպեսզի հրեաները զինվեն և մասնակցեն ապագա պայքարին։

Մի անգամ Վլադիսլավը խնդրում է Մայորեքին, որ նա այցելի իր երկու ծանոթ երաժիշտներին և խնդրի, որպեսզի վերջիններս կազմակերպեն Շփիլմանի փախուստը։ Մյուս երեկո Մայորեքը հայտնում է, որ երաժիշտ կինն ու ամուսինը փոխել են իրենց հասցեն և նա չի կարողացել գտնել նրանց։ Այդ ժամանակ Վլադիսլավը զգուշորեն փախչում է շինարարությունից և գտնում հին ծանոթին և նրա կնոջը։ Վերջիններս կերակրում են Վլադիսլավին և ուղարկում վստահված անձ Գիբժինսկու մոտ, որը ապահով տեղում գիշերվա օթևան է տալիս Շփիլմանին։

Հաջորդ օրը Գիբժինսկին թաքցնում է Շփիլմանին մի բնակարանում, որը գտնում էր հենց գետտոյի կողքին։ Որոշ ժամանակով Վլադիսլավն այստեղ է մնում, ընդհանրապես բնակարանից դուրս չգալով։ Իր լուսամուտից նա ամեն օր ականատես է լինում հրեաների ու նացիստների ռազմական ընդհարումներին։ Վերջ ի վերջո ֆաշիստներին հաջողվում է ոչնչացնել բոլոր ըմբոստներին։

Շուտով Վլադիսլավի կերակուրը սպառվում է և կերակուր փնտրելով, նա պատահաբար ջարդուփշուր է անում ամանեղենը՝ մեծ աղմուկ առաջացնելով։ Կողքի բնակարանում ապրող հարևանուհին դուրս է գալիս սենյակից ու աղմուկ բարձրացնում։ Վլադիսլավը ստիպված փախչում է այստեղից։ Այս անգամ նա այցելում է իր հին ծանոթ երաժշտուհուն՝ Դորոթային ու նրա ամուսնուն՝ Ջոքևիջին։ Շփիլմանն ասում է, որ Գիբժինսկու խորհրդով է եկել և իրեն օգնություն է հարկավոր։ Ջոքևիջը թաքցնում է Վլադիսլավին մի ուրիշ բնակարանում, ծանոթացնում ոմն Շալլազի հետ, ով պետք է ամեն շաբաթ կերակուր հասցներ Շփիլմանին։

Այդ բնակարանում, Վլադիսլավը երկար ժամանակ դիմանում է ցրտին ու սովին։ Ի վերջո նա ծանր հիվանդանում է։ Դորոթան ու Ջոքևիչը բժշկի են դիմում։ Վլադիսլավն ապաքինվում է և դարձյալ մնում այդ բնակարանում։ Երբ Խորհրդային զորքերը մտնում են Լեհաստան, քաղաքում ռազմական գործողություններ են սկսվում, իսկ հասարակ ժողովուրդը ապստամբում է։ Ռազմական բախումները սկսում են հաճախակի տեղի ունենալ, և մի օր Շփիլմանի շենքը պայթեցնում են։ Վերջինս խուճապահար դուրս է փախչում և թաքնվում տարբեր թաքստոցներում։ Ամենուրեք պատերազմ է, կրակոցներ, սպանություններ, պայթեցված շենքեր և այլն... Շփիլմանը օր ու գիշեր թաքնվում է տարբեր շենքերի փլատակների մեջ կամ էլ փախչում նացիստներից։ Սովից նա շատ է թուլանում։

Մի երեկո Շփիլմանը մի գերմանացի կապիտանի է հանդիպում։ Վերջինիս տեսնում է, որ Վլադիսլավը փրկվելու հույսը կորցնում է։ Կապիտանը զարմացած հարցնում է, թե ով է կանգնած իր առջև և լսելով, որ անծանոթը դաշնակահար է եղել, նրան տանում է մի դաշնամուրի մոտ և համոզվելու համար խնդրում է նվագել։ Վլադիսլավը վարպետորեն նվագում է Ֆրեդերիկ Շոպենի երաժշտությունը։ Կապիտանը հաճույքով լսում է և առանց ոչ մի խոսք ասելու հեռանում։ Հաջորդ օրը նա այցելում է դաշնակահարին և իր հետ կերակուր բերում։ Այդպիսով կապիտանը ամեն օր կերակուր է հասցնում Վլադիսլավին և փրկում սովամահ լինելուց։ Նա նույնիսկ իր թիկնոցն է հանում ու տալիս խեղճացած դաշնակահարին, որպեսզի վերջինս չմրսի։

Օրեր են անցնում... Վլադիսլավը չի դիմանում ու դուրս է գալիս իր թաքստոցից։ Հանկարծ նա նկատում է ռուս զինվորների, որոնք տեսնելով նացիստական թիկնոց հագած անծանոթի, սկսում են կրակել նրա ուղղությամբ։ Վլադիսլավը վախեցած թաքնվում է, իսկ հետո բացականչում, որ գերմանացի չէ, այլ Լեհաստանից է։ Շուտով ռուսները դրանում համոզվում են։

Գերմանացի կապիտանը, որը երկար ժամանակ օգնում էր Շփիլմանին, հայտնվում է գերիների շարքում։ Երբ կողքով երաժիշտների խումբ է անցնում, կապիտանը կանչում է մեկին և համոզվելով, որ վերջինս ճանաչում է դաշնակահար Վլադիսլավ Շփիլմանին, խնդրում է, որ երաժիշտը այստեղ բերի Շփիլմանին, որովհետև նա հաստատ օգնության ձեռք կմեկնի։ Երաժիշտը չի հասցնում լսել գերմանացու անունը, բայց միևնույն է, գնում է Վլադիսլավի ետևից։ Շփիլմանն արդեն ազատ է և փրկված։ Անցյալում են տառապանքը, վայրագությունները, ցավը, վախը և այլն... Նա դարձյալ աշխատում է ռադիոյում, երբ հանկարծ գալիս է իր երաժիշտ ընկերն ու պատմում գերմանացի գերու մասին։ Սակայն երբ նրանք երկուսով գնում են այնտեղ, գերիներին արդեն տարած են լինում։

Հետագա տեսարաններից հանդիսատեսը իմանում է, որ Վլադիսլավ Շփիլմանը երկար ու հետաքրքիր կյանք ունեցավ, իսկ այն գերմանացի կապիտանը վախճանվեց ռուսական համակենտրոնացման ճամբարում։

Նկարահանող անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ռեժիսոր - Ռոման Պոլանսկի
  • պրոդյուսերներ - Ջոն Հաուսմեն, Ջադ Քինբերգ
  • սցենարիստներ - Ռոնալդ Հարվուդ, Վլադիսլավ Շփիլման (գիրք)
  • օպերատոր - Պավել Էդելման
  • երաժշտություն - Վոյցեխ Քիլյար
  • մոնտաժ - Էրվե Դե Լյուս

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար Դեր
Էդրիան Բրոուդի Վլադիսլավ Շփիլման Վլադիսլավ Շփիլման
Թոմաս Քրեչման կապիտան Վիլյամ Հոզենֆելդ կապիտան Վիլյամ Հոզենֆելդ
Էմիլյա Ֆոքս Դորոթա Դորոթա
Միխալ Ժիբրովսկի Յուրեք Յուրեք
Էդ Սթոփփարդ Հենրիք Հենրիք
Ֆրենկ Ֆինլեյ Շփիլմանի հայր Շփիլմանի հայր
Մորին Լիփմեն Շփիլմանի մայր Շփիլմանի մայր
Ջեսիկա Քեյթ Մեյեր Հալինա Հալինա
Ջուլյա Ռեյներ Ռեջինա Ռեջինա
Դանիել Քալթաջիրոնե Մայորեք Մայորեք
Դերակատար Դեր
Ռութ Փլեթ Ջանինա Բուգոցկի Ջանինա Բուգոցկի
Ռոնան Վայբերթ Անջեյ Բուգոցկի Անջեյ Բուգոցկի
Վալենտին Պելկա Դորոթայի ամուսին Դորոթայի ամուսին
Էնդրյու Թիրնան Շալազ Շալազ
Ռոյ Սմայլս Իցհակ Հելլեր Իցհակ Հելլեր
Ռիչարդ Ռայդինգս միսթեր Լիպա միսթեր Լիպա
Անջեյ Բլյումենֆելդ Բենեք Բենեք
Ուդո Քրոշվալդ Շուլց Շուլց
Կշիշտով Պեչինսկի Գեբզինսկի Գեբզինսկի
Ցեզարի Կոսինսկի Լեդնիցկի Լեդնիցկի

Գլխավոր դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Վլադիսլավ Շփիլմանի դերում պետք է հանդես գար ամերիկացի հայտնի դերասան Ջոզեֆ Ֆայնսը[18]։ Վերջինս ֆիլմի ռեժիսոր Ռոման Պոլանսկու առաջին ընտրությունն էր գլխավոր դերի համար։ Սակայն Ֆայնսը հրաժարվեց ֆիլմում խաղալուց՝ թատրոնում պարտավորվածություն ունենալու պատճառով։ Գլխավոր դերի համար Լոնդոնյան քասթինգին պայքարում էին ավելի քան 1400 դերասաններ։ Ոչ ոքից գոհ չլինելով՝ Պոլանսկին վերջ ի վերջո որոշեց գլխավոր դերը հանձնել պատանի դերասան Էդրիան Բրոուդիին։ Փարիզում իրենց հանդիպման ժամանակ Պոլանսկին նկատել էր, թե ինչ իդեալական է Բրոուդին համապատասխանում Շփիլմանի դերի համար։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են 2001 թվականի փետրվարի 6-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Բեյբելսբերգ նկարահանման հրապարակում։ Շրջակա քաղաքը և հրեական գետտոն ամբողջովին վերակառուցվել էին Բեյբելսբերգ նկարահանման հրապարակում։ Վերակառուցվել էին այն տեսքով, ինչպիսին էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հին խորհրդային զորանոցները օգտագործվել են քանդված քաղաքին թարմ տեսք տալու համար, քանի որ դրանք ամեն դեպքում ոչնչացվելու էին։

Ֆիլմի առաջին տեսարանները նկարահանվեցին այդ զորանոցներում։ Դրանից հետո նկարահանող անձնակազմը տեղափոխվեց Պոտսդամի վիլլա։ Այստեղ ստեղծվեց այն տեսարանը, որտեղ Շփիլմանը հանդիպում է գերմանացի կապիտան Վիլյամ Հոզենֆելդին։ Այնուհետև՝ 2001 թվականի մարտի 2-ին, անձնակազմը տեղափոխվեց խորհրդային բանակի լքված հիվանդանոց, որը գտնվում էր Գերմանիայում։ Տեսարանները, որտեղ գերմանացիները հրանետով այրում են հիվանդանոցը, նկարահանվում են այստեղ։ Մարտի 15-ին նկարահանումները վերջապես տեղափոխվում են Բեյբելսբերգ նկարահանման հրապարակ։ Առաջինը նկարահանվում է այն տեսարանը, որտեղ Շփիլմանը ականատես է լինում հրեական գետտոյի բնակիչների ու գերմանացիների ռազմական բախումներին, որոնք ի վերջո ավարտվում են նացիստների հաղթանակով։ Տեսարանը շատ բարդ էր ստեղծվում, ներառում էր բարդ տեխնիկական հնարքներ և ուղեկցվում պայթյուններով։ Այս նկարահանման հրապարակում նկարահանումներն ավարտվեցին մարտի 26-ին, որից հետո՝ մարտի 29-ին, անձնակազմը տեղափոխվեց Վարշավա։ Նկարահանումների համար օգտագործվեց նաև Պրահայի մի թաղամաս, որտեղ յուրօրինակ շենքեր կային։ Գեղարվեստական բաժինը ստեղծվել է այս շենքերի շնորհիվ, որոնք արտացոլում էին պատերազմի տարիների Վարշավան։ Տեսարանը, որտեղ Շփիլմանը, իր ընտանիքը և հարյուրավոր հրեաներ սպասում են, թե երբ են ուղարկվելու մահվան համակենտրոնացման ճամբար, նկարահանվել է Վարշավայի պաշտպանության ազգային համալսարանում։

Հիմնական նկարահանումներն ավարտվել են 2001 թվականի հուլիսին։

Բյուջե և շահույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պաշտոնական տվյալների, «Դաշնակահարը» ֆիլմի բյուջեն կազմել է $35.000.000 (ընդհանուր ծախսերի 77,8%-ը)։ Ըստ մարքեթինգային տվյալների՝ կազմել է $10.000.000 (ընդհանուր ծախսերի 22,2%-ը)։ Արդյունքում ֆիլմի ընդհանուր ծախսերը կազմել են $45.000.000[19]:

Ֆիլմի հասույթն ԱՄՆ-ում կազմել է $32.572.577 (ընդհանուր հասույթի 27,1%-ը), այլ երկրներում՝ $87.500.000 (ընդհանուր հասույթի 72,9%-ը)։ Ընդհանուր հասույթը կազմել է $120.072.577[20]:

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոման Պոլանսկին և Էդրիան Բրոուդին, 2002 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ

«Դաշնակահարը» ֆիլմն արժանացել ու ներկայացվել է բազմաթիվ մրցանակների[21]։ Դրանցից ամենանշանավորներն են հետևյալները.

  • 2002 թվական - արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի՝ լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում։ Ներկայացել է հետևյալ անվանակարգերում.
  • լավագույն ֆիլմ
  • լավագույն ռեժիսոր (Ռոման Պոլանսկի)
  • մրցանակ հանդիսատեսների կողմից լավագույն դերասանի համար (Էդրիան Բրոուդի)
  • լավագույն ֆիլմ
  • լավագույն դերասան (Էդրիան Բրոուդի)
  • լավագույն ռեժիսոր (Ռոման Պոլանսկի)
  • լավագույն օպերատորի աշխատանք
  • լավագույն հնչունավորում
  • լավագույն սաունդտրեկ
  • լավագույն դեկորացիաներ

«Սեզարի» անվանակարգեր.

  • լավագույն ադապտացված կամ օրիգինալ սցենար
  • լավագույն կոստյումներ
  • լավագույն մոնտաժ
  • լավագույն ֆիլմ
  • Դեվիդ Լինի անվան մրցանակ ռեժիսորական ավանդի համար

«Bafta»-ի անվանակարգեր.

  • լավագույն դերասան (Էդրիան Բրոուդի)
  • լավագույն ադապտացված սցենար
  • լավագույն օպերատորի աշխատանք
  • լավագույն հնչունավորում
  • Էնթոնի Էսքուիտայի անվան մրցանակ՝ ֆիլմում երաժշտության ստեղծման ավանդում
  • 2003 - «Ոսկե գլոբուսի» անվանակարգեր.
  • լավագույն ֆիլմ (դրամա)
  • լավագույն դերասան (դրամա) (Էդրիան Բրոուդի)

«Օսկարի» անվանակարգեր.

  • 2004 - «Ոսկե արծիվ»՝ լավագույն օտարերկրյա ֆիլմ ռուսական վարձույթում - «Սոյուզ վիդեո»
  • 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով կինովարկանիշային ցանկում 52-րդն է (2012 թ. մայիս ամսվա դրությամբ)

Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դաշնակահարը» ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի մայիսի 24-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում[22]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դաշնակահարը» ֆիլմը լավ ընդունվեց կինոքննադատների և հանդիսատեսների կողմից[23]։ Այն բուռն քննարկումներ առաջացրեց ինչպես տարբեր հեռուստատեսային վայրերում, այնպես էլ տարբեր համացանցային կայքերում[24][25]։ Ամերիկացի հանրահայտ կինոքննադատ Ռոջեր Էբերթը, այսպես է գրել ֆիլմի մասին[26].

Այս ֆիլմի անվանումը կրճատված է։ Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» պատմում է լեհական հրեա, դասական երաժշտի պատմությունը, որը վերապրեց Հոլոքոստը կանգունության և հաջողության շնորհիվ։ Սա միայն թրիլլեր չէ, նաև թույլ է տալիս խուսափել գայթակղությունից՝ զգալ սպասումների մաքսիմումը կամ տրամադրությունը։ Սա դաշնակահարի վկայությունն է այն մասին, թե ինչ է նա տեսել և ինչ եղավ նրա հետ։ Այն, որ նա ողջ մնաց, հաղթանակ չէ, երբ բոլորը, ում նա սիրում էր, վախճանվեցին։ Պոլանսկին, ասելով իր փորձի մասին, ասաց, որ իր մոր մահը գազային խցիկում այնպիսի ողբերգություն է, որ միայն իր սեփական մահը կբերի փակման։
- Ռոջեր Էբերթ

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեդերիկ Շոպեն

Ֆիլմում հիմնականում հնչում է լեհ հայտնի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի երաժշտությունը[27], ինչը պայմանավորված է նաև ֆիլմի սյուժեով։

Ֆիլմում հնչած երաժշտության ամբողջական շարքը.

  1. Նոկտյուրն դո դիեզ մինորում (1830), Ֆրեդերիկ Շոպեն (4:12)
  2. Նոկտյուրն րե մինոր ստ․ 72, համար 1, Ֆրեդերիկ Շոպեն (4:31)
  3. Նոկտյուրն դո մինորում, ստ․ 48, համար 1, Ֆրեդերիկ Շոպեն (5:57)
  4. Բալլադ համար 2 ֆա մաժոր, ստ․ 38, Ֆրեդերիկ Շոպեն (7:41)
  5. Բալլադ համար 1 սոլ մինորում, ստ․ 23, Ֆրեդերիկ Շոպեն (9:01) 10 րոպեանոց բալլադը ֆիլմում հնչում է կրճատ տարբերակով
  6. Վալս համար 3 լյա մինոր, ստ․ 34, համար 2, Ֆրեդերիկ Շոպեն (5:13)
  7. Նախերգանք մի մինորում, ստ․ 28, համար 4, Ֆրեդերիկ Շոպեն (2:34)
  8. Andante spianato in G Major, Ֆրեդերիկ Շոպեն (4:28)
  9. Grande Polonaise brillante in E-flat major («Մեծ փայլուն պոլոնեզ մի բեմոլ մինորում»), Ֆրեդերիկ Շոպեն (9:31)
  10. Moving to the Ghetto Oct. 31, 1940 (թարգմ․ «Գնալով դեպի Գետտո 1940 թ, Հոկ 31»), Վոյցեխ Քիլյար (1:52)
  11. Մազուրկա լյա մինորում, ստ․ 17, համար 4, Ֆրեդերիկ Շոպեն (3:42)

Այն դրվագում, որտեղ Շփիլմանը լքված տան ձեղնահարկում գտնում է թաքստոց, հետին ֆոնին է հնչում Բեթհովենի 14-րդ սոնատը (Լուսնի սոնատը)։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ նվագողը գերմանացի կապիտան Վիլմ Հոզենֆելդն էր։ Ֆիլմում գերակշռող լեհական երաժշտության ֆոնին գերմանական երաժշտությունը զգալիորեն առանձնանում է։

Վլադիսլավ Շփիլմանի կերպարը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիսլավ Շփիլման

Ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա[28]։ Վլադիսլավ Շփիլմանը իրական պատմական դեմք է, որի ինքնակենսագրության հիման վրա ստեղծվել է այս ֆիլմը[29]։ Պատերազմից հետո Շփիլմանը գրեց այն ամենի մասին, ինչին ականատես էր եղել[30]։ Ի սկզբանե նրա աշխատությունը վերնագրված էր «Քաղաքի անկումը», որն առաջին անգամ հրատարակվել է 1946 թ. Լեհաստանում։ 1998 թ. այն վերահրատարակվել է և ստացել նոր անվանում՝ «Դաշնակահարը. արտահերթ և ճշմարիտ պատմություն մի մարդու գոյատևման մասին, Վարշավայում 1939-1945»։ Այս տպագրությունը թարգմանվել է աշխարհի 38 լեզուներով։

Վլադիսլավ Շփիլմանը 1930-ական թվականներին Լեհաստանում հայտնի ու փայլուն դաշնակահար էր[31]։ Նա հրեաների ընտանիքից էր, և հենց դա հետագայում նրա տանջանքների ու չարչարանքների պատճառը դարձավ։ Երբ 1939 թվականին, Գերմանիան գրավեց Լեհաստանը, Շփիլմանների ընտանիքը, իր կամքին հակառակ, տեղափոխվեց հրեաների գետտո։ 1942 թվականին օգոստոսի 16-ին, Վլադիսլավն ու իր ընտանիքի անդամները ոչ պիտանի համարվեցին աշխատանքի համար։ Դրա պատճառով նրանք ուղարկվում են մի համակենտրոնացման ճամբար, որտեղից գնացքով պետք է ոչնչացման ուղարկվեին, ուրիշ հրեաների հետ։ Վերջին պահին, Վլադիսլավին փրկում է իր հին ծանոթ Իցհաք Քելլերը, որը նացիստական զինվոր էր։ Նա առանձնացնում է Վլադիսլավին ամբոխից և հրամայում է փախչել։

Դրանից հետո Շփիլմանը բանվոր է աշխատում շինարարությունում։ Մի քանի անգամ հրաշքով փրկվում է հերթական ջարդերից, իրականացված նացիստների կողմից։ Երբ հրեաների նկատմամբ հալածանքները դարձյալ ուժ են առնում, Վլադիսլավը չի դիմանում և 1943 թվականին փախչում է գետտոյից ու երկար ժամանակ շրջում է լեհական ռադիոյի ծանոթների մոտ, որոնք թաքցնում են իրեն տարբեր բնակարաններում։ Վերջին բնակարանը, որում Վլադիսլավն ապաստան է գտնում, գտնվում էր հենց քաղաքի կենտրոնում և հրեաների գետտոյի դիմաց։ Օգոստոսի 12-ին շենքն այրում են և այդ պահին Շփիլմանը փորձում է նույնիսկ թունավորվել քնաբերով, սակայն ողջ է մնում։

Հետագայում նա թաքնվում է տարբեր փլուզված շենքերի տանիքներում և ոչ հեռու գտնվող հիվանդանոցում։ Թերսնուցման պատճառով քիչ է մնում մահանա։ Վերջապես նոյեմբերին, Վլադիսլավը բնակություն է հաստատում մի շենքում, որտեղ նրան հանկարծակի գտնում է մի գերմանացի կապիտան՝ Վիլյամ Հոզենֆելդ անունով։ Վերջինս ցանկանում էր այդ շենքում Վարշավայի պաշտպանության աշխատակազմ հաստատել։ Հոզենֆելդը թաքցնում է Շփիլմանին մի ապահով տեղամասում և, ընդհուպ մինչև պատերազմի ավարտը, կերակուր հասցնում դաշնակահարին։ Կապիտանը փրկում է վերջինիս կյանքը։ Հոզենֆելդը վախճանվել է 1952 թվականին, Ստալինյան ճամբարներում։ Իսկ Վլադիսլավ Շփիլմանն ապրեց 88 տարի և վախճանվեց 2000 թվականին։ Նա շուրջ քսան տարի աշխատում էր լեհական ռադիոյում, իսկ հետագայում սկսեց գրել տարբեր երգեր ու ստեղծագործություններ, որոնց շնորհիվ հայտնի դարձավ որպես կոմպոզիտոր։

Ռոման Պոլանսկու սեփական փորձը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոման Պոլանսկի

«Դաշնակահարը» ֆիլմի ռեժիսոր Ռոման Պոլանսկու մանկությունը ինչ-որ չափով կարելի է նմանեցնել ֆիլմի գլխավոր հերոսի կյանքին և ընդհանրապես ֆիլմի թեմային[32]։

Ռոման Պոլանսկին ծնվել է 1933 թվականի օգոստոսի 18-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հրեաների ընտանիքում[33]։ Երբ նա երեք տարեկան էր, ծնողները վերադարձան Լեհաստան։ Ֆաշիստական հալածանքների ժամանակ նրա մայրը զոհվում է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։ Հորը հաջողվում է ողջ մնալ մի այլ՝ Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարում։ Տղային ապաստան էին տալիս լեհական ընտանիքները։ Ըստ Պոլանսկու խոսքերի՝ ռազմական ընդհարումների ժամանակ ֆաշիստներն օգտագործում էին իրեն որպես թիրախ։ Գոյատևելով Երկրորդ համաշխարհային պատերազմում և ողջ մնալով Կրակովյան գետտոյում՝ Պոլանսկին իր տեղն է գտնում արվեստում։ 1945 թվականին նա գտնում է իր հորը։ Վերջինս ուղղորդում է որդուն սովորել տեխնիկական դպրոցում, սակայն շուտով Ռոմանը սկսում է աշխատել մանկական հեռուստատեսությունում, խաղում է ռադիոբեմադրություններում և թատրոնում։ Նա խաղացել է գլխավոր դեր Վալենտին Կատաևի «Գնդի որդին» նովելում (1948, Վարշավայի պատանի հանդիսատեսի թատրոն)։

Վարկած կա, որ ֆիլմի այս թեման՝ Երկրորդ աշխարհամարտի, հրեաների ցեղասպանության, ֆաշիստական դաժան կառավարության մասին, շատ հոգեհարազատ էր Պոլանսկուն և հենց նա պետք է նկարահաներ այս ֆիլմը[34]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդրիան Բրոուդի
  • Դերասան Էդրիան Բրոուդին 14 կգ նիհարել էր՝ Վլադիսլավ Շփիլմանի դերում հանդես գալու համար։ Նա խիստ դիետա էր պահում, որը կազմված էր երկու խաշած ձվից ու կանաչ թեյից՝ նախաճաշին, ճտի մսից՝ ճաշին, և ձկան կամ ճտի մսի կտորից ու խաշած բանջարեղենից՝ ընթրիքին։ Ի սկզբանե նրա քաշը կազմում էր 73 կգ, 185 սմ հասակում։
  • Որպեսզի հասկանար, թե ինչ է զգում իր հերոսը, Էդրիան Բրոուդին տեղափոխվեց բնակարանից, վաճառեց ավտոմեքենան և հրաժարվեց հեռուստացույց դիտելուց։
  • Կրակովում անցկացվող նկարահանումների ժամանակ ֆիլմի ռեժիսոր Ռոման Պոլանսկին հանդիպեց այն մարդուն, ով պատերազմի ժամանակ օգնել էր իր ընտանիքին։
  • Տեսարանը, որտեղ Շփիլմանին փրկում են համակենտրոնացման ճամբար ուղարկելուց, նման է Պոլանսկու կյանքի իրադարձություններին։
  • «Դաշնակահարը» առաջին ֆիլմն է, որն արժանացել է լավագույն ֆիլմի համար Ֆրանսիական Սեզար մրցանակի, սակայն ֆիլմում ֆրանսերեն ոչ մի բառ չի հնչում։
  • Երաժշտությունը, որը ֆիլմի վերջում հնչում է փլատակների վրայով անցնող բեռնատար մեքենայից, Լեհաստանի հիմնն է։ Ահա թե ինչու է Շփիլմանը հասկանում, որ փրկված է։
  • Այն տեսարանի նկարահանման ժամանակ, երբ Էդրիան Բրոուդիի հերոսը թռչում է լուսամուտից ցած, հետաքրքիր դեպք է պատահել։ Չնայած ներքևում անվտանգությունը երաշխավորող սպունգային ներքնակ էր փռված, Բրոուդին անհանգստացավ և հարցրեց. «Մեկն ու մեկն արդեն փորձե՞լ է այս լուսամուտից ցած թռչել»։ Բոլորն օրորեցին գլուխները։ Բրոուդին կրկին հարցրեց. «Ի՞նչ է, ոչ ոք չի՞ թռել»։ Հանկարծ Պոլանսկին անսպասելիորեն բարձրացավ ու ցած թռավ լուսամուտից։ Ներքևից նա բացականչեց. «Ահա, մեկն ու մեկը փորձեց, հիմա քո հերթն է»։ Բրոուդին ցած թռավ դեմքն ուժեղ հարվածելով և վնասվածքներ ստանալով։
  • Մասսայական բռնագաղթման տեսարանում, երեխաներից մեկի դերում, նկարահանվել է Վլադիսլավ Շփիլմանի թոռը՝ Դանիել Շփիլմանը։ Իսկ հրեա ոստիկաններից երկուսին մարմնավորել են Դանիելի հայրը և որդին՝ Անդրեյ Շփիլմանը։
  • Էդրիան Բրոուդին 29 տարեկան էր, երբ լավագույն դերասան անվանակարգում «Դաշնակահարը» ֆիլմի համար «Օսկար» ստացավ՝ դառնալով այդ անվանակարգում ամենաերիտասարդ օսկարակիրը։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերակուրը ժամանակից կարևոր է։
Կսկսեն դուռը ջարդել, լուսամուտից ցած նետվիր։
Բնաջնջում են մեզ։ Շուտ են կողմնորոշվում։ Մնաց 60000 կես միլիոնից։
Տարբերակը մեկն է։ Մենք կարող ենք կանգնել և զրուցել։ Դա մեզ դեռ չեն արգելել։
Շնորհակալ եղիր Աստծուն, այլ ոչ թե ինձ։ Դա նրա կամքն էր, որ մենք գոյատևեցինք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 europeanfilmawards.eu
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/the-pianist
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.ofdb.de/film/23108,Der-Pianist
  4. http://www.imdb.com/title/tt0253474/
  5. http://www.gettyimages.co.uk/detail/news-photo/55th-cannes-film-festival-stairs-of-the-pianist-in-cannes-news-photo/113935273
  6. http://www.kinokalender.com/film3615_der-pianist.html
  7. 7,0 7,1 7,2 https://www.siamzone.com/movie/m/1213
  8. 8,0 8,1 8,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=28359.html
  9. 9,0 9,1 http://www.sinemalar.com/film/582/piyanist
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. http://stopklatka.pl/film/pianista
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 http://www.imdb.com/title/tt0253474/fullcredits
  13. http://bbfc.co.uk/releases/pianist-2003-1
  14. 14,0 14,1 14,2 14,3 https://web.archive.org/web/20190720125139/https://www.europeanfilmacademy.org/2002.100.0.html
  15. https://www.bbfc.co.uk/release/the-pianist-q29sbgvjdglvbjpwwc0zmzq1nta
  16. 16,0 16,1 Box Office Mojo — 1999.
  17. «Դաշնակահարը ֆիլմը». focusfeatures.com. Վերցված է 2012.06.19-ին.
  18. Ֆիլմը անգլիական վիքիպեդիայում
  19. «Ֆիլմի բյուջե». boxofficemojo.com. Վերցված է 2012.06.19-ին.
  20. «Ֆիլմի հասույթ». boxofficemojo.com. Վերցված է 2012.06.19-ին.
  21. «Ֆիլմի Մրցանակներ և անվանակարգեր». imdb.com. Վերցված է 2012.06.19-ին.
  22. «Ֆիլմի պրեմիերան». imdb.com. Վերցված է 2012.06.19-ին.
  23. «Ֆիլմի քննարկում». rottentomatoes.com. Վերցված է 2012.06.19-ին.
  24. «Ֆիլմի քննարկում». imdb.com. Վերցված է 2012.06.19-ին.
  25. «Ֆիլմի քննարկում». metacritic.com. Վերցված է 2012.06.19-ին.
  26. «Ռոջեր Էբերթի քննադատություն». By Roger Ebert. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012.06.19-ին.
  27. «The Pianist (Music from the Motion Picture)». William Ruhlmann. Վերցված է 2012.06.19-ին.
  28. «The Pianist (2002)». chasingthefrog.com. Վերցված է 2012.06.19-ին.
  29. «Szpilman' Warshaw: the history behind the pianist». ushmm.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012.06.19-ին.
  30. «Владислав Шпильман». М. Курганская. Վերցված է 2012.06.19-ին.
  31. «The pianist». szpilman.net. Վերցված է 2012.06.19-ին.
  32. «Exclusive: revelations from Roman Polanski's polish secret service file». worldcrunch.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012.06.19-ին.
  33. «Roman Polanski biography (1933-)». filmreference.com. Վերցված է 2012.06.19-ին.
  34. «Roman Polanski biography». biography.com. Վերցված է 2012.06.19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դաշնակահարը հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշնակահարը» հոդվածին։